ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԸ
Ռուսաստանի պետական դումայի ընտրությունները, կամ ավելի ճիշտ` դրան հաջորդած իրադարձությունները գլոբալ նշանակություն ունեն եւ որոշակիորեն կազդեն աշխարհքաղաքական հետագա զարգացումների վրա: Այդ ազդեցության չափը հիմա դեռեւս դժվար է կանխատեսել, բայց ուրվագծել ազդեցության մեխանիզմը` հնարավոր է: Հարկավոր է, սակայն, նախ հասկանալ, թե դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո ինչ է փոխվել Ռուսաստանում: Իսկ փոխվել է հետեւյալը. պուտինյան վարչակարգը, որ Ռուսաստանում իշխում է շուրջ տասը տարի, մինչեւ օրս չի ունեցել լեգիտիմության խնդիր, բայց հիմա արդեն ունի:
Մինչեւ օրս Պուտինի հասցեին հնչում էին ավտորիտարիզմի, կոշտության մեղադրանքներ, բայց այդ մեղադրանքները չէին վնասում «թիրախը», քանի որ պաշտպանված էին իշխանության լեգիտիմության զրահով: Պուտինի ավտորիտարիզմը դիտվում էր ոչ թե որպես կամայականության դրսեւորում, այլի կողմից պատվիրակված լիազորություն: Ասել է, թե Ռուսաստանը իր համար այսպիսի ղեկավար է ընտրել, վստահել է այդ ղեկավարին` լինել այնպիսին, ինչպիսին նա է: Հիմա վիճակը փոխվել է. Պուտինն, իհարկե, Ռուսաստանում շարունակում է իշխանության մնալ, բայց արդեն կասկածելի ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանություն է համարվում: Նախկինում որեւէ մեկը չէր կարող կասկածել, որ Պուտինը կամ նրա կուսակցությունը հաղթել է ընտրություններում, բայց հիմա արդեն կարող է կասկածել: Հիմա, ի տարբերություն նախկինի, ՌԴ նախագահը թե՛ ռուսաստանցիներին, թե՛ միջազգային հանրությանը պետք է ապացուցի, որ օրինականորեն է պահպանում իշխանությունը: ՌԴ պետդումայի ընտրությունների այս տհաճ իրողությունը տեսականորեն կարելի է հարթել մարտին սպասվող նախագահական ընտրություններում տրիումֆ արձանագրելով: Բայց փորձագետների դիտարկումը, թե Պուտինի բարոյական հեղինակությունը կոտրված է, մեծ հաշվով համապատասխանում է իրականությանը:
Է՛, հետո ի՞նչ
Հիմա արդեն ոչ լեգիտիմության ստվերը ամենուրեք հետեւելու է Վլադիմիր Պուտինին, եթե, իհարկե, նախագահական առաջիկա ընտրությունները չպսակվեն նրա անառարկելի հաղթանակով: Այսօրվա իրավիճակի պահպանման դեպքում միջազգային բոլոր գործընկերները Պուտինի առաջ դնելու են ՌԴ-ում ժողովրդավարության, խոսքի ազատության պակասի, քաղաքական հակառակորդներին հետապնդելու հարցերը` հիմա արդեն ընտրությունների արդյունքները կեղծելու համատեքստում: Սա շատ կարեւոր նրբություն է. ուրիշ բան, որ ժողովրդավարության պակասի համար մեղադրում ես ժողովրդի կողմից ընտրված ղեկավարին, ուրիշ բան` ժողովրդի կողմից չընտրված ղեկավարին:
Ժողովրդի կողմից ընտրված ղեկավարը ձեր մեղադրանքին ի պատասխան կասի, որ ժողովրդավարությունը ժողովրդի կամքն է, իսկ ինձ նախագահ է դարձրել այդ կամքը, ուրեմն` թքած ունեմ ձեր մեղադրանքների վրա: Իսկ երկրորդ տարբերակում նման բան ասել հնարավոր չէ: Եւ ուրեմն, ուր գնա Պուտինը` բոլորը նրան նույն հարցն են տալու, հիշեցնելու են մոսկովյան իրադարձությունները` 2011թ. դեկտեմբերի, ընտրությունների արդյունքների կասկածելիությունը եւ այլն, եւ այսպես շարունակ: Միջազգային լրատվամիջոցները անընդհատ ծամելու են այս թեման: Բնականաբար, Ռուսաստանի իշխանությունները ջանքեր են գործադրելու այս ալիքի առաջն առնելու համար: Իսկ սա նշանակում է` բանակցել, համաձայնությունների գալ, զիջումների գնալ: Թե այս առեւտուրը ինչ հետեւանքների կբերի, իսկապես դժվար է ասել: Փաստն այն է, որ ՌԴ գլոբալ օրակարգում հայտնվել է մի հարց, որ նախկինում չկար` իշխանության լեգիտիմության հարցը: Ու այս հարցի սպասարկումը նոր ջանքեր, նոր էներգիա, նոր ֆինանսական միջոցներ է կորզելու, որոնք նախկինում ծախսվում էին այլ հարցերի վրա: Այսինքն, այլ հարցերում Ռուսաստանի դիրքերը որոշակիորեն թուլանալու են: Կոնկրետ որքան, այս պահին գնահատելի չէ:
Հայաստան
Նկարագրված պրոցեսը ազդեցություն է ունենալու նաեւ Հայաստանում: Առաջիկա ամիսներին Ռուսաստանը ի վիճակի չի լինելու Հայաստանի ներքին հարցերի վրա կենտրոնացնել այնքան ուշադրություն, որքան սովոր է: Խորհրդարանական ընտրություններից առաջ, առաջիկա շրջանում կանխատեսելի է, այսպես կոչված, ռուսամետ ուժերի որոշակի թուլացում, թեկուզ` հոգեբանական: «Բարգավաճ Հայաստանն», օրինակ, եթե ներկոալիցիոն ռազբորկաներում աջակցություն էր ակնկալում Ռուսաստանից, կարող է եւ չստանալ, կամ` չստանալ նախատեսվածի չափ: Նույնը եւ` ռուսական կապեր ունեցող մյուս ուժերը: Փոխարենը, ամերիկյան եւ եվրոպական ջանքերը ընթացիկ շրջանում կարող են ավելի արդյունավետ լինել: Խոսքը վերաբերում է հատկապես ներքաղաքական հարցերին:
Իմիջիայլոց
Մոսկվայում տեղի ունեցող գործընթացները մի շատ կարեւոր հետեւության են հանգեցնում: Նույնիսկ ամենաուժեղ, ամենաինքնավստահ, ամենախելոք, ամենահարուստ քաղաքական եւ պետական գործիչները, իշխանությունները պետք է լսեն իրենց ուղղված քննադատությունը, փորձեն ընկալել դրանում առկա ռացիոնալը: Եթե անգամ համոզված են, որ այդ քննադատությունը հնչեցնողները չար են, թշնամի են, ապուշ են, տխմար են, դավաճան են, քայքայիչ են. նույնիսկ եթե այդպես է, քննադատության մեջ ինչ-որ ռացիոնալ բան անպայման կա, եւ դա պետք է նկատել: Եթե Վլադիմիր Պուտինը այս ընթացքում իր հասցեին հնչած քննադատությունը, թեկուզ մասամբ, շան տեղ դներ, գուցե թե Ռուսաստանի այս դեկտեմբերը ուրիշ տեսք կունենար:
Նիկոլ Փաշինյան













