> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱ

Մարտի 1-ի գործով տխրահռչակ դատախազ Կորյուն Փիլոյանը` 2011թ. դեկտեմբերի 12-ի ոչ պակաս տխրահռչակ ասուլիսում հիմնավորել էր «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի Մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելու «անհնարինությունը»: Հիշեցնենք, որ ստույգ հայտնի է, որ այդ 2008թ. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառել են չորս ոստիկաններ, ու հիմա, փաստորեն, Հատուկ քննչական ծառայությունը չի կարողանում բացահայտել, թե այդ չորսից ով կամ ովքեր են դարձել երեք անձանց սպանության հեղինակ. ամենակարեւոր հիմնավորումն այն է, որ «Չերյոմուխա-7»-ի փամփուշտը նույնականացման չի տրվում, եւ հնարավոր չէ պարզել, թե զոհերից յուրաքանչյուրին խոցած գնդակը ո՞ր հրացանից է արձակվել. «Ի՞նչ անեն, հո չորսին էլ չե՞ն դատելու: Երեք զոհերին, որոնք «Չերյոմուխաների» արդյունքում են զոհվել, չորս ոստիկաններ են կրակել, այսինքն` եթե ամեն մեկը մեկին է սպանել, գոնե մեկն անմեղ է, ավելին` կարող էր մեկը, չէ՞, երեքին կրակել, ի՞նչ անենք, դնենք` չորսը մարդու դատենք, ասենք` ոնց էլ լինի, մեղավորը դրանց մեջ կլինի՞»,- գործը բացահայտելու անհնարինությունը հիմնավորել էր Փիլոյանը:

Ուզում է ասել, որ մինչեւ հիմա բացահայտելու համար ջանք ու եռանդ չեն խնայել, բայց չեն կարողացել բացահայտել: Սա, իհարկե, կատարյալ սուտ է, եւ ահա թե ինչու: 2008 թվականի Մարտի 1-ին «Չերյոմուխա-7» կիրառած չորս ոստիկաններին դեռեւս 2009 թվականին մեղադրանք է առաջադրվել զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ: Այս հոդվածը պատիժ է նախատեսում վեցից տասը տարվա ազատազրկման չափով: Ուրեմն` որեւէ անձի մեղադրանք առաջադրելուց հետո քննիչը խափանման միջոց է ընտրում: «Չերյոմուխա-7» կիրառած չորս ոստիկանների նկատմամբ, սակայն կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց, եւ նրանք այս ընթացքում մշտապես մնացել են ազատության մեջ: Սա աբսուրդ է. Հայաստանի պատմության մեջ չեք գտնի մեկ ուրիշ դեպք, երբ սպանության գործում չորս մեղադրյալ լինի, չորսն էլ գտնվեն ազատության մեջ: Իսկ սա հենց այդ դեպքն է, առաջին դեպքը:

Դեռ ավելին. մեկուկես տարի ընդհատակում գտնվելուց հետո ես իմ ոտքով եկել մտել էի դատախազության շենք, բայց իմ նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, հիմնավորմամբ, թե ազատության մեջ մնալով` ես կխոչընդոտեմ նախաքննության ընթացքին: Ա՛յ ապուշներ, երբ ես ընդհատակում էի, իմ գործով նախաքննություն չէր ընթանում, կանգնած էր, որովհետեւ իմ բացակայությամբ այդ նախաքննությունը չէր կարող տեղի ունենալ: Ես եկա, եւ նախաքննությունը միայն դրա շնորհիվ շարունակվելու հնարավորություն ստացավ: Էդ ինչու՞ պիտի ես խոչընդոտեի միայն իմ շնորհիվ շարունակվելիք նախաքննությանը:

Հիմա, հենց կակռազ, «Չերյոմուխա-7» կիրառած չորս ոստիկանների ազատության մեջ մնալն է խոչընդոտում նախաքննությանը, որովհետեւ նրանք իրենց ու իրենց հրամանատարների հետ ամեն ինչ պայմանավորվում են` ինչ ասեն, ոնց ասեն: Ավելին, նախաքննության ընթացքում շարունակում են ծառայել Ոստիկանության զորքերում, այսպիսով լինելով հրամանի տակ: Գրազ եմ գալիս. հենց էսօր այդ ոստիկանների նկատմամբ խափանման միջոց ընտրեք կալանքը, եւ երեք-չորս ամսից կունենանք արդյունք:

Ինչպես Փիլոյանն է ասում, այդ չորսից մեկը հաստատ անմեղ է. ահա երբ չորս ամիս բանտում կնստի, կհասկանա, որ ճշմարտության բացահայտումը իր շահերից է բխում եւ կսկսի այնպիսի ցուցմունքներ տալ, որ ոչ միայն այս երեք, այլեւ մնացած սպանություններն էլ կբացահայտվեն: Փիլոյանը չգիտի՞ այս մեթոդի մասին: Իհարկե` գիտի: Բայց նաեւ գիտի, որ այդ շարքային ոստիկանները, երբ ստիպված լինեն ապացույցների ճնշման տակ ընդունել եղելությունը, խոմ մեղքը իրենց վրա չե՞ն վերցնելու: Շարքայինն ասելու է, թե իրեն ով է հրամայել դա անել, կապիտանն էլ է ասելու, մայորն էլ: Ու այսպես հասնելու ենք գեներալին: Ո՞ր գեներալին, էական չէ: Աֆյանը կլինի, Գրիգորյանը կլինի, Գասպարյանը կլինի, Մահտեսյանը կլինի: Սրանցից որեւէ մեկը անպայման տալու է Հայկ Հարությունյանի անունը, Հարությունյանն անպայման տալու է Քոչարյանի անունը: Թե Քոչարյանն ինչ անուն կտա, Աստված գիտի: Չտա էլ, ինքը բավարար է Մարտի 1-ը բացահայտելու համար:

Էս է ամբողջ պատմությունը: Եւ Փիլոյան-Միլոյանը իզուր են լոլո կարդում: Եւ չմտածեք, թե նրանք շարքային ոստիկաններին են պաշտպանում: Նրանք գեներալներին են պաշտպանում եւ գեներալների գեներալներին` նրանց թալանած միլիարդների հետ: Որովհետեւ շարքային ոստիկանը «Չերյոմուխա-7»-ով մարդ սպանել է ոչ իր հավեսի համար, այլ հրամանատարի հրամանով: Հրամանատարն էլ` իր հրամանատարի: Սա էլ` իր հրամանատարի: Սա էլ` իր հրամանատարի: Սա էլ հրաման է տվել, որ իրա բալեքը իրա թալանած միլիարդները լափել-մարսելու հնարավորություն ունենան: Լափելը լափում եք, բայց մարսելու հույսեր չունենաք հանկարծ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,


  1. MM
    Դեկտեմբեր 20th, 2011 at 13:32 | #1

    … verchapes vochbarov geraguyn hramanatari hramann e yexel…

  2. Սամվել
    Հունվար 2nd, 2012 at 03:03 | #2

    Ուղղակի ձգձգվումա,ունենալով իրա թե մինուսները,թե պլյուսները,բայց միևնույննա իրանք վարջապես մտնելու են կզարան……

  1. No trackbacks yet.