> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Սամվել Նիկոյանի ԱԺ նախագահի պաշտոնում հայտնվելու թեման, անկեղծ ասած, սպառված էի համարում` մինչեւ երեկ կեսօր: Կեսօրին, սակայն, աչքովս ընկավ Նիկոյանի կենսագրությունը, որ նրա ԱԺ նախագահ դառնալու օրը պաշտոնապես լրատվամիջոցներին է ուղարկել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը:

Առաջին հայացքից սովորական կենսագրություն է` ծնվել է այսինչ թվականին, այսինչ տեղը, սովորել է այնինչ տեղը եւ այլն, եւ այսպես շարունակ: Աշխատել է այսինչ վայրերում` որպես եսիմինչ, եսիմինչ, եսիմինչ, ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետո` փոխնախագահ, հետո` նախագահ: Ծնված օրից մինչեւ օրս, կարճ ասած: Բայց որքան էլ զավեշտական թվա, Նիկոյանի կենսագրության մեջ որեւէ բան ասված չէ այն մասին, որ նա 2008 թվականին ղեկավարել է Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովը: Այս փաստը ավելի քան ուշագրավ է: Ախր եթե Նիկոյանի կենսագրության այդ էջը չլիներ, նա երբեք ԱԺ նախագահ, նույնիսկ փոխնախագահ չէր դառնա: Դա երեւում է հենց պաշտոնապես հրապարակված կենսագրությունից. մինչեւ 2008 թվականը Նիկոյանը մշտապես եղել է երկրորդական դեմքի կարգավիճակում` արտադրամասի պետ, գլխավոր ինժեների տեղակալ, փոխտնօրեն: Մարդ, որ միշտ շվաքում է եղել, միշտ ստվերում: 1998-2001 թվականներին, ըստ պաշտոնական կենսագրության, եղել է «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն: Այդ տարիներին «Հայմամուլը» թերթերի հիմնական իրացնող կազմակերպությունն էր, գրեթե մոնոպոլիստ, ու ես ինքս` թերթի գլխավոր խմբագիր լինելով, պատկերացրեք, գաղափար անգամ չեմ ունեցել, որ «Հայմամուլը» մի այսպիսի փոխտնօրեն ունի, երբեք ոչ տեսել եմ նրան, ոչ լսել նրա մասին, չնայած` եթե ոչ ամեն օր, շաբաթը երեք-չորս անգամ առնչություն եմ ունեցել «Հայմամուլի» հետ:

2003 թվականին, ուրեմն, Նիկոյանը, Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ, հայտնվում է ՀՀԿ համամասնական ցուցակում եւ, ով զարմանք, զբաղեցնում այդ ցուցակի 8-րդ տեղը:

Ընթերցողը կասի` հենա, լավ էլ բարձր տեղ է ունեցել: Բայց մի շտապեք. 2003-ին, այո, նա ընտրվում է ԱԺ պատգամավոր` ՀՀԿ համամասնական ցուցակով: Բայց արդեն 2007 թվականի ՀՀԿ համամասնական ցուցակում նա 8-րդ տեղում չէ, նույնիսկ առաջին տասնյակում չէ, նույնիսկ երկրորդ տասնյակում չէ, այլ ոչ ավել, ոչ պակաս` զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը:
Դրանից հետո գալիս է 2008 թվականը, Մարտի 1-ը, հետո ստեղծվում է Նիկոյանական հանձնաժողովը, եւ առը հա` Նիկոյանս դառնում է ԱԺ փոխնախագահ, ապա եւ` նախագահ: Նիկոյանի կյանքի եւ կենսագրության տրամաբանությունն է փոխվում այդ տխրահռչակ հանձնաժողովի գործունեության արդյունքում, եւ ահա այս մարդը այդ հանձնաժողովի մասին ոչինչ չի նշում իր պաշտոնական կենսագրության մեջ:

Սա ի՞նչ է նշանակում. առնվազն երկու բան: Նախ` Նիկոյանը գիտակցում է, որ այդ բարձունքներին հասել է Մարտի 1-ի հանձնաժողովի գործունեության հետեւանքով, բայց եւ ուզում է այդ փաստը շրջանցել, չի ուզում, որ պատմության մեջ, այսօրվա իրականության մեջ այդ ընկալումը լինի, չի ուզում հերթական անգամ արձանագրել, որ ինչպես իրա շեֆը, այնպես էլ ինքը` պաշտոնի է տիրացել ՀՀ տասը անմեղ քաղաքացիների արյան գնով: Չշփոթեք` ոչ թե ամաչում է այդ փաստից (եթե ամաչեր, չէր անի այն, ինչից ամաչում է), այլ ուզում է ցրել, մոռացության մատնել այդ փաստը: Բայց որպեսզի 2008 թվականի նման նշանակալի, աղմկահարույց ու պատմական տարին իր կենսագրության մեջ դատարկ չմնա, Նիկոյանի պաշտոնական կենսագրության մեջ, այնուամենայնիվ, համապատասխան հիշատակում կա. ըստ այդմ, ուրեմն, 2008 թվականին Սամվել Նիկոյանը դարձել է Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության նախագահ: Ափսոս, նշված չէ, թե նա 2008-ի ո՞ր հատվածում է նման կարգավիճակ ստացել, որովհետեւ չի կարելի բացառել, որ սա Նիկոյանին արված առաջին վճարումն է Մարտի 1-ի հանձնաժողովում ծավալած գործունեության համար: Բայց պաշտոնական կենսագրության մեջ Միջխորհրդարանական միության հիշատակումը այլ նպատակ է հետապնդում` թաքցնելու, ծածկելու ենթակա փաստի` Մարտի 1-ի հանձնաժողովի քողարկումը:
Բայց սա ամբողջը չէ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի կենսագրության մասով: Ուրեմն, նրա պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ 1987 թվականին ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Տարեթվին ուշադրություն դարձրեք, տարեթվի՛ն. մարդը Ղարաբաղյան շարժման նախաշեմին, գլասնոստի, պերեստրոյկայի պիկին ավարտել է Կոմունիստական պարտշկոլան, այսինքն` եղել է Կոմունիստական կուսակցության անդամ: Բայց` այդ նույն պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ այդ նույն Սամվել Նիկոյանը եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ, որը գաղտնի գործել է Սովետական Հայաստանում: Բայց գրված չի, թե երբ: Այսինքն, այն տարիներին, երբ ըստ էության Ազգային միացյալ կուսակցությունը կարող էր բացեիբաց, առնվազն կիսալեգալ գործել, մարդը մարքսիզմ-լենինիզմի դպրոց է ընդունվել եւ ավարտել, ու հիմա պաշտոնական կենսագրության մեջ գրում է, որ եղել է ԱՄԿ անդամ: Եւ ի դեպ, Նիկոյանի կենսագրության մեջ չկա մի փաստ, որը կվկայեր, որ նա ԽՍՀՄ-ում դիսիդենտական գործունեություն է ծավալել կամ կապ է ունեցել այդ գործի հետ: Հիմա հասկացա՞ք, թե ով է ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հայրենական Մեծ պատերազմի հերոս

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Նոնա
    Դեկտեմբեր 9th, 2011 at 15:17 | #1

    Երևի ԱՄԿ կուսակցությունում ԿԳԲ ագենտ է եղել: Հայրիկյանին պետք է հարցնել:

  1. No trackbacks yet.