ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ
Ստորեւ բերվող տեքստը գրել եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Հետո, չգիտեմ ինչու, դրա տպագրությունը աննպատակահարմար համարեցի: Երեկ, սակայն, լսեցի մի իմպրովիզացիա` հեղափոխական մի հայտնի երգի մոտիվներով, որն, ըստ ամենայնի, պատրաստել են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները` տարիքով երիտասարդ: Հայտնի այդ երաժշտության համար նոր հայերեն տեքստ էր գրված, եւ երգում էին ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալներ. հեղափոխական շատ լավ կատարում էր ստացվել: Այդ երգն ունկնդրելիս հիշեցի բանտում գրած այս տեքստը եւ որոշեցի տպագրել: Հանձնում եմ ընթերցողի դատին:
Ն. Փ.-ն «Ազատության» հեղինակ
Լատինամերիկյան գրականության հսկա Խորխե Լուիս Բորխեսը մի պատմվածք ունի, որ կոչվում է «Պիեռ Մենարը դոն Կիխոտի հեղինակ»: Պիեռ Մենարը, սովորական մի մարդ, այնաստիճան դյութված է լինում Սերվանտեսի «Դոն Կիխոտ» ստեղծագործությամբ, որ դրա ընթերցումները որեւէ կերպ չեն հագեցնում նրան, չեն մարում այդ գլուխգործոցի նկատմամբ նրա ունեցած կիրքը: Եւ ահա երկարատեւ տառապանքից հետը Պիեռ Մենարը որոշում է դառնալ «Դոն Կիխոտի» հեղինակ: Ինչպե՞ս: Նա ուղղակի վերցնում եւ արտագրում է Սերվանտեսի վեպը: Սերվանտեսի գրածի մեջ նա ոչ մի բառ եւ ոչ մի տառ չի փոխում, բայց վեպի ամեն բառ, ամեն տառ գրում է յուրովի` պիեռմենարավարի: Արտագրելով` նա գրում է, գրելով` հավատում է, որ դառնում է «Դոն Կիխոտի» հեղինակ եւ ի վերջո` դառնում է «Դոն Կիխոտի» հեղինակ: Ստորեւ, ահա, ներկայացնում եմ իմ հեղինակած բանաստեղծությունը, որ կոչվում է
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատն Աստված այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգեւել.
Ես անբարբառ մի մանուկ,
Երկու ձեռքս պարզեցի
Եվ իմ անզոր թեւերով
Ազատություն գրկեցի:
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկպված
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել`
Եվ այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:
«Ազատությո՞ւն, - ինձ կրկնեց
Ճակատագիրը վերեւից. -
Ազատությա՜ն դու զինվոր
Կամի՞ս գրվիլ այս օրից:
Ո՜հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»:
Ազատությո՜ւն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչեւ անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար` Ազատությո՜ւն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
24.04.11թ.
Հ.Գ. Նյութը գրելու ժամանակ Բորխեսի գիրքը ձեռքիս տակ չէր: Այն ժամանակ էլ էի մտածում, թե գուցե նրա պատմվածքի բովանդակության մանրամասները լավ չեմ հիշում (կարծեմ դա էր գրածս չտպագրելու պատճառը): Բանտում ստուգելու հնարավորություն չունեի: Հիմա ձեռքիս տակ ունեմ Բորխեսի գիրքը. սկզբից որոշեցի մի հատ էլ կարդալ «Պիեռ Մենարը դոն Կիխոտի հեղինակ»-ը, բովանդակությունը «ստուգելու» համար, հետո փոշմանեցի: Եթե ճիշտ չեմ հիշում պատմվածքի բովանդակությունը, ավելի լավ. ուրեմն դարձա նաեւ «Պիեռ Մենարը դոն Կիխոտի հեղինակ»-ի հեղինակ:














HRASHALI E NIKOL JAN!!! STACVEC AYNPES, VOR ES EL DARCA NIKOL PASHINYANI BOLOR GRACNERI U MTQERI HEXINAK, VORONC TAK HPARTUTYAMB STORAGRUM EM` ARAM HOVHANNISYAN!
Du hrashq es , Nikol! Astco mec pargev mer joxovrdin!
Պարոն Ն. Փաշինյան Դուք այդքան չկաք որպիսի ոտք մեկնեք Միքաել Նալբանդյանի հետ, իդեպ Ձեր արածը գրգողություն է կոչվում: