> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

111111_8Մեղքս ինչ թաքցնեմ, ազատության մեջ հայտնվելուց հետո չէի եղել Կոմիտասի անվան Պանթեոնում, ու երեկ, երբ Օհան Դուրյանի ծննդյան օրվա առիթով այցելեցի, շոկը ինձ պատեց: Ես գիտեի` Պանթեոնը Հայոց մեծերի աճյուններն ամփոփող սրբատեղի է, երեկ, սակայն, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այն վեր է ածվել Անդրանիկ Մարգարյանի անձնական դամբարանի: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնում: Խնդիրն այն չէ, որ նախկին վարչապետի գերեզմանատեղը գտնվում է Պանթեոնի ամենակենտրոնում: Խնդիրն այն է, որ այդ գերեզմանին տրամադրված է այնպիսի տարածք, այն կառուցապատված է այնպիսի ճոխությամբ եւ մտահղացմամբ, որ դարձել է Պանթեոնի առանցքը, կենտրոնը, կորիզը: Եգիպտական դամբարան լինի ասես. կենտրոնում փարավոնն է, իսկ նրան շրջապատում են «ոչ այնքան կարեւոր անձանց» շիրիմներ, որոնք ֆոն են ծառայում հիմնական, առանցքային, ամենակարեւոր գերեզմանի համար: Նման բան, իհարկե, չկա գրված, նման բան չի ասվում ոչ մի տեղ, բայց այդպես գրված է ճարտարապետության լեզվով, շինարարության լեզվով, զգացողության եւ ռելիեֆի լեզվով:

Ես գիտեմ, այսօրինակ թեմաներ հրապարակային քննարկելը Հայաստանում ընդունված չէ: Այսօրինակ թեմաները ազգիս բոհեմը սիրում է քննարկել սրճարանում թրեւ գալիս, փսփսալով, հեգնելով, ձեռ առնելով: Դա իմ ոճը չի, եւ եթե ասելիք ունեմ, ասում եմ հրապարակային: Եւ ասում եմ, սա խայտառակություն է: Այ ընկերներ, այ բարեկամներ, այ հանրապետական կուսակցականներ. բա դուք չե՞ք մտածել, թե էս ինչ եք անում, բա դուք, օրինակ` Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, Ալեքսանդր Թամանյանից, Մարտիրոս Սարյանից, Կարեն Դեմիրճյանից, Հրանտ Մաթեւոսյանից, Ֆրունզիկ Մկրտչյանից, Սիլվա Կապուտիկյանից չե՞ք ամաչել: Դուք Հայաստանից, հայ ժողովրդից, ՀՀ շարքային քաղաքացուց չե՞ք ամաչել: Դուք ձեզ հաշիվ չե՞ք տվել, թե որ երկրում եք ապրում, դուք ձեզ հաշիվ չե՞ք տվել, որ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ, բոլորը գիտեն, թե ով ինչ արժե այս երկրում, ունի՞ վաստակ, թե՞ չունի, եթե ունի` որքա՞ն է էդ վաստակը: Դուք այս գերեզմանով, այս անհեթեթ արարքով ամենեւին չեք մեծացրել Անդրանիկ Մարգարյանի արժեքը. դուք նսեմացրել եք Հայոց մեծերին, այն մեծերին, որոնք մեծ են իսկականից եւ ոչ թե գերեզմանի չափի ու տեղի բերումով:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.