> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԲ ՈՍՏԻԿԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

ԵՐԲ ՈՍՏԻԿԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

2008 թվականի դեկտեմբերին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ զանգվածային բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանները գնդակահարել էի 19-ամյա մի պատանու: Օրերով, շաբաթներով կառավարությունը չէր կարողանում կայունացնել իրավիճակը, որովհետեւ վրդովված մարդիկ ջարդուփշուր էին անում ամեն ինչ: Իրավիճակը հանդարտվեց միայն այն ժամանակ, երբ հունական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց պատանուն գնդակահարած ոստիկանին: Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցնում հարցնել. իսկ արդյոք սպանված երիտասարդը ինչ-որ սխալ բան արե՞լ է, թե՞ ոչ: Չէր քննարկվում ոչ թե նրա համար, որ պատանին անսխալական էր, այլ որովհետեւ չկա, գոյություն չունի որեւէ սխալ, որը ոստիկանին իրավունք տա սպանել անզեն քաղաքացուն:

Հայաստանում իրավիճակը այլ է. նույն 2008 թվականին գտնվում էին մարդիկ, ովքեր փորձում էին բացատրել, որ մարտի 1-ի զոհերն իրենք էին մեղավոր զոհվելու համար: Երբ ոստիկանական բաժնում սպանվեց (ինքնասպանության հասցվեց) Վահան Խալաֆյանը, դա հանրային տեսանելի վրդովմունք չառաջացրեց, երբ Երեւանի Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները կասկածելի հանգամանքներում մարդ սպանեցին, դա կրկին որեւէ մեկին առանձնապես չհուզեց: Հիմա էլ գտնվում են մարդիկ, ովքեր ս/թ օգոստոսի 9-ի միջադեպին անդրադառնալիս քննարկում են, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները ինչ-որ սխալ բան չե՞ն արել:

Ես բացառում են նման քննարկման հնարավորությունն իսկ, որովհետեւ ստույգ եւ աներկբա է, որ Խնկո Ապոր գրադարանի մերձակայքում մոտ երկու տասնյակ ոստիկաններ ոտքի տակ են տվել, դաժան բռնությունների ենթարկել Տիգրան Առաքելյանին եւ Արտակ Կարապետյանին: Այս պահից, ահա, Կոնգրեսի ակտիվիստների որեւէ գործողության քննարկում, կներեք` անբարոյականություն է, որովհետեւ եթե նույնիսկ այդ երկու երիտասարդները սերիական մարդասպաններ լինեին, Հայաստանի Հանրապետության որեւէ օրենք ոստիկաններին իրավունք չի տալիս նրանց ծեծի ենթարկել: Վնասազերծելն ուրիշ բան է, ծեծի ենթարկելն` ուրիշ: Եւ ցանկացած իրավիճակում ցանկացած քաղաքացու ծեծող ոստիկանը քրեական հանցագործ է, անկախ հանգամանքներից: Եթե ոստիկանը ծեծել է որեւէ քաղաքացու, եւ որեւէ մեկը քննարկում է` տվյալ իրավիճակում քաղաքացի՞ն է ճիշտ, թե՞ ոստիկանը, քննարկողն, ուրեմն, հոգով դանոսչիկ է, ստալինյան տրոյկայի ատենակալ: Իսկ վերը նկարագրվածը օգոստոսի 9-ի միջադեպում ոստիկանական հանցավոր գործունեության միակ դրվագը չէ. բռնությունները շարունակվել են բերման ենթարկելիս` ավտոմեքենաների մեջ, ոստիկանության բաժնում: Եւ փոխանակ պահանջելու, որ բռնություն գործադրած ոստիկանները քրեական պատասխանատվության ենթարկվեն, ոմանք քննարկման առարկա են դարձրել Կոնգրեսի ակտիվիստների գործողությունների «իրավաչափությունը»: Եթե իրավական եք ուզում, խոսենք իրավական. ՀՀ քաղաքացուն թույլատրվում է անել ամեն ինչ, որ արգելված չէ օրենքով. նույնիսկ դիտողություն անել հաստագլուխ ոստիկանին: Հաստագլուխ ոստիկանին թույլատրվում է անել միայն այն, ինչ թույլատրված է օրենքով: Իսկ բերման ենթարկվող Տիգրան Առաքելյանին երկու ձեռքով շնչահեղձ անել` պատկերացրեք, թույլատրված չէ: Ահա այսքան «ոստիկանատյաց» է Հայաստանի Սահմանադրությունը:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Hakob
    Օգոստոս 29th, 2011 at 19:50 | #1

    Nikol jan spanir… mi ban gri cavd tanem.

  1. No trackbacks yet.