> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻՆ

ԵՍ ԿՈՂՄ ԵՄ ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻՆ

Նախ այն մասին, թե ինչ է նշանակում «լյուստրացիա», եւ ինչու են ԿԳԲ նախկին գործակալների կամ կոմունիստական տոտալիտար վերնախավի հետապնդում նախատեսող օրենքները նախկին սոցճամբարի երկրներում կոչվել «Լյուստրացիայի մասին»:

«Լյուստրացի» լատիներեն բառ է, որ նշանակում է` մաքրազերծում զոհաբերության միջոցով: Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրություններն, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել: Նրանք ելել են այն իրողությունից, որ Կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր: Այս գնահատականն, ի դեպ, չի նշանակել, թե չեխերը, լեհերը, լիտվացիները մտածել են կամ մտածում են, թե կոմունիստական իշխանությունը «ոչ մի լավ բան» չի արել, ոչ մի շենք չի կառուցել, ոչ մի գործարան չի բացել: Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ եւ անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել: Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը:

Կոմունիստական ռեժիմի հանցավորության գնահատականն, ահա, տրվում է մարդու կյանքի եւ ազատության նկատմամբ այդ երկրներում արմատավորված հարգանքի հիման վրա: Նրանք ելնում են այն իրողությունից, որ ոչ մի գործարան, ոչ մի տնտեսական աճ, ոչ մի բարեկեցություն չեն կարող մարդկային կյանքի փոխհատուցում լինել կամ արդարացնել մարդկային կյանքը խլելու կամ խաթարելու գործելակերպը:

Այս արձանագրումից հետո, ահա, առաջ է գալիս հաջորդ հարցը. ինչպես է կոմունիստական բռնապետական համակարգը գտել իր պոտենցիալ զոհերին: Չէ՞ որ իրավապահ պաշտոնական խողովակներով հնարավոր չէ վերահսկել բոլորին եւ ամեն ինչ: Մանավանդ` տեխնիկայի առումով ոչ այնքան զարգացած ժամանակաշրջանում հնարավոր չէր վերահսկել, տեղեկանալ անհատ մարդու տրամադրությունների, բառապաշարի, նույնիսկ` գինովցած վիճակում թույլ տրված ռեպլիկի մասին: Արձանագրենք. սեղանի շուրջ կամ բակում, կամ ընկերական միջավայրում անհաջող նախադասություն ձեւակերպելու հետեւանքով տասնյակ հազարավոր, միլիոնավոր մարդիկ են գուլագներում, բանտերում հայտնվել: Նրանց մի հսկայական մասը մնացել է բանտերում` անմարդկային պայմանների զոհը դառնալով կամ ուղղակի գնդակահարվելով:

Ինչպե՞ս են, ուրեմն, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ իմացել, որ, ասենք, Գդանսկի բնակիչ Յաշեկը խոսքի մեջ ասել է, որ նախորդ օրը Կառլովո էր գնացել, ու ժողովուրդը էնտեղ էլ էր սոված: Գնաց Յաշեկը` կամ աքսոր, կամ բանտ, կամ գնդակահարություն: Ահա, ուրեմն, ինչպե՞ս ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ իմացան Յաշեկի վերը բերված արտահայտության մասին: Խեղճ Յաշեկը ոչ հանրահավաք էր արել, ոչ ասուլիս: Իր ընտանիքում էր ասել, հարեւանների, բարեկամների միջավայրում: Եւ ուրեմն, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ սրա մասին կարող էին իմանալ, եթե ընտանիքի որեւէ անդամ, որեւէ հարեւան, որեւէ բարեկամ ԿԳԲ-ի ծպտված գործակալ է եւ Յաշեկի ասածի մասին զեկուցել է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ: Ծպտված գործակալի պահը շատ կարեւոր է, որովհետեւ Յաշեկը որքան էլ գյուղացի, կհասկանար, որ պետական իշխանության պաշտոնական ներկայացուցիչների մոտ նման բաներից խոսել չի կարելի: Ահա այսպես, ԿԳԲ-ական գործակալները իրենց պարտքն են համարել Յաշեկի եւ նրա նմանների ասածները հասցնել ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ եւ սրա դիմաց պարգեւատրում են ստացել: Եւ որքան շատ են տեղ հասցրել, այնքան շատ են պարգեւատրվել, որքան «կարեւոր» բան են հասցրել, այնքան շատ են ստացել: Որքան «վտանգավոր հանցագործի» են բացահայտել, այնքան առաջընթաց են ունեցել իրենց կարիերայում: Ասենք` ուսանող են եղել. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ տեղյակ են պահել եւ դարձել ասպիրանտ: Ոչ թե ստուկաչության, այլ իրենց բուն մասնագիտության գծով: Հետո էլի են դանոսներ գրել, դարձել են գիտությունների թեկնածու, հետո էլի են դանոսներ գրել, դարձել են դոկտոր, պրոֆեսոր:

Եւ ահա, որպեսզի կարիերան իրենց ցանկացածի պես առաջ շարժվի, սկսել են հորինել, մոգոնել, չափազանցել: Ուրիշների կյանքն այդպիսով խաթարել են, իրենցը` առաջ բրդել: Հետո մեկի կինը դուրներն եկել է, ամուսնու վրա հնարավորինս բոլշեւիկյան դանոս են գրել: Մարդուն տարել են, իրենք կնգան «տիրություն» են արել: Դիմացի բնակարանի վրա աչք են ունեցել, հարեւանի վրա են դանոս գրել: Հարեւանին տարել են, տունն իրենց է մնացել: Ինչ խոսք, շատ դանոսչիկներ իրենք էլ դանոսի զոհ են դարձել, բայց սրանից խնդրի էությունը չի փոխվում: Եւ ահա եկել է մի պահ, երբ կոմունիստական էլիտայի մի բավական ստվար հատվածը կազմել են դանոսչիկները, որոնք կարիերա են արել սրա-նրա վրա դանոս գրելով:

իրավիճակի փոփոխություն

Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, բնականաբար, այդ էլիտայի մի մասը շարունակել է մնալ վերնախավում: Ի վերջո, քաղաքական փոփոխությունները փոխում են քաղաքական առաջին, երեւացող դեմքերին: Երկրորդ, երրորդ էշելոնը շարունակում է մնալ գործունակ: Դերասաններ, նկարիչներ, գրողներ, գիտնականներ, դիվանագետներ, արդյունաբերողներ, քաղաքական գործիչներ. ռեժիմի փոփոխությունը` ռեժիմի փոփոխություն, բայց Լեհաստանն, օրինակ, խոմ ուրիշ տեղից գրող ու դիվանագետ չէ՞ր ներմուծելու: Նոր հասարակարգը միշտ էլ հիմնված է լինում հին հասարակարգի վրա: Բայց հենց այս կետում հարց է առաջանում. մի՞թե հնարավոր է նոր հասարակարգ կառուցել հենվելով դանոսչիկների` ուրիշի կնոջը տիրանալու համար ամուսնուն գուլագ ուղարկածների, կարիերայի համար ընկերոջը զրպարտածների, խանդից ելնելով գրչակցին կառափնարան տարածների վրա: Ցանկացած առողջ հասարակություն այս հարցին կպատասխանի միանշանակ` ոչ: Եւ «Լյուստրացիայի» գործողության իմ ընկալումը ոչ միայն դանոսչիկներին, դահիճներին բացահայտելն ու նրանց պետական, հասարակական կյանքից հեռու պահելն է, այլեւ Կոմունիստական ռեժիմի տարիներին գոնե այս իմաստով անբասիր մնացածներին մաքրելը հանցագործ համակարգի պատասխանատվության բեռից: Լյուստրացիոն գործելակերպը նաեւ արտաքին անվտանգության խնդիր է լուծում: Ի վերջո, ԿԳԲ-ի գործակալները խոցելի են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար: Փլուզման տարիներին ԿԳԲ-ի գործակալների մասին տեղեկատվությունը ցաքուցրիվ է եղել աշխարհով մեկ` ՊԱԿ-ի նախկին աշխատակիցների հետ, որոնք իրենց հետ տարել են գաղտնի ինֆորմացիա, իսկ արտերկրում հայտնվելով խոմ սոված չէին մնալու, վաճառելու էին չէ՞ այդ տեղեկատվությունը: Գոյություն չունեցող ԿԳԲ-ի անտեր մնացած գործակալներն էլ, բնականաբար, հեշտությամբ հավաքագրվելու էին նրանց կողմից. շատերը դա կգերադասեին ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին տեղեկատվության բացահայտման խայտառակությունից: Լյուստրացիայի հարցում, ի դեպ, ամենանախանձախնդիրը գտնվեցին գերմանացիները. վերամիավորված Գերմանիան չէր կարող թույլ տալ, որ Կոմունիստական Գերմանիայի քաղաքական վերնախավը, հատուկ ծառայության` «Շտազիի» գործակալները պահպանեն իրենց դիրքերը երկրի էլիտայում: «Շտազին» ոչ միայն կամ ոչ այնքան Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայություն էր, որքան Սովետական ԿԳԲ-ի մասնաճյուղ, եւ ուրեմն` պատրաստի գործակալական ցանց Ռուսաստանի համար: «Շտազիի» արխիվների բացումը բազում խայտառակ վիճակներ ստեղծեց. պարզվեց, որ բազմաթիվ ամուսիններ գրել են իրենց կանանց վրա, կանայք` ամուսինների, եղբայրը` եղբոր: Բայց սա մի ճանապարհ էր, որ Գերմանիան չէր կարող չանցնել: Լյուստրացիան, իհարկե, նախկին սոցճամբարի տարբեր երկրներում տարբեր ձեւեր, նրբություններ եւ մասշտաբներ է ունեցել: Դրա իրավական իմաստը հետեւյալն է. օրենսդրորեն արգելել տոտալիտար ռեժիմի հետ համագործակցած անձանց մուտքը պետական, քաղաքական համակարգ: Տարբեր երկրներ, սակայն, տոտալիտարիզմի հետ համագործակցության տարբեր սահմաններ են գծել: Նշենք նաեւ, որ նախկին սոցճամբարի ոչ բոլոր երկրներն են դիմել Լյուստրացիայի: Այդպիսի օրինակ է Ռումինիան, որտեղ նման օրենք մինչեւ օրս չի ընդունվել:

Հայաստան

Չնայած ներկայումս «Ժառանգություն» կուսակցությունն է համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել, լյուստրացիայի հարցը Հայաստանում նախկինում էլ ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացրել: Այն, որ այսօր Հայաստանում գործող գիտական, մտավորական, քաղաքական, պետական էլիտայի մի զգալի հատվածը ԿԳԲ-ի դանոսչիկներ են, նկատելի է նույնիսկ անզեն աչքով: Հենց թեկուզ այսօր այդքան թմբկահարվող մտավորականության անողնաշարության հարցը. ձեզ մոտ երբեք հարց չի՞ ծագել, թե այս կամ այն հայտնի անհատը, մտավորականը, արվեստագետը ինչու՞ է քարշ գալիս իշխանության ոտքերի տակ: Այո, ասում ենք ստորաքարշություն, նյութապաշտություն եւ այլն: Այս ամենը կա, բայց համոզված եմ` դեպքերի 80 տոկոսում, եթե ոչ ավելի, դեր է խաղում ԿԳԲ-ական անցյալը, որովհետեւ այդ մտավորականներից շատերը ԿԳԲ-ին դանոսներ գրելով են «մտավորական» դարձել, տասնյակ անմեղ մարդկանց գլուխ են կերել, կարիերա են արել եղկելի մեթոդներով: Եւ ավազակապետությունն այսօր նրանց օգտագործում է սեփական նպատակների համար:
Նույնը եւ այսօրվա քաղաքական էլիտայի մի զգալի մասը, որ սերում է կոմսոմոլի ԿԳԲ-ական հատվածից: Այո, ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական, մտավորական, մարզական, նույնիսկ գողական էլիտայի մի զգալի հատվածը ԿԳԲ-ի գործակալներ են, եւ ուրեմն, պատկերացրեք, թե որքան դիմադրության է արժանանալու այսպիսի ցանկացած մտադրություն, եւ որքան հիասթափություններ է առաջացնելու Լյուստրացիան Հայաստանում: Ու չնայած հասկանում եմ, թե սա ինչպիսի բարդություններ եւ ալեկոծումներ կարող է հարուցել, ինքս երկու ձեռքով կողմ եմ Լյուստրացիային` Հայաստանում, ԿԳԲ-ի դանոսչիկների եւ դահիճների մասով, քանզի համոզված եմ, որ որեւէ երկիր առաջընթացի համար նախ պետք է ճանաչի ինքն իրեն: Խնդիրն այն չէ, որ մենք պարտավոր ենք մեր պատմության աղբանոցը նետել Չարենցին սպանողներին: Խնդիրն այն է, որ այսօր էլ Հայաստանը կառավարում են Չարենցին սպանողները, եւ հենց նրանց են հեռուստացույցով ցուցադրում Չարենցին հարգանքի տուրք մատուցելիս:

Հ.Գ. Խնդրի առնչությամբ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի` «Արմենպրեսի» միջոցով տարածած մեկնաբանությունը ոչ մի կապ չուներ թեմայի հետ: Եթե Հակոբյանը մտադիր է ազգի հերոս համարել Չարենցին, Բակունցին եւ հազարավոր ուրիշ անմեղ հայաստանցիների սպանածներին, թող այդպես էլ ասի: Որոշ քաղաքական գործիչներ ծոր են տալիս` բա ինչու՞ չենք բացահայտում ՑՌՈՒ-ի կամ «Մոսադի» գործակալներին: Եթե որեւէ մեկը ՑՌՈւ-ի կամ «Մոսադի» կամ Էֆէսբեի կամ ցանկացած օտարերկրյա հատուկ ծառայության գործակալի անուն գիտի ու դրա մասին ԱԱԾ-ին տեղյակ չի պահում, ուրեմն` ինքն էլ է գործակալ: Օտարերկրյա գործակալների համար ՀՀ քրեական օրենսգրքում հոդված կա` «Հայրենիքի դավաճանություն», եւ նրանց պետք է դատել: Ինչ վերաբերում է ԿԳԲ-ի դանոսչիկներին, նրանք ֆորմալ առումով իրենց երկրի` ԽՍՀՄ հատուկ ծառայության գործակալ են եղել եւ չեն կարող մեղադրվել հայրենիքի դավաճանության համար, եւ նրանց հատուկ մոտեցում է անհրաժեշտ` որպես հանցավոր ռեժիմի սպասարկու: Ի դեպ, դեռ հարց է` Հայաստանում պահպանվե՞լ են ԿԳԲ գործակալական ցանցի արխիվները: Չի բացառվում, որ դրանք էն գլխից տարվել են Մոսկվա:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Դեկտեմբեր 16th, 2011 at 18:05 | #1

    ես հավատում էի, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհի վրա կանգնած կմնա

  2. Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ
    Դեկտեմբեր 16th, 2011 at 20:00 | #2

    Նիկոլ Փաշինեան. երկար-բարակ շարադրել էք եւ ըստ էութեան ալիքներ էք խառնում։ Դուք կամ ընդհանրապէս ընդունակ չէք հասկանալու, թէ ինչ է նշանակում lustratio, եւ կամ միտումնավոր թիւրիմացութիւն էք ստեղծում ամբաստանողի կամ մատնիչի վրայ ընթերցողի ուշադրութիւնը բեւեռելով։ Ի հարկէ, այսպիսի բացատրութեամբ դուք սիրով կը համաձայնէիք lustratio-ի մասին օրինագծի հետ։ Ես միտումնաւոր եմ գրում lustratio-ն իր բնագրով, քանի որ դուք նաեւ շփոթեցնում էք ձեր ճապաղ բացատրութիւններվ։ Եւ բոլորովին ի զուր էք խօսքը հասցրել այնպիսի զոհերի, որոնց անունները տալու համար այս պարագային պէտք է բարոյական կողմնորոշում ունենալ։ Եւ lustratio-ն երբէք չի նշանակում վհուկների որսի ելնել ու «հայրենիքի դաւաճաններ»ի բացայայտել։ Տարօրինակ է նաեւ, որ դուք lustratio-ն պատկերացնում էք նաեւ «գործակալական ցանցի արխիւներով»։ Ես առայժմ նպատակ չունեմ հրապարակելու անուն առ անուն բոլոր նրանց, ովքեր ՊԱՐՏԱՒՈՐ են ապաշխարել եւ ինքնակամ հեռանալ պետական-քաղաքական դաշտից եւ անցնել ապրուստի ուրիշ միջոցներ որոնելու՝ գործարարութեան մասնաւոր ոլորտի մէջ։ Մի խօսքով, համոզուած եմ որ պատրաստւում էք ջուր ծեծել հաւանգի մէջ։ Նոյնիսկ չի էլ հետաքրքրում, թէ ում յանձնարարութիւնն էք կատարում։

  3. yervand
    Դեկտեմբեր 16th, 2011 at 21:31 | #3

    haziv artahaytvecir ay axper ba shut dzen ahneir!

  4. Armen M.
    Դեկտեմբեր 18th, 2011 at 23:52 | #4

    Նիկոլ ջան,լրիվ համամիտ եմ քո հետ:Հարևան Վրաստանում այս թեման շոշափվեց ու միայն ռուսի վայնասունը լսեիք…….Տանձիտ չդնես ,թե ինչեր կխոսեն,մենք հո գիտենք ,ասել ռուսը, թե ում “գլխարկն է վառվում”:

  1. No trackbacks yet.