> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀՆԱՐԱՎՈՐԻ ԵՎ ԱՆՀՆԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀՆԱՐԱՎՈՐԻ ԵՎ ԱՆՀՆԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Եթե մտածենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չի հասկանում, թե ինչ է ասում եւ ինչ է անում` ակամա վիրավորած կլինենք, չէ՞, ե՛ւ նրան, ե՛ւ նրան նշանակողներին: Ուրեմն, պետք է ելնենք այն իրողությունից, որ լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում եւ ինչ է անում: Առաջնորդվենք ըստ այդմ, ուրեմն, եւ տեսնենք` ինչ կստացվի: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ահա, օրերս «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում առաջիկա ընտրությունները պետք է լինեն հնարավորինս արդար ու հնարավորինս թափանցիկ:

Եթե պնդեմ, որ ԱՄՆ-ն այսպիսով կեղծիքների քարտ-բլանշ է տալիս իշխանություններին, կզարմանա՞ք: Մի զարմացեք, որովհետեւ վերոհիշյալ միտքը հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի մենթալիտետի մասին սերժանտական փիլիսոփայության կրողը լինելու պայմաններում միայն: Սերժ Սարգսյանը դեռ 2003 թվականից թելում է այն թելը, որ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում օրինական ընտրություններ անցկացնելու համար, բայց դե՛ մեր ժողովրդի մենթալիտետն այն չէ, մեր ժողովրդի մենթալիտետը վատն է, մեր ժողովուրդը չի սիրում օրինականություն եւ ամեն անգամ ընտրությունների ժամանակ ինքնաբուխ կեղծիքների եւ ապօրինության է դիմում: Եւ ուրեմն, ըստ սերժանտական փիլիսոփայության, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանում ի սկզբանե բացառված է: Հայաստանում ընտրությունները կարող են ազատ եւ թափանցիկ լինել այնքանով, որքանով հնարավոր է մեր «ազգային մենթալիտետի» պայմաններում:

Եւ եթե այս տեսակետից ենք դիտարկում Հայաստանի վիճակը, հասկանում ենք, որ մեր երկրում տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ հնարավորինս արդար են եղել եւ հնարավորինս թափանցիկ: Այսինքն, արդար եւ թափանցիկ են եղել այնքան, որքան հնարավոր է եղել «անցումային փուլում», «մեր մենթալիտետի» պայմաններում:

2008 թվականի նախագահական ընտրություններն, օրինակ, արդար էին այնքան, որքան հնարավոր էր, ազատ էին այնքան, որքան հնարավոր էր: Հնարավորինս: Էդ պահին դա էր հնարավորը: Եթե հնարավոր լիներ ավելի արդար եւ ավելի թափանցիկ ընտրություններ անցկացնել, ընչի՞, որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայրենի իշխանությունները կօգտվեին այդ հնարավորությունից: Ինչ է, Սերժ Սարգսյանը չէր ուզի՞ նախագահ կարգվել ավելի ազատ, ավելի արդար, ավելի թափանցիկ ընտրություններով: Իհարկե` կուզեր, բայց այդ պահին նախագահ կարող էր կարգվել միայն այդպիսի ընտրություններով, ուրեմն` տեղի ունեցան հնարավորինս ազատ, հնարավորինս թափանցիկ ընտրություններ: Ավելին ուղղակի հնարավորինս չէր, որովհետեւ նախագահ չէր դառնա նա, ում ուզում էին նախագահի պաշտոնում տեսնել ոմանք:

Նույնը 2007 թվականի խորհրդարանականը, 2003 թվականի նախագահականը: Մնացած բոլոր կեղծված ընտրությունները հենց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի ասածի շրջանակներում են եղել, այսինքն` հնարավորինս են արդար եղել եւ թափանցիկ, այնքան` որքան հնարավոր է եղել: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, պարոն դեսպան, մի անհանգստացեք, ես երաշխավորում եմ, որ այն հնարավորինս ազատ կլինի եւ հնարավորինս թափանցիկ: 2008 թվականին այդ արդարությունն ու թափանցիկությունը հնարավոր եղավ ապահովել միայն 10 մարդու կյանքի գնով, եւ դուք ընդունեցիք այդ ընտրությունների արդյունքները` դրանք որակելով միջազգային չափանիշներին հնարավորինս համապատասխանող (եթե ավելին հնարավոր լիներ, միջազգային հանրությունը խոմ չէ՞ր ընդունի այդ ընտրությունների արդյունքները), 2012 թվականի ընտրություններին կերեւա` քանի մարդու կյանքի գնով հնարավոր կլինի ապահովել ընտրությունների թափանցիկությունը:

Բայց մենք ու դուք խոմ գիտենք, որ ձեզ ու ձեր գործընկերներին (ռուսաստանցի, ֆրանսիացի, բրիտանացի) մարդկային կյանքերը չէ, որ հետաքրքրում են: Ձեզ եւ ձեր գործընկերներին հետաքրքրում է, թե այդ ընտրությունների արդյունքում ձեզ հետ համագործակցող քանի՞ շպիոն կհայտնվի Հայաստանի Ազգային ժողովում: Ու ես հիմա այսպես եմ կարդում ձեր արտասանած նախադասությունը. այ, եթե մեր շպիոններից հնարավորինս շատ ընդգրկվեն ապագա խորհրդարանի կազմում, մենք էլ հնարավորինս լավ գնահատական կտանք այդ ընտրություններին: Բայց եթե կարաք, տղերք, հնարավորինս քիչ մարդ սպանեք, որովհետեւ մեր տված գնահատականը, ֆսյո ժե, պետք է հնարավորինս մոտ լինի մեր հռչակած, աղաղակած, աշխարհով մեկ արած արժեքներին եւ իդեալներին:

Չգիտեմ` որ մի մտքի տիտանն է ասել, թե քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Ու էդ հնարավորի ձեռքն է, որ քաքն ենք ընկել` բառիս ամենալայն իմաստով: Բոլորը, բոլորը, բոլորը ընկել են հնարավորի ետեւից: Իսկ Հայաստանը երկիր կդառնա միայն մի դեպքում, երբ անհնարն անելու ընդունակ 500 տղա (աղջիկ) լինի Հայաստանում: «Դե չկա, արա, չկա` խոմ զոռով չի»,- ասում է Մենթալիտետը: Արդյունքում ունենք եւ կունենանք հնարավորինս տավար երկիր: Եթե հնարավորի եւ անհնարի այս թնջուկը չլուծենք երկրորդի օգտին:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Վարդգես Գասպարի
    Դեկտեմբեր 8th, 2011 at 00:34 | #1

    Գուցե ժամանակն է, որ այլեւս մեզանից բացի ոչ մեկից ոչինչ չակնկալեք:Սա մենք ենք, էս էլ մեր երկիրը` կախված եւ Արեւմուտքից, եւ Ռուսաստանից. ումից ինչ ենք սպասում? Ճիշտ չեմ ասում? Թող մենք լինեինք գերտերություն` մեր էմիսարներին ուղարկեինք ԱՄՆ, Եվրոպա, իրենց սովորեցնեինք, որ ոնց երկիր կառավարեն, ոնց տնտեսության զարգացնեն, ոնց ժողովրդավարություն կառուցեն եւ այլն:
    Եթե էդ 500-ը մեր մեջ գտնեինք /ես կասեի` նույնիսկ 100-ն է բավարար/, եւ փաստացի իրավիճակ փոխեինք, արդեն մեզ էդքան չէր հետաքրքրի, որ ով ինչ շահ է հետապնդում…

  2. Փարեն Տէր-Խաչատուրեան
    Դեկտեմբեր 8th, 2011 at 04:39 | #2

    Լաւ, շատ լաւ յօդուած է: Սակայն սերժանտացման հետ նաև դոդացման մասին ալ գրէք աւելի լաւ կ՛ըլլայ: Յարգանքներով,

  3. ԴԱՎԻԹ
    Դեկտեմբեր 8th, 2011 at 20:22 | #3

    Nikol,Արդյոք նորից ինքներդ ձեզ ու նաև մեզ բոլորիս չեք խաբում, երբ երաշխավորում եք առաջիկա ընտրությունների արդարությունն ու թափանցիկությունը.Երաշխավորելուց առաջ մտածեք, թե ընտրությունից հետո ինչ պատասխան եք տալու ժողովրդին, թե ինչու չապահովեցիք արդար ընտրություն.

  1. No trackbacks yet.