> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՍ ՔԵԶ ԹՈՒԼ ՉԵՄ ՏԱ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ

ԵՍ ՔԵԶ ԹՈՒԼ ՉԵՄ ՏԱ ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Հայկի հարցերին:

Հայկի հարցը - Հարգելի Նիկոլ, հարցս հետեւյալն է. եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում լինեն քիչ մարդիկ, արդյոք Կոնգրեսը կտրուկ քայլերի կդիմի, թե կմարի էս մի քանի տարվա պայքարը: Խնդրում եմ անպայման պատասխանես, այլապես կհամարեմ, որ ամեն ինչ սուտ է ու Կոնգրեսը գնացել է պայմանավորվածությունների Սերժի հետ:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ. հոկտեմբերի 28-ի հանրահավաքին քիչ մարդ չի լինի: Մեր հանրահավաքներին մշտապես շատ մարդ է մասնակցում: Մենք վաղուց շատ մարդու ներկայության խնդիր չունենք, մենք ունենք քաղաքացիական վճռորոշ ներկայության խնդիր: Եւ եթե քիչ մարդ ասելով նկատի ունեք քաղաքացիական վճռորոշ ներկայություն, դա ուրիշ խոսակցություն է:

Այս տրամաբանությամբ ուրեմն, հարցը պետք է ձեւակերպել այսպես. ի՞նչ է պատրաստվում անել Հայ ազգային կոնգրեսը, եթե հոկտեմբերի 28-ի հանրահավաքում քաղաքացիական վճռորոշ ներկայություն չապահովվի: Իմ պատասխանը հետեւյալն է. պատրաստվում է հավելյալ միջոցներ ձեռնարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում Ազատության հրապարակում ՀՀ քաղաքացիների վճռորոշ ներկայություն ապահովելու եւ կտրուկ քայլերով իշխանափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Սիրելի Հայկ. իմ ուշադրությունը գրավեց, որ շեշտում եք «կտրուկ քայլեր» արտահայտությունը, ոչ մի անգամ չհիշատակելով հաղթանակի, իշխանափոխության, կամ Սերժ Սարգսյանի հեռացման մասին: Այս մտայնությունը, գիտե՞ք, զարմանալիորեն կրկնում են այլոք եւս: Կտրուկ քայլը մեզ համար ի՞նչ է, ինքնին նպատա՞կ: Մի՞թե կտրուկ քայլեր եք ակնկալում պարտության համար: Համոզված եմ, որ ոչ: Կտրուկ քայլը մեզ համար, ՀՀ քաղաքացու համար` հաղթանակի, միայն հաղթանակի հասնելու միջոց է եւ ոչ երբեք պարտության: Ովքեր մեզ մղում են քաղաքացիական ուժով չապահովագրված կտրուկ քայլերի`մեզ մղում են պարտության:

Ես քավ լիցի, չեմ վախենում իմ պարտությունից: Բայց չեմ կարող թույլ տալ ձեր պարտությունը: Կտրուկ քայլերի գնալու մեր ունակությունը ձեր ու մնացածի աչքի առաջ է եղել, եւ այսօր էլ ձեր ու մնացածի աչքի առաջ է: Բայց մենք ակրոբատ չենք, որ կտրուկ քայլեր անենք` ընդամենը ատրակցիոն ցույց տալու համար: Մեր կտրուկ քայլերը պետք է բերեն հաղթանակի, կոնկրետ եւ վերջնական հաղթանակի: Մեր կտրուկ քայլերի թիկունքում քաղաքացիական անկասելի ուժ պիտի լինի` կենտրոնացած Ազատության հրապարակում: Եւ ուրեմն, առաջիկա մեր անելիքը Ազատության հրապարակում քաղաքացիական վճռորոշ ուժ կենտրոնացնելուն ուղղված երեւակայելի եւ աներեւակայելի քայլերի գնալն է: Եթե դա եք անվանում կտրուկ քայլեր, այո` մենք գնալու ենք դրան:

Բայցեւայնպես, սիրելի Հայկ, ինձ համար անհասկանալի են Շարժումը մարելու մասին խոսակցությունները: Նման բաներից խոսող ոմանք իրենք իրենց օրինակն են բերում, թե հուսավառված էինք, հուսահատ ենք հիմա: Ես այդ մարդկանց ասում եմ` 2006-ին էլ էիք հուսահատված, էդ ո՞նց հուսավառվեցիք: Դուք հույս տվեցիք. պատասխանում են նրանք: Էլի հույս կտանք, էլի դուխ կտանք, էլի հավատ կտանք, կտանք նաեւ այն, որ մինչեւ օրս չենք կարողացել տալ` վերջնական հաղթանակ:

Ինչպես ենք դա անելու: Ես ձեզ թույլ չեմ տալու հուսահատվել, Հայկ: Որեւէ մեկին թույլ չեմ տալու հուսահատվել: Եթե կասկած է մտել մեջդ, ախպերս, կասկածիր: Ես կգտնեմ քեզ եւ ուղիղ կնայեմ քո աչքերի մեջ եւ քո կասկածից ոչինչ չի մնա: Որովհետեւ քո աչքերի մեջ ուղիղ նայելու հնարավորությունը ինձ համար ավելին է, քան Սերժիկն իր երեւակայելի ու աներեւակայելի բարիքներով:

Երեւանի փողոցները կչափչփեմ «Սերժիկ հեռացիր» վանկարկումով: Եթե սա քեզ քիչ թվա, էլի կդառնամ քաղբանտարկյալ: Եթե սա էլ քիչ թվա, կյանքս կդնեմ, որ ապագայի նկատմամբ քո հավատը չսասանվի, որովհետեւ գիտեմ` հաղթանակը հավատի մեջ է: Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, եւ Սերժիկին ասես հեռացիր, նա կհեռանա, անմիջապես կհեռանա: Մենք գնալու ենք, անպայմանորեն գնալու ենք կտրուկ քայլերի, սիրելի Հայկ, որովհետեւ ես ուզում եմ, որ դու հավատաս: Ոչ թե ինձ, ոչ թե ուրիշ որեւէ մեկի, այլ ինքդ քեզ, ինքդ քեզ, քո ու քո երեխաների ապագային: Այդ ապագան սակարկման ենթակա չէ, եւ ով կծախվի Սերժիկին, նա կծախի Հայաստանի ապագան, եւ ուրեմն պատասխան կտա Հայաստանի ապագայի մարտիկների առաջ: Ես Հայաստանի ապագայի մարտիկ եմ, սիրելի Հայկ:

Հայաստանի ապագան, իմ երեխաների ապագան է: Իմ երեխաների ապագան վեր է ամեն ինչից եւ ես կկտրեմ ցանկացած ձեռք, որ կփորձի այն սակարկության դնել: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հայկ:

Ես համարում եմ, որ պայմանավորվածության գնացի, պայմանավորվածության գնացի քեզ հետ: Եւ մեր պայմանը բեկանման ենթակա չէ: Հոկտեմբերի 28-ին, Ազատության հրապարակում մոտեցիր ինձ Հայկ: Ես ուզում եմ սեղմել քո ձեռքը եւ նայել քո աչքերի մեջ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Հոկտեմբեր 25th, 2011 at 11:54 | #1

    Sireli Nikol! Du HRASHQ es! Astco koxmic uxarkvac! HIMA ev AYSTEX! QEZ HET- tekuz YERKRI HAKARAK KOXM@!!!!!!!!!

  1. No trackbacks yet.