ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
11 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված ավազակախումբը մուտք գործեց ՀՀ Ազգային ժողով, եւ գնդակահարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական առաջնորդներին`ի դեմս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, եւ վարչապետ Վազգեն Սարգսյանի: Այդ օրվա ոճիրի հետեւանքով զոհվեցին նաեւ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը:
Մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի ավազակախումբը, որ ընդամենը հանցագործության կատարողն էր, գնդակահարեց Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանությունը եւ պատանդ վերցրեց ժողովրդի իշխանության խորհրդանիշ Ազգային ժողովը: Հունանյանական ավազակախումբը իրագործելով ոճիրը` դրանից հետո ըստ էության ինքնակամ հեռացավ դեպի քննչական մեկուսարան:
Հանցագործության կազմակերպիչները, սակայն, ովքեր չբացահայտված են համարվում, մինչեւ օրս էլ պատանդ են պահում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նախագահի նստավայրը, կառավարությունը, պետական կառույցներն ու Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
Այդ նրանք` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը օրենսդիր մարմնից վերափոխել են տգետ-օլիգարխներով լեցուն ախոռների:
Այդ նրանք` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դարձրել են անողնաշար հացկատակների հավաքատեղի:
Այդ նրանք` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են, որ Հայաստանի պետականության կարեւորագույն սիմվոլը` ՀՀ նախագահի նստավայրը դարձրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն եւ հպարտությունը վաճառքի հանած սուպերմարկետի:
Այդ նրանք` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են, որ 2008 թվականի Մարտի 1-ին Երեւան մայրաքաղաքի հենց սրտում գնդակահարեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Այդ նրանք` հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են, որ ամեն օր հեռուստացույցի էկրաններից Նաիրի Հունանյանի պես ներս են խուժում մեր տները, եւ գնդակահարում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը, Հայաստանի քաղաքացիների հույսերը, Հայաստանի Հանրապետության ապագան:
Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդն ու ապագան այսօր էլ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների կողմից պատանդ են վերցված: Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները իրար կոկորդ են կրծում` Հայաստանի Հանրապետության ժողովրդին ստրկացնելու առաջնային իրավունքին տիրանալու համար:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:
Մենք պետք է հասկանանք, մենք պետք է գիտակցենք. Հանուն ժողովրդավարության, հանուն Սահմանադրության, հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի պայքարելով մենք պայքարում ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ, որովհետեւ այդ նրանք, հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներն են Հայաստանը զրկել Ազատ եւ Երջանին Հայրենիք դառնալու հեռանկարից:
Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը օկուպացված է հունանյանական հանցախմբի կողմից եւ մենք պետք է ազատագրենք մեր հայրենիքը սանտիմետր առ սանդիմետր, տուն առ տուն, քաղաք առ քաղաքաք, գյուղ առ գյուղ:
Սա ազատամարտ է, նույնպիսի ազատամարտ, ինչպիսին Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Վազգեն Սարգսյանն էր վարում 90-ականների առաջին կեսին: Սա ազատամարտ է, նույնպիսի ազատամարտ` ինչպիսին վարում էին Սասուն Միքայելյանը, Սմբատ Այվազյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Աշոտ Զաքարյանը: Ոչ մի առեղծված չկա այն բանում, որ այդ մարդիկ, հայոց ազատամարտի այդ հերոսները այսօր այս հարթակում են: Նրանք այստեղ են, որովհետեւ այսօր, այստեղ, հիմա ընթանում է ոչ պակաս կարեւոր ազատամարտ, եւ նրանց այստեղ լինելը անառարկելի ապացույց է, որ այսօր, այստեղ, հիմա ընթանում է ոչ պակաս կարեւոր, ոչ պակաս դաժան ազատամարտ:
Այն ազատամարտը, 1988 թվականի ազատամարտը մեկնարկեց փետրվարին` Երեւանի Ազատության հրապարակում, եւ ավարտվեց հայ ժողովրդի ազատագրմամբ: Այս ազատամարտը նույնպես մեկնարկել է փետրվարին Երեւանի Ազատության հրապարակում եւ ավարտվելու է Հայաստանի ժողովրդի Ազատագրմամբ: Այսօր, այստեղ դուք կանգնած եք որպես ՀՀ Սահմանադրության, դրոշի եւ պետականության ազատամարտիկներ:
500 մահապարտները բեկեցին Ղարաբաղյան հուսահատ պատերազմի ընթացքը: 500 ազատապարտները բեկելու, կոտրելու, ցաքուցրիվ են անելու հուսահատության, վհատության, տխրության ցանկացած դրսեւորում:
Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են Հայաստանի Հանրապետության ժողովրդի դատաստանի առաջ, այնպես ինչպես իրենց ժողովրդի դատաստանի առաջ կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին, Քաթաֆին: Ով ականջ ունի լսելու, թող լսի: Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են Հայաստանի Հանրապետության ժողովրդի դատաստանի առաջ, այնպես ինչպես իրենց ժողովրդի դատաստանի առաջ կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին, Քաթաֆին:
Մեր Շարժումը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է:
Եւ ուրեմն`
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում
28.10.2011թ.














apres NIKOL JAN