> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՀիմա սկսել են ակտիվորեն խոսել` կշարունակվի՞ Հայ ազգային կոնգրես-Կոալիցիա երկխոսությունը, թե՞ կլինի ջրբաժան: Ոմանք երկխոսության կողմնակից են, ոմանք` ջրբաժանի, եւ նույնիսկ այս թեմայով բանավեճեր են ընթանում: Իմ մտածածը ուրիշ բան է. ես մտածում եմ Ազատության հրապարակի մասին, որովհետեւ ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը ոչ երկխոսությունն է, ոչ ջրբաժանը. ներկա քաղաքական շրջափուլի առանցքային հարցը Ազատության հրապարակն է: Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով:

Հնարավո՞ր է արդյոք երկխոսությամբ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են ու բանավիճում, խռովում են ու բարիշում: Ինձ համար պատասխանը կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում:

Կգնա՞ արդյոք Հայ ազգային կոնգրեսը հեղափոխական ճանապարհով. այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են եւ բանավիճում, մեջբերումներ անում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների ելույթներից, գտնվում են նաեւ հակամեջբերումներ: Բայց պատասխանը, ինձ համար, կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում:

Եթե նույնիսկ հնարավոր լինի հասնել արտահերթ ընտրությունների, արդյոք իշխանությունները կրկին չե՞ն կեղծի այդ ընտրությունները, վարչական լծակների եւ ուժային կառույցների գործադրմամբ նորից չե՞ն խլի ժողովրդի քվեն: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են եւ բանավիճում, գումարում եւ հանում, հիշում եւ վերհիշում: Կրկին, պատասխանը ինձ համար կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում:

Նույնիսկ վերջին տարիների ալեկոծումներից, վայրիվերումներից, աղետներից հետո մեր քաղաքական գիտակցության մեջ պահպանվել-մնացել են խայտառակ մոլորություններ, եւ այդ մոլորություններից ամենաանհեթեթն այն է, թե Հայ ազգային կոնգրեսը, կամ նույնիսկ իշխանությունը, կամ նույնիսկ կոալիցիան, կամ նույնիսկ գերտերությունները որոշում եւ կանխորոշում են Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումները: Իմ հանրային, քաղաքական գործունեությունը մի նպատակ ունի, բացառապես մի նպատակ. մարդկանց ցույց տալ, ապացուցել, որ ներքաղաքական կյանքի ուղղությունը կանխորոշում, վճռում, ուղենշում է միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին` Ազատության հրապարակ գալով կամ Ազատության հրապարակ չգալով: Ուրիշ մոդել, ուրիշ որեւէ գործոն Հայաստանի ներքաղաքական կյանքում գոյություն չունի, չկա, բացակայում է:

Էն քաղաքացին, որ շաբաթներով զբաղված է միայն դիվան քշելով եւ սեփական ձվերը մերսելով, ահա այդ քաղաքացին կանխորոշում է հետագա զարգացումների ընթացքը, երկխոսության, արտահերթ նախագահական ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, նույնիսկ էկոլոգիական խնդիրների ճակատագիրը, Հայաստանի Հանրապետության ապագան:

Էն քաղաքացին, որ չի գալիս Ազատության հրապարակ, ինչ-որ իմաստով վստահության քվե է տալիս ավազակապետությանը: Սա է իրողությունը, սա է դաժան իրողությունը: Հիմա կհարցնեք, թե ինչ եմ ուզում շաբաթներով բիսեդկում դոմինո խաղացող, դիվանին պառկած սերիալ նայող, բացառապես սեփական ձվերի մերսմամբ զբաղված քաղաքացուց: Ես այդ մարդուն ընդամենը ուզում եմ բացատրել, որ սեփական բազմոցին անխռով պառկելով` ինքը շատ կոնկրետ խնդիրների կոնկրետ լուծում է կանխորոշում: Շատ կոնկրետ խնդիրների շատ կոնկրետ լուծում է կանխորոշում նաեւ Ազատության հրապարակ գալով: Իմ նպատակը այդ մարդուն բացատրելն է, բացատրելը այնքան ժամանակ, մինչեւ ընդունի, մինչեւ հասկանա:

Այ, երբ ընդունի եւ հասկանա, թող ինքն էլ որոշի` լինի երկխոսությո՞ւն, թե՞ ջրբաժան, էս տարբերա՞կն է լավ, թե՞ էն տարբերակը, էս երկրում մի բան կփոխվի՞, թե՞ չի փոխվի: Թե չէ` ողջ ազգս հագել է դավադրության տեսությանը: Ձվերի մերսումից ավելի մեծ դավադրություն ու պատուհաս մեր ժողովուրդը չի տեսել երբեւէ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.