> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ

2008 թվականի իրադարձություններից հետո, որպես Շառլ Ազնավուրի երկրպագու, կարելի է ասել, մահամերձ էի: Ինձ համար անհասկանալի էր, խորապես անհասկանալի, թե ինչպես կարող է Շառլը անարձագանք թողնել Երեւանի կենտրոնում տասը քաղաքացիների սպանությունը: Չէ՞ որ նա, այնուամենայնիվ, Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Մարտին Վարդազարյանը: Ինձ համար առավել անհասկանալի էր, թե ինչպես կարող է Շառլը այդպես անթաքույց լոբբինգ անել մարդասպան ու կոռումպացված իշխանություններին: Չէ՞ որ նա Շառլ Ազնավուրն է եւ ոչ թե Արմեն Սարգսյանը:

Շառլի հեղինակությունը, խոստովանեմ, իմ աչքին սասանվել էր դեռ 2001 թվականին: Այն ժամանակ էլ նա անարձագանք թողեց Քոչարյանի ոհմակի կողմից «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությունը: Չէ՞ որ այս իրադարձությունը անմիջականորեն կապված էր իր հետ, չէ՞ որ Պողոս Պողոսյանը սպանվելուց առաջ նախ ասել էր` ողջույն, Շառլ, հետո ասել էր` ողջույն, Ռոբ: Եւ սպանվել էր` ծեծվելով, ինչպես Քոչարյանն էր բնորոշել` անզգույշ քաշքշվելով:

Նման իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը, ի դեպ, որեւէ կապ չպիտի ունենա քաղաքական հայացքների ու կողմնորոշումների հետ: Եթե որեւէ մեկը քաղաքական հայացքների պատճառով կարող է չնկատելու տալ սեփական եղբոր լկտի ու ցինիկ սպանությունը, թքել եմ ուրեմն այդ քաղաքական հայացքների վրա: Եթե Պողոս Պողոսյանի սպանությունը մեր հանրության կողմից համարժեք արձագանքի արժանանար, Մարտի 1 չէր լինի: Հայ հանրությունը, Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանին թույլ տալով մնալ նախագահի պաշտոնում, ըստ էության նրան ՀՀ քաղաքացիների սպանության արտոնագիր տվեց: Հայ հանրությունը պիտի առնվազն զգուշաբար քաշքշեր անզգույշ քաշքշողին:

Սա ասում եմ, որպեսզի գրածս չարժանանա հանրապետական տխմար մեկնաբանությանը, թե` եթե որեւէ մեկը ընդդիմադիր բան է ասում, լավն է ինձ համար, եթե իշխանամետ` վատն է: Խնդիրը տվյալ դեպքում ընդդիմության եւ իշխանության մեջ չէ: Ընդդիմադիր եւ իշխանամետ լինելը կարո՞ղ է փոխել մարդու վերաբերմունքը Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ի սպանությունների նկատմամբ: Եթե կարող է, ուրեմն ընդդիմադիր կամ իշխանամետ չէ այդ մարդը, այլ` լրիվ ուրիշ բան: Խնդիրը ճշմարտությունն է եւ ճշմարտության նկատմամբ մեզանից յուրաքանչյուրի ունեցած պարտավորությունը: Յուրաքանչյուր մարդ պարտավորություն ունի ճշմարտության առաջ. դրա համար է Աստվածաշնչում գրված` հանուն ճշմարտության պայքարիր մինչեւ վերջ, եւ Աստված կպայքարի քեզ հետ:

Վերջին երկու հայտնի հայտարարություններից հետո ես վերակենդանացել եմ որպես Շառլ Ազնավուրի երկրպագու եւ ուրախ եմ նրա համար, որովհետեւ Ճշմարտությունն ասելով` նա դարձել է Աստծո զինակից: Կապ չունի, թե նրա ասածների մեջ թեկուզ մեկ տոկոս չափազանցություն կա՞, թե` ոչ: Եթե նույնիսկ չափազանցված է, չափազանցված է ճշմարտությունը: Եւ ի վերջո, ի՞նչ է ճշմարտությունը: Ճշմարտությունն այն է, ինչ տեսնում ես եւ զգում, եւ անկեղծ ես, կատարելապես անկեղծ քո տեսածի եւ զգացածի նկատմամբ: Ճշմարտությունը տեսածդ եւ զգացածդ բարձրաձայնելն է` առանց վախենալու սխալվելու հնարավորությունից:

Ազնավուրը վերջին հայտարարություններով ընդամենը մի բան է ասում. Հայաստանը չի ընթանում ճիշտ ճանապարհով, Հայաստանը կկործանվի այս ճանապարհը շարունակելու պարագայում, Հայաստանի ժողովուրդը պաշտպանության, ինքնիշխանության, Հայրենիքի կարիք ունի: Սա ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանամետ գնահատական է: Սա ճշմարտություն է, սովորական ճշմարտություն: Եւ կեցցե՛ Շառլը, որ սարի նման կանգնում է Հայրենիքի ու Ճշմարտության մեջքին:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.