> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը բռնազավթած հանցագործ վարչախումբը ընդամենը 74 օր գոյատեւեց քաղբանտարկյալ չունեցող Հայաստանում: Սերժանտական խունտան ի վերջո չդիմացավ ընդդիմության հետ ուժի, լկտիության, սանձարձակության լեզվով խոսելու գայթակղությանը, եւ օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիներ կրկին խոշտանգվում էին Կենտրոնի ոստիկանություն կոչվող հանցավոր որջում:

Սերժանտական վարչախումբը չունի ուրիշ լեզու սեփական քաղաքացիների հետ խոսելու, շփվելու, հարաբերվելու: Ոստիկանական բաժիններում ամեն օր ծեծվում, խոշտանգվում, խեղվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պաշտպանության ներքո: Միայն Երեւանի քաղաքապետարանի ծիծակներին հայտնի գեղագիտական հիմնավորումներով Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ զրկվում են օրվա հացից, աշխատանքից, ապրուստից, որովհետեւ մի ինչ-որ չինովնիկ նրանց կրպակները ապամոնտաժելու բանավոր հրահանգ է տվել, եւ ոստիկանական բռնի ուժով իրագործում է ապօրինի այդ հրահանգը:

Ճակատագրական այս շրջափուլում, երբ արտաքին թշնամիներից պաշտպանվելու հույսը Հայաստանը կարող է դնել միայն ինքն իր վրա, միայն ինքն իր վրա` Հայ ժողովրդի ապավենը` Հայոց բանակը վեր է ածվում սեփական զավակներին խժռող մի մեքենայի, որի երախում հայտնված ամեն զինվոր անխուսափելիորեն ենթարկվում է ֆիզիկական, հոգեբանական, բարոյական խեղումների: Զարմանալի ոչինչ չկա, որովհետեւ գողական անբարո եւ տմարդի բարքերը ՔԿՀ-ներից, իշխանական միջանցքներից տեղափոխվել եւ հասել են Հայոց բանակի զորամասեր: Հայոց բանակի զորամասերը գեներալիտետի գիտությամբ եւ որոշմամբ հանձնված են քրեական թափթփուկի քմահաճույքին, Հայոց բանակի զինվորները հարաբերվում են ոչ թե զինվորական կանոնագրքով, այլ քրեակատարողական հիմնարկների հնաբնակների արժեքային հանցավոր համակարգով:

Հայոց բանակի զինվորը զինվոր չէ այլեւս, այլ կթու կով անբարո գեներալիտետի համար, այն գեներալիտետի, որի տխրահռչակ ներկայացուցիչներից մեկը 2008 թվականի մարտյան օրերին մեզ սպառնում էր երկուսից ավելի հոգով չխմբվել Երեւանի փողոցներում:

Հավաքիր ինքդ քեզ, հավաքիր ինքդ քեզ, պարոն փսեւդոգեներալ. էդ դու եւ քո պապանե՞րը պիտի Ղարաբաղից գայիք, որ մեզ հրահանգեիք, թե քանի հոգով կանգնենք մեր երեխաների ծննդավայրի փողոցներում: Հիմա էլ եկել ես, որ մեր զավակներին զանգվածային ինքնասպանությունների՞ դրդես, թե՞ քեզ հանձնված մեր երեխաների փոխարեն դագաղներ վերադարձնես, կամ էլ բարոյապես ամորձատված քաղաքացիներ: Եկել ես, որ մեր երեխաներին հանձնես գողական թափթփուկի քմահաճույքի՞ն: Ուրեմն` եկել է քո գնալու ժամանակը:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Ավազակապետական ռեժիմը գիտակցաբար ծվատում է մեր հայրենիքը: Պետական լծակներին տիրացած խունտան Հայաստանի Հանրապետությունը դարձրել է սեփական քաղաքացիների խոշտանգման հրեշավոր մեքենա: Հարկային մարմինները խոշտանգում են հարկատուներին, օլիգարխ-գործատուները խոշտանգում են գործավորներին, հրամանատարները խոշտանգում են զինվորներին, պատգամավորները խոշտանգում են ընտրողներին, ուսուցիչները խոշտանգում են աշակերտներին:
Բոլորը խոշտանգում են բոլորին, որովհետեւ անբարո ավազակախումբը Հայրենիքը քաղաքացու ատելությանն արժանացնելու պիղծ խնդիր է դրել իր առաջ: Նրանք ամեն ինչ, ամեն ինչ անում են, որ զինվորի հայրը ատի իր երկրի բանակը, քաղաքացին ատի իր հայրենիքը, երեխան ատի սեփական ծնողին: Նրանք երեխաներին են խլում ծնողներից, որովհետեւ Հայաստանի հազարավոր քաղաքացիների զավակներ իրենց հայրերին ու պապերին չեն ընկալում որպես նմանակման իդեալ, այլ փողամոլ եւ անբարո օլիգարխներին եւ նրանց անուղեղ սափրագլուխներին, որովհետեւ իրենց հայրերը խեղճացված են ու տկար, արդարամտությունը, ազնվությունը, սկզբունքայնությունը դադարել են գերակա արժեք լինել, գերակա արժեք են դարձել քծնանքը, ստրկամտությունը, շողոքորթությունը, անասնական բարքերը: Մարդկային ուղեղները սիստեմատիկաբար լցվում են ճիճվային բնազդներով:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. սերժանտական խունտան չի հրաժարվել Հայաստանը սեփական ֆազենդա դարձնելու, Հայաստանը քաղաքացուց զրկելու հրեշավոր ծրագրից: Նրանց Քաղաքացի հարկավոր չէ, նրանց հարկավոր է ընդամենը բնակչություն Հայաստանում, որ ապահովի իրենց ու իրենց լակոտների քմահաճույքները: Նրանց հարճեր են հարկավոր, որ երբ ցանկանան` պղծեն, բռնաբարեն, լլկեն նրանց մանկահասակ երեխաներին` տղա լինեն նրանք, թե աղջիկ: Երբ ուզենան` անարգանքի ու ծաղրի ենթարկեն նրանց հայրերին ու մայրերին:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Այս ամենը նշանակում է ընդամենը մեկ բան. Հայաստանում հաստատված է ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ իրավիճակ: Հայաստանում հաստատված իրավիճակը հեղափոխական է, որովհետեւ առկա է երկիր եւ ժողովուրդ, որ ունի բազմաթիվ պրոբլեմներ, եւ առկա է իշխանությունը բռնազավթած խունտա, որը ոչ միայն ի վիճակի չէ լուծել երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած պրոբլեմները, այլեւ ինքը հենց ինքն է Հայաստանի, Հայաստանի քաղաքացիների ամենամեծ, հիմնական, հրատապ լուծում պահանջող թիվ 1 պրոբլեմը: Հայաստանում հաստատված է իշխանություն, որը ոչ միայն չի կարող զարգացում եւ առաջընթաց ապահովել Հայաստանի եւ նրա ժողովրդի համար, այլեւ ինքն է Հայաստանի եւ նրա ժողովրդի զարգացման եւ առաջընթացի ամենամեծ խոչընդոտը: Ու քանի որ իշխանությունն ի վիճակի չէ լուծել Հայրենիքի եւ ժողովրդի պրոբլեմները, ժողովուրդը պետք է ի՛նքը, ի՛նքը, հենց ի՛նքը սեփական ձեռքերով լուծի իշխանության պրոբլեմը: Քաղաքացին պետք է դուրս գա հրապարակ եւ սեփական ձեռքերով հաստատի օրինականություն, արդարություն, բարոյականություն, հաստատի սահմանադրական իրականություն եւ իրավակարգ:

Սիրելի ժողովուրդ. Հեղափոխությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է, եւ ես յուրաքանչյուրիդ կոչ եմ անում պատրաստվել, պատրաստվել, պատրաստվել Սահմանադրական հեղափոխության: Այս հեղափոխությունը ունի իրականություն դառնալու հստակ ալգորիթմ, եւ այդ ալգորիթմը հետեւյալն է. 500 հազար մարդ Ազատության հրապարակում, 24 ժամ սերժանտական հանցագործ խմբավորմանը` հեռանալու համար: Եւ մենք ունենք թեկուզ երեք հոգուց կազմված խումբը 500 հազարանոց բազմություն դարձնելու բանաձեւ, եւ այդ բանաձեւն է 1+1+1+1+1+1….
Սիրելի ժողովուրդ, այսօր մենք հեռանալու ենք այս հրապարակից, նպատակ ունենալով, սակայն, հաջորդ հանրահավաքներից մեկում Ազատության հրապարակում կանգնած լինել 500 հազարով, եւ այդ օրը այդ ժամին ազդարարել Հայկական Ժողովրդավարական, Քաղաքացիական, Սահմանադրական, Թավշյա Հեղափոխության հաղթական ավարտի մեկնարկը: Եւ եկեք արձանագրենք. հայկական, Ժողովրդավարական, Քաղաքացիական, Սահմանադրական, Թավշյա հեղափոխության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես…

Այսօր հեռացիր Ազատության հրապարակից, եւ հաջորդ անգամ վերադարձիր որպես հեղափոխության առաջնորդ, հետեւորդների, հեղափոխականների, քաղաքացիների քո խմբով եւ այստեղ, հենց այստեղ` Ազատության հրապարակում ազդարարիր հայկական հեղափոխության հաղթական փուլի մեկնարկը:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: 2008 թվականի փետրվարյան օրերին, մենք բարձրաձայնեցինք, որ ավազակապետությունն այլեւս անհամատեղելի է Հայաստանի հետ: Մենք մեր կամքը ցուցադրեցինք Ազատության հրապարակում, եւ ավազակապետությունը տեսավ մեր կամքը, իր վախճանը տեսավ մեր աչքերի մեջ: Ավազակապետությունը կրակեց մեզ վրա, սպանեց մեզ, մեզ փակեց զնդաններում, եւ երեքուկես տարի անց մենք կրկին այստեղ ենք` ուժեղացած եւ հաղթանակած: Մենք այստեղ ենք կիսատ թողած գործը մինչեւ վերջ տանելու մեր պատմական պարտավորության գիտակցմամբ: Մենք այստեղ ենք բարձրաձայնելու մեր վճռականությունը Հայաստանի Հանրապետությունը հանցագործ վարչախմբից ազատելու հարցում, մենք այստեղ են բարձրաձայնելու մեր նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությունը հանցագործ վարչախմբից ազատելու գործին:

Մեր հեղափոխությունը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է:
Եւ ուրեմն` կեցցե Ազատությունը, կեցցե Հայկական Հեղափոխությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

09.09.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Anonymous
    Սեպտեմբեր 7th, 2012 at 04:56 | #1

    Nikol jan nyjn vuzakn e hima,nyjn,nyjn,de yremn depu AZAT ANKAX HAJASTAN.Es ger het em Fransiaiz; Mariam Ezakian; 1,1,1,1,1 hazar y mek;

  1. No trackbacks yet.