> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆԴՈՒՆԻՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԸՆԴՈՒՆԻՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է www.nikol.am կայքի այցելու Ծովինարի հարցին:

Ծովինարի հարցը - Իմ ընկերների եւ ծանոթների մի ստվար զանգված այս կառավարությանը համարում է հանցագործ, սակայն չի գտնում, որ ընդդիմությունն ի զորու է որեւէ բան փոխել, եւ հետեւաբար անտարբեր է մեր պայքարի հանդեպ, համարելով այն անարդյունք: Եւ կարծում են, որ քաղաքականությունը եւ ընդդիմության պայքարը ոչ մի կապ չունեն հայրենասիրության հետ: Արդյոք կարելի՞ է համարել, որ մենք պայքարում ենք այդ բազմաթիվ անտարբեր մարդկանց համար նույնպես:

Նիկոլի պատասխանը - Թանկագին Ծովինար. քաղաքական գործունեությունը առաջին հերթին համախոհների փնտրտուք է: Լինել քաղաքական գործիչ, զբաղվել քաղաքական գործունեությամբ` առաջին հերթին նշանակում է փնտրել եւ գտնել համախոհներ: Նախ, իհարկե, գործունակ եւ կուռ պահել արդեն իսկ համախոհ դարձած քաղաքացիների ամբողջությունը:

Բոլոր այն մարդկանց, ում ընդունված է անվանել անտարբեր, պոտենցիալ համախոհ եմ համարում, մանավանդ նրանց` ում մասին հիշատակում եք Ձեր հարցի մեջ: Նրանք գործող կառավարությանը համարում են հանցագործ եւ ուրեմն փոփոխությունները անհրաժեշտ են համարում: Այս երկու կետը արդեն մեր ու իրենց համախոհության մեծ դաշտ է ստեղծում: Ինչպես ուրեմն, այս բազայի վրա ստեղծել համախոհություն, ինչպե՞ս այդ մարդկանց դարձնել հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի շահառու: Սրա պատասխանը նույնպես կա Ձեր հարցի մեջ. նրանք պայքարին չեն մասնակցում, որովհետեւ

ա) չեն հավատում, որ ընդդիմությունն ի զորու է որեւէ բան փոխել

բ) համարում են, որ քաղաքականությունը եւ ընդդիմության պայքարը ոչ մի կապ չունեն հայրենասիրության հետ

Կարելի է թվարկել այլ պատճառներ եւս, բայց այս երկուսն եմ հիշատակում, քանի որ դրանք են մեջբերված Ձեր հարցի մեջ: Եւ ուրեմն, սրանք այն արգելքներն են, որոնք նրանց թույլ չեն տալիս միանալ մեր քաղաքական, քաղաքացիական պայքարին: Ի՞նչ անել, ուրեմն: Փարատել, կամ ավելի ճիշտ կազմաքանդել մարդկանց գիտակցության մեջ ամրագրված այդ կասկածները, կարծրատիպերը: Այն պահին, երբ մենք կարողանանք մարդուն համոզել, որ իր այդ մտածածը իրականում մոլորություն է, նա կդադարի անտարբեր լինել, եւ քայլ առ քայլ կկենդանանա որպես քաղաքացի:

Հաջորդ հարցն է ծագում. իսկ ինչպե՞ս դա անել: Ճշմարտությամբ, գաղափարով, անկեղծությամբ, սկզբունքայնությամբ, աշխատանքով: Իմ ընկալմամբ քաղաքական գործիչը այլ բան չունի անելու, քան ամեն օր իրենից կախված առավելագույնն անելը, որ անտարբեր համարվող եւս մեկ քաղաքացի դուրս գա թմբիրից: Մարդուն պետք է բացատրել, պետք է ոգեւորել, պետք է հուզել, նրան պետք է հասկանալ: Նրան պետք է բացատրել, որ փոփոխություններն անհնար են այնքան ժամանակ, քանի դեռ ինքը որեւէ կոնկրետ քայլ չի անում հանուն փոփոխությունների:

Նրան պետք է բացատրել, որ հայրենասիրությունը մեջլիսներում թուրքին հայհոյելը չէ, հայրենասիրությունն ամեն ինչ անելն է այնպիսի հայրենիք ունենալու համար, որ թշնամու հասցեին ասված հայհոյանքը անհրաժեշտության դեպքում իրականություն դարձնելու հզորություն ունենա: Նրան պետք է բացատրել, որ չի կարող լինել հզոր հայրենիք` երբ քաղաքացին անպաշտպան է, տնավեր եւ գաղթական: Նրան պետք է բացատրել, որ հայրենասիրությունը այսօր կանգնելն ու բանակի, երկրի ղեկավարության կոկորդից բռնելն է եւ պահանջելը. ստեղծեք պայմաններ, որ մեր երեխեքը բանակում իրենք իրենց չսպանեն:

Եթե չեն անում` հայրենասիրությունը օր առաջ այդ իշխանությունից ազատվելն է, որովհետեւ նա ով բողոքի ձայն չի բարձրացնում բանակում տեղի ունեցող վայրենությունների կապակցությամբ, նա ինքը համահեղինակ է այդ վայրենություններին: Քաղաքացուն պետք է բացատրել, որ եթե ինքը տանը նստած սերիալ է նայում ու կարտոշկի ժարիտով սասինսկի ուտում` իր տանը փակված, դա դեռ չի նշանակում, որ ինքը պատասխանատու չէ հոկտեմբերի 27-ի արյան համար, Մարտի 1-ի արյան համար, օլիգարխիական բեսպրեդելի համար, կոռուպցիայի ու կաշառակերության համար: Նա պատասխանատու է, շատ կոնկրետ պատասխանատու, եւ պատասխան է տալու, որովհետեւ մարդասպանի գնդակը մի օր գտնելու է իր զավակին կամ իրեն` տանը, փողոցում, բանակում, աշխատավայրում: Եթե ոչ, օլիգարխի սափրագլուխը մի օր գտնելու է իր զավակին կամ իրեն` տանը, փողոցում, բանակում, աշխատավայրում: Եթե ոչ` կաշառակերությունն ու կոռուպցիան մի օր գտնելու են իր զավակին կամ իրեն: Մի օր իր զավակը չի ընդունվելու բուհ, նրա փոխարեն մեկ ուրիշն է ընդունվելու փողով: Մի օր իր զավակի գլխին գործ են սարքելու, մի օր իր զավակը նստելու է բանտում, իսկ իրական մեղավորը ազատվելու է փողով: Մի օր իրեն ունեցվածքից զրկելու են, ու ինքը չի կարողանալու պաշտպանել իր գույքն ու սեփականությունը: Ու այդ ժամանակ ինքը մռլնգալու է, թե ինչո՞ւ է երկիրն այսքան եղկելի ու անարդար: Իսկ երկիրն իրեն ասելու է, որովհետեւ երբ անարդարությունն ու բեսպրեդելը իր իշխանությունն էր հաստատում քո էրեխեքի հայրենիքում, դու տանը նստած սասինսկի էիր ծամում, դու չէիր լսում այն ձայները որ քեզ զգուշացնում էին` դուրս արի հրապարակ եւ ընդունիր բեսպրեդելի մարտահրավերը հրապարակում, որովհետեւ եթե բեսպրեդելի մարտահրավերը չես ընդունում հրապարակում, այդ մարտահրավերը քեզ պարտադրվելու է սեփական տանիքի ներքո:

Թանկագին Ծովինար.
Մենք այդ մարդկանց չենք ասում սիրիր ընդդիմությանը, մենք նրանց ասում ենք` սիրիր ինքդ քեզ, քո էրեխեքին, հայր եղիր քո երեխայի համար, զավակ եղիր քո ծնողի համար, քաղաքացի եղիր քո հայրենիքի համար, որովհետեւ ինչպես դու ես սիրում քո հայրենիքը, այնպես էլ քո հայրենիքն է սիրելու քեզ: Տելեվիզրով քֆուր է տալու էրդողանին ու ազգի բոլոր թշնամիներին, ու քեզ տանելու է կառափնարան կամ կզարան: Ու ճիշտ է անելու, որովհետեւ դու ինքդ ժամանակին թույլ ես տվել, որ քո հարեւանին, ծանոթին, անծանոթին տանեն կառափնարան կամ կզարան: Դու մտածել ես, որ կարեւորը Գեւորիկն է, որ առավոտից իրիկուն կզըցնում է Էրդողանին եւ Ալիեւին: Տելեվիզրով: Դու լացել ես տելեվիզրում լացող սերիալի հերոսի հետ, բայց չես նկատել քո կողքին ապրող իրական մարդու իրական տառապանքները: Ասե՞մ այդ մարդու անունը. Պողոս Պողոսյան, Լեւոն Գուլյան, Գոռ Քլոյան…

Թանկագին Ծովինար.
Պատասխանեմ նաեւ Ձեր հարցի վերջին հատվածին: Արդյո՞ք մենք պայքարում ենք այդ անտարբեր մարդկանց համար, հանուն այդ մարդկանց երեխաների: Ես պայքարում եմ առաջին հերթին ինքս ինձ համար, որովհետեւ եթե համակերպվեմ այս եղկելի իրականության հետ, պիտի կորցնեմ հարգանքը ինքս իմ նկատմամբ: Չեմ կարող կորցնել սեփական երեխաների աչքերի մեջ ուղիղ ու շիտակ նայելու անկեղծությունը: Ես պայքարում եմ իմ երեխաների ապագայի համար, որովհետեւ ուզում եմ նրանց ժառանգել այնպիսի երկիր, որտեղ նրանց արժանապատվությունը պաշտպանված կլինի, որտեղ նրանք ուրիշների հետ հավասարապես պատասխանատու կլինեն օրենքի առաջ եւ պաշտպանված կլինեն օրենքով: Ինչու՞ երեխաներին իրավունք ժառանգել եւ ոչ թե նյութական հարստություն: Որովհետեւ ամենաթողության, անիրավության պայմաններում այդ նյութական հարստությունը ցանկացած պահի կարող են խլել նրանցից, իսկ օրինականության եւ ազատության պայմաններում դա կարող են ստեղծել հենց իրենք, եթե, իհարկե, արժանի են դրան, ունեն համապատասխան ընդունակություններ: Եթե ի վիճակի չեն` արդար, օրինական, սահմանադրական հանրությունը հոգ կտանի նրանց համար, եւ մենակ չի թողնի նրանց, անպաշտպան չի թողնի նրանց, հուսահատ չի անի նրանց:

Ես պայքարում եմ առաջին հերթին ինքս ինձ եւ իմ երեխաների համար, եւ նույնը կոչը հղում եմ ուրիշներին (պայքարել սեփական ինքնության եւ սեփական երեխաների համար): Եւ այո, պայքարում եմ նաեւ անտարբերների համար, որովհետեւ այդ անտարբերները այն միջավայրն են, որում ապրում եմ ես, ապրելու են իմ երեխաները: Ես չեմ ուզում, որ իմ երեխաները զուրկ լինեն հանրային կարեկցանքից, սիրուց, երջանկությունից: Ես ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն Ազատ եւ Երջանիկ հայրենակիցների միջավայրում, որովհետեւ հնարավոր չէ երջանիկ լինել համատարած դժբախտության մեջ, հնարավոր չէ լիաթոք շնչել գաղջ միջավայրում, հնարավոր չէ ազատ լինել ճորտերի հանրության կազմում:

Շնորհակալություն հարցի համար, թանկագին Ծովինար: Պատասխանս երկար ստացվեց, բայց չէի ցանկանում բաց թողնել հարցում առկա որեւէ նրբերանգ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Ծովինար
    Հոկտեմբեր 15th, 2011 at 01:15 | #1

    Շատ շնորհակալ եմ պատասխանի համար, սիրելի’ Նիկոլ: Ձեր պատասխանը սպառիչ էր: Եվ Ձեր գրածը երբեք երկար չի լինում: Ու նույնիսկ այսպիսի պրիմիտիվ հարցին կարողանում եք գրական և քաղաքական գլուխգործոցով պատասխանել: Ես հպարտ եմ Ձեզնով:

  2. Հոկտեմբեր 24th, 2011 at 19:11 | #2

    im karciqov ete eli shat mard chavaqvi kongres@ ci karox ktruk gorcoxutunneri gnal

  1. No trackbacks yet.