> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՂԱԺԱՄ

ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՎԱՂԱԺԱՄ

Երեկ երեկոյան որոշում կայացրեցինք վաղաժամ դադարեցնել հօգուտ «Հայկական Ժամանակի» իրականացվող հանգանակությունը` պատճառը «տեխնիկական» է. անհրաժեշտ գումարը` 6 միլիոն 234 հազար դրամը (դատարանի սահմանած տուգանքը եւ հարկադիր կատարման ծախսեր) եւ դեռ մի բան էլ ավելի, հանգանակվել է: Ավելի կոնկրետ` հանգանակվել է 7 միլիոն 21 հազար դրամ` պլյուս-մինուս ինչ-որ բան: Հիմա օլիգարխները պիտի դիմում գրեն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, որ ընթերցողներից հանգանակված գումարը բռնագանձվի եւ հանձնվի իրենց:

Նրանցից ոմանք ժամանակին մամուլում բողոքել են, թե բազմազավակ լինելու պատճառով չեն կարողանում ծայրը-ծայրին հասցնել: Ահա եւ ընթերցողների հանգանակած գումարը հացի փող կլինի նրանց համար, եւ այդ գումարով կարող են կերակրել իրենց զավակներին: Մենք դեմ չենք օլիգարխներին կերակրելուն, որովհետեւ նրանք պետք է կերած եւ առողջ լինեն ժողովրդի դատի ժամանակ ամբաստանյալի դերը լիարժեք կատարելու համար: Թե չէ` նայեք Մուբարաքին. Եգիպտոսի ժողովուրդը հոգ չտարավ, որ նա դատի ժամանակ գոնե ոտքի վրա կանգնելու հնարավորություն ունենա: Մեր վեցուչգիտեմքանի միլիոն դրամը նպատակային ներդրում է` եւ պետք է ծառայի ամբաստանյալներիի ապրանքային տեսքի պահպանմանը:

Եւ շատ սիմվոլիկ է, որ «Հայկական ժամանակի» դեմ դատ բացելով տանում են ՀՀ քաղաքացիների, ընթերցողների գումարները, մի բան, որ օլիգարխիայի համար սովորական զբաղմունք է, պրոֆեսիոնալ պարտականություն:
Մի քանի ամիս առաջ, երբ մտածում էինք «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» դատավարության հարուցած դժվարությունը հաղթահարելու ձեւերի մասին, հանգանակության որոշումը հեշտությամբ չկայացրինք: Կային մարդիկ, որ ասում էին` հոգ մի տարեք, մենք կօգնենք ձեզ համապատասխան գումարով: Բայց մենք որոշեցինք դիմել ընթերցողի օգնությանը, որովհետեւ դժվար պահին մարդը դիմում է իր ամենահարազատին, իսկ մենք ընթերցողից հարազատ ոչ ոք չունենք: Հանգանակության այս ընթացքում հուզիչ պահեր շատ եղան. շաբաթ օրը, օրինակ, մի քաղաքացի էր եկել եւ մի հաշմանդամ թոշակառուի անունից 510 դրամ բերել: Սա համարում են մեր հանգանակության ընթացքում նվիրաբերված ամենախոշոր գումարը: Չզարմանաք, Նոր Կտակարանի հայտնի տեսարանում է այսպես ասվում.

«Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ եւ երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եւ Յիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելներից գցեցին, իսկ նա իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ` իր ամբողջ ապրուստը»: (Մարկոս 12:41)

Մեր հանգանակության նրբությունը սա է. անկախ նրանից` մարդիկ հազար դրամ են տվել, թե հարյուր հազար, նրանք բոլորը համոզված եմ, իրենց ավելից չեն տվել: Խորապես համոզված եմ, բոլոր նրանք, ովքեր ինչ-որ գումար նվիրաբերել եմ մեր թերթին, այդ գումարի կարիքն ունեցել են, անպայմանորեն ունեցել են, եւ կտրել են իրենցից: Եւ այս փաստը, այս ակնհայտ եւ անժխտելի փաստը ավելի արժեքավոր է դարձնում հանգանակվածը:

Մեր հանգանակության հաջորդ կարեւոր առանձնահատկությունը. նվիրատուներից շատերը կտրականապես դեմ են եղել, որ իրենց անունը հրապարակվի: Տարբեր պատճառներ են եղել, բայց հիմնական պատճառը կրկին կապվում է նորկտակարանային սկզբունքի հետ. «… այլ երբ ողորմություն անես, փող մի´ հնչեցրու քո առջեւ, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից»: Մեր ընթերցողները օլիգարխներին ողորմություն արեցին գաղտնապես, եւ այս փաստի համար օլիգարխիան հատուցելու է հայտնապես:
Ես շնորհակալություն եմ հայտնում մեր հանգանակության բոլոր մասնակիցներին: Բոլոր-բոլորին` սկսած Լոս Անջելեսի հայ համայնքից, վերջացրած Հայաստանի հեռավոր գյուղերից SMS հաղորդագրություն ուղարկողներին: Դուք մեզ հսկայական աջակցություն ցուցաբերեցիք. մի քանի օրից Նեմեց Ռուբոյի, Լֆիկ Սամոյի, Ալրաղացի Լյովիկի դիմումի հիման վրա ձեր հանգանակած գումարը մեր հաշվեհամարներից կտանեն, բայց ձեր ջերմությունն ու աջակցությունը, ձեր հոգատարությունն ու ժպիտները, ձեր վստահությունն ու սերը ընդմիշտ կմնա մեզ հետ: Մենք գումար չէինք ակնկալում ձեզանից, այլ վստահություն, եւ ստացանք այդ վստահությունը: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը դա չի կարող բռնագանձել: Եւ ձեր վստահությունը մենք պայթեցնելու ենք օլիգարխիայի գլխին: Անպայման պայթեցնելու ենք, եւ օլիգարխիան կզելու է, անպայմանորեն կզելու է: Ձեր առաջ, ձեր առաջ, միայն ու միայն ձեր առաջ` իմ սիրելի եւ անփոխարինելի ընթերցող:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.