> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ-2

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ-2

2008թ. Մարտի 1-ի գործի քննչական-դատախազական ներկայացուցիչները նախորդ օրը ասուլիս արեցին ու կրկին ոչինչ չասացին այս գործի ամենակարեւոր դրվագներից մեկի մասին: Մոռացան, մոռացել են արդեն երկուսուկես, երեք տարի, մոռացել են բոլորը, ոչ ոք չի հիշում, ոչ ոք չի հիշեցնում, մինչդեռ ամեն ինչ հենց այդտեղից է սկսվել կամ գուցե թե այդտեղից պետք է սկսել գործի բացահայտումը:

2007-08 թվականների իշխանական քարոզչության առանցքային թեզերից մեկն այն էր, որ Համաժողովրդական շարժումը օտար ծագում ունի: Գունավոր հեղափոխություն, Արեւմուտքի գործակալներ, մասոններ, զրթեր, զիբիլներ. ինչ ասես չէին ասում քաղաքացիական զարթոնքի կապակցությամբ: Կոնկրետ «փաստեր» էին բերում, որը արտերկրից ֆինանսավորում է ստանում մեր երկրում ապակայունություն հրահրելու համար: Այս քարոզչությունը էական նշանակություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման համար, եւ արվում էր հենց այդ հաշվարկով, որ երբ ավազակախմբի ներկայացուցիչները 2008թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծիքներ անեն, ապօրինություններ, ծեծ-ջարդ, նույնիսկ մարդկանց սպանեն, հայ հանրության ենթագիտակցության մեջ արդարացման մի որոշակի շերտ արդեն նստած լինի, թե այդ ամենը հայրենիքի փրկության համար են անում Ռոբիկն ու Սերժիկը, հայրենիքը փրկում են արտերկրից ֆինանսավորվող եւ ուղղորդվող քաղաքական հոսանքից:

Մարտի 1-ի սպանդից հետո այս քարոզչությունը եռակի ահագնացավ, նույնիսկ քննիչներն ու դատախազներն ասուլիսներ էին անում եւ հայտարարում ինչ-որ օտարերկրյա ֆինանսավորումների, կապերի, կառավարման եւ ուղղորդման մասին:

Էս քարոզչության պայմաններում ժամանակն անցավ, Մարտի 1-ի տասնյակ գործերով «նախաքննություններ» ավարտվեցին, տասնյակ գործեր ուղարկվեցին դատարան, ընդդիմադիր տասնյակ գործիչներ դատապարտվեցին: Այդ քրեական գործերի ամենակարեւոր առանձնահատկությունն այն էր, սակայն, որ դրանցում ծպտուն անգամ, ցուցմունք անգամ, փորձագիտական եզրակացություն անգամ չկար Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմության արտասահմանյան եւ օտարերկրյա կապերի մասին: Այդ թեման ընդհանրապես չէր շոշափվել: Օտարերկրյա ծագում ունեցող մի սենթի, մի դոլարի կամ եվրոյի մասին անգամ խոսք չկար: Իմ դեմ հարուցված քրգործում նույնիսկ հոգեխանգարմունքի մասին տխմար պնդումն էին փորձել հիմնավորել, բայց օտարերկրյա կապերի ու փողերի մասին` ոչ մի բան, ոչ մի խոսք, կարծես նման թեմա չի էլ եղել:

Իմ դատավարության ժամանակ էլ այս հարցը բարձրացրել եմ, հիմա էլ բարձրացնում եմ: Ա՛յ քննիչներ, ա՛յ դատախազներ, բա ի՞նչ եղան օտար տեղերից մեզ ուղղորդելու մասին ձեր պնդումները, ինչու՞ չեք անդրադառնում այդ թեմային: Ինչու՞ այդպես մոռացության մատնեցիք թեման ու շարունակում եք մոռացության տալ:

Եթե բարձրաձայնելու պահին հիմնավոր կասկածներ եք ունեցել, ու դրանք հետագայում չեն ապացուցվել, էլի խնդիր չկա` բարձրաձայնեք ձեր կասկածները, տեսնենք էդ բաները դուրս տալու համար ինչպիսի՞ հիմքեր ունեիք: Եթե ինչ-որ հիմք ունեցել եք, չեք կարողացել ապացուցել, ասեք, խոսեք, հիմնավորեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել, ինչու՞ եք թեման մոռացության մատնել:

Գիտեմ` ինչու. որովհետեւ էն ժամանակ հանձնարարված էր դուրս տալ, դուրս էիք տալիս, ինքներդ էլ իմանալով, որ դրա համար նվազագույն հիմք անգամ չունեք: Ընդ որում, նվազագույն հիմքեր չունեք ոչ թե վատ աշխատանքի հետեւանքով, այլ չունեք, որովհետեւ բնության մեջ չեն եղել նման հիմքեր: Ամիսներով, նույնիսկ տարիներով լսել եք մեր հեռախոսները, հետեւել եք մեզ եւ մեզնից լավ եք իմացել, որ ձեր դուրս տվածը զառանցանք է, պրիմիտիվ, պատվիրված զառանցանք, բայց շարունակել եք զառանցել, որովհետեւ այդպես է պետք եղել: Ու հիմա լռում եք, թեման մոռացության եք տալիս, որովհետեւ գիտեք` ասելու բան չունեք: Բայց ով-ով, ես ինքս թույլ չեմ տա այդ թեման մոռացության մատնել: Ո՞նց, դուք իմ երկրում ինձ «քայքայիչ» անվանեք ու «օտարի կամքի սպասարկու» եւ մարսե՞ք: Իմ երեխեքի հայրենիքում: Քթներիցդ հանելու եմ հատ-հատ, ինչքան ուզում եք պաշտոնի բարձրացում ստանաք: Հռոմի պապ էլ դառնաք, պատասխան եք տալու ամեն խոսքի համար: Եւ ի դեպ, եթե օտարերկրյա գործակալ եք ման գալիս, Վիկիլիքս կարդացեք: Ու եթե անեք այն եզրակացությունները եւ գործողությունները, որ դե ֆակտո եւ դե յուրե պարտավոր եք անել, անել իրական եւ իրականում գործող շպիոնների դեմ, ես, ուրեմն, համաձայն եմ թեման փակված համարել, «միջադեպն» էլ` հարթված:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.