> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՆԻԿՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Ազատության հրապարակի մեր ութնօրյա նստացույցը բառիս բուն իմաստով դարձավ ջրբաժան: Մենք բաժանվեցինք ինքներս մեր վախերից, կասկածներից, երկմտությունից, եւ ինքներս մեզ, առաջին հերթին ինքներս մեզ ապացուցեցինք, որ դեռ կարող ենք կտրվել մեր տաք տներից եւ անկողիններից եւ անձրեւի մեջ, արեւի տակ, իշխանական ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների ներքո բարձրաձայնել.

Մենք քաղաքացի ենք, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, մենք ուժ ենք, մենք ուժեղ ենք եւ երբեք չենք հրաժարվի Հայրենիքին տեր լինելու մեր իրավունքից ու պարտականությունից, երբեք չենք հրաժարվի Հայաստանի այսօրվա վիճակի համար մեր ունեցած պատասխանատվությունից, երբեք չենք հրաժարվի Հայաստանը հանցագործ իշխանությունից ազատելու եւ երկրում օրինական իշխանություն հաստատելու մեր առաքելությունից:

Հայրենիք, քաղաքացիություն, պատասխանատվություն, օրինականություն, Սահմանադրություն. սրանք բառեր են, որ ծանրակշիռ իմաստներ են պարունակում: Ծառայությունն այս արժեքներին պահանջում է ուժի, կամքի, հետեւողականության, ազնվության, սկզբունքայնության բացառիկ լարում, մարդկային եւ գերմարդկային ճիգեր, մտավոր եւ ֆիզիկական խիզախություն: Շուրջօրյա նստացույցի մեր ութնօրյակը մեր կամքի, ուժի, հետեւողականության ցուցադրումն էր, բայց քանի դեռ Հայաստանը չի ազատվել ավազակապետական անբարո ռեժիմից, քանի դեռ չի վերածվել Ազատ եւ Երջանիկ Հանրապետության, մեր կամքը, մեր ուժը, մեր հետեւողականությունը նորանոր մարտահրավերի առաջ է կանգնած:

Ամեն անգամ, ցանկացած փուլում մենք պետք է ի վիճակի լինենք մեր հետագա պայքարի ամենաարդյունավետ շարունակությունը գտնել: Շուրջօրյա մեր նստացույցը անհրաժեշտություն էր հետագա պայքարը շարունակելու համար: Նստացուցային այս ութ օրը ինձ նոր ուժ տվեց, նոր էներգիա, նոր մոտիվացիա, առատ նյութ տվեց մեր անցած չորսուկեսամյա պայքարի հաջողությունների եւ անհաջողությունների, ձեռքբերումների ու թերությունների մասին մտորելու համար: Այս ութնօրյա նստացույցը հերթական անգամ ապացուցեց, որ Կոնգրեսը, միայն Հայ ազգային կոնգրեսն է այն ուժը, որ ի վիճակի է վճռական գործողությունների: Հայ ազգային կոնգրեսն է այն ուժը, որ ի վիճակի է վճռական գործողությունների մղել եւ ոգեշնչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Ո՞րն է, ուրեմն, հետագա մեր անելիքի մասին իմ պատկերացումը: Մարդիկ հարցնում են. հեռանալո՞ւ ենք Ազատության հրապարակից, թե մնալու ենք այստեղ: Վերջին չորսուկես տարիների ընթացքում մենք երբեք, երբեք չենք հեռացել Ազատության հրապարակից: Մենք Ազատության հրապարակում ենք եղել 2007 թվականի փետրվարին, մենք Ազատության հրապարակում ենք եղել 2007 թվականի ամռանը, 2007 թվականի աշնանը, 2008-ին: Մենք այստեղ ենք եղել նույնիսկ այն օրերին, երբ Ազատության հրապարակը վեր էր ածվել սերժանտական մեծ փոսի, երբ շրջափակված էր ոստիկանական ամուր պատնեշով: Մենք գուցե թե հավաքենք մեր վրանները, գնանք մեր տները, բայց Ազատության հրապարակից չենք հեռանալու, որովհետեւ Ազատության հրապարակ է ցանկացած տարածք, որտեղ մենք ենք, որտեղ հավաքվում եւ գտնվում է Հայաստանի ազատության համար մղվող պայքարի երկու նվիրյալ: Գուցե եւ հեռանանք այս հրապարակից, բայց ավելի մեծ թափով ենք լծվելու Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարին: Մենք Ազատության հրապարակ ենք դարձնելու մեր բակերը, մեր գյուղերը, մեր հիմնարկները:

Մենք հուսադրելու ենք հուսահատվածներին, քաջալերելու ենք վախեցածներին, սովորեցնելու ենք անգետներին, տեղեկացնելու ենք անտեղյակներին, հիացնելու ենք հիասթափվածներին, վերադարձնելու ենք արտագաղթածներին, լուսավորելու ենք մթագնածներին, ուրախացնելու ենք լացակումածներին, հնազանդեցնելու ենք լկտիացածներին, ամոքելու ենք կոտրվածներին, կենդանացնելու ենք անտարբեր դարձածներին:

Եւ նրանց` հուսավառ ու քաջ, գիտուն ու ոգեւորված, լուսավոր ու սրտաբաց քաղաքացիներին զինվորագրելու ենք հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող մեր անկասելի պայքարին: Եւ այդ պայքարի մեջ լինելու ենք շատ, մենք լինելու ենք շատ, բայց չենք լինելու ամբոխ, մենք չենք լինելու ամբոխ` մենք լինելու ենք մեկ գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ եւ այդպես հարյուր հազար, հինգհարյուր հազար, մեկ միլիոն:

Վրանները, այս վրանները, Ազատության այս վրանները մեր հոգիներում կանգնած են անսասան: Վրանները, այս վրանները, Ազատության այս վրանները մեր հոգիներում չեն հատնելու, չեն խորտակվելու, չեն սասանվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում, իրական Հայաստանում վեր չեն խոյացել ազատության իրական կոթողներ, ազատության իրական տաճարներ, ազատության իրական գիտակցություն: Եւ մենք, եւ դուք, մեզանից յուրաքանչյուրը այսօր արդեն, հիմա արդեն մի անկյունաքար է սրբազան այդ կոթողի, եւ մենք եւ դուք մեզանից յուրաքանչյուրը մի աղյուս է Ազատության անխորտակելի շինության ու գիտակցության համար:

Չվախենաք եւ չկասկածեք, չվախենաք եւ չկասկածեք, չվախենաք եւ չկասկածեք. այս ութ օրվա ընթացքում մենք ծառայեցինք, անմնացորդ ծառայեցինք Հայաստանի քաղաքացու Ազատությանը, Ազատ եւ Երջանիկ Հայաստանին: Այս ութ օրը մենք գարունի սերմեր ցանեցինք եւ մեր բերքը, քաղաքացիական մեր հունձը առատ է լինելու: Մենք քաղելու եւ ճաշակելու ենք Հայաստանի ազատության բերքը, եւ պատմությունը մեզ փառաբանելու է որպես Հայաստանի Ազատության մշակների:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Ես սիրում էի ձեզ, եւ հիմա սիրում եմ ավելի: Ես ձերն էի, եւ հիմա ձերն եմ ավելի: Ես հպարտ էի ձեզնով եւ հիմա հպարտ եմ ավելի: Ես ուժեղ էի ձեզնով եւ հիմա ուժեղ եմ ավելի: Ես պատասխանատու էի ձեզանից յուրաքանչյուրի առաջ եւ հիմա պատասխանատու եմ ավելի: Դուք հերոս էիք, եւ հիմա հերոս եք ավելի, դուք քաղաքացի էիք եւ հիմա քաղաքացի եք ավելի, դուք արդար էիք եւ հիմա արդար եք ավելի: Դուխով էիք, հիմա դուխով եք ավելի:

Մեր Շարժումը անկասելի էր, եւ հիմա անկասելի է ավելի: Մեր Հաղթանակը անխուսափելի էր, եւ հիմա անխուսափելի է ավելի: Մենք շատ բան ենք արել Հաղթանակի համար եւ հիմա անելու ենք ավելի: Որովհետեւ մենք սիրում ենք մեր հայրենիքը, եւ ամեն օրվա հետ սիրելու ենք ավելի:

Եւ ուրեմն` Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

08.10.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.