> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

Այն, ինչ հարկավոր է Հայաստանին, այլ կերպ, քան հեղափոխություն` դժվար է անվանել: Փոփոխության կարիք ունեն մեր հանրության հիմնարար արժեքները. մղումները, մոտիվացիաները, շարժուձեւերը, հարաբերությունների կերպը, դեմքի արտահայտությունները: Ամեն ինչ այնքան է խառնված, որ նույնիսկ անծանոթ մարդիկ ճիշտ չեն նայում իրար: Փոխադարձ արհամարհանքի մի ինչ-որ դաջվածք կա նրանց դեմքերին, ջղաձիգ մի լարվածություն: Բոլորը բոլորից ագրեսիվության սպասում ունեն, բոլորը վտանգ են ներկայացնում բոլորի համար:

Մարդը անպաշտպան է զգում իրեն, այստեղից էլ վտանգի կենդանական զգացումը, այստեղից էլ կասկածող եւ անհյուրընկալ հայացքները, այստեղից էլ ագրեսիվությունը, երբ դիմացինիդ նետած ակնթարթային հայացքը կարող է բախում սադրել` հը, ի՞նչ ես նայում: Մարդու ինքնիշխանությունը ճանաչված չէ Հայաստանում, եւ ուրեմն բոլորը կոնֆլիկտ են սպասում, բոլորը ծարավ են կոնֆլիկտի: Հայաստանը նման է անկայուն մի տարածաշրջանի, որտեղ գտնվող պետությունները փոխադարձաբար չեն ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել միմյանց հետ, չեն համաձայնեցրել փոխադարձ հարաբերությունների կերպը: Արաբներ-իսրայելցիներ, աբխազներ-վրացիներ, ալբանացիներ-սերբեր. Երեւանի փողոցներում քայլող, սրճարանում նստած ամեն ոք սերբ է զգում իրեն եւ որպես ալբանացի ընկալում ցանկացած անծանոթի: Դժվար է ասել, թե ինչ կլինի, երբ այն հողում, որը սերբն իրենն է համարում, ալբանացին իրենը` հանդիպեն սերբն ու ալբանացին: Դժվար է ասել, թե ինչ կլինի, երբ Երեւանի փողոցում հանդիպեն երկու հայ, որոնք փոխադարձաբար չեն ուզում ճանաչել դիմացինի գերակայությունը, հոգեբանական գերակայությունը, որովհետեւ երկու տարբեր անձինք ի սկզբանե բացառում են հավասարությունը Աստծո եւ Սահմանադրության առաջ:

Մեր հանրությունը զրկված է ընդհանրության ընկալումից, փողոցում պատահաբար հանդիպող երկու անծանոթ ընդհանուր որեւէ բան չունեն, նույնիսկ` հայրենիք: Մեկի համար հայրենիքը Գորիսն է, երկրորդի համար` Դիլիջանը, երրորդի համար` Գյումրին, չորրորդի համար` Սառնաղբյուրը, հինգերորդի համար` Երեւանը: Բայց Երեւանը հայրենիք է դառնում, ասենք, Ջերմուկում, երբ երեւանցին Երեւանում է` հայրենիք դառնում են Յոնջըլախը, Շորբուլախը, 24-ի կռուգը, Կանալիզացիայի յանը: Շորբուլախում արդեն հայրենիք է դառնում Ունիվերսամի քուչեն, Ունիվերսամի քուչում` Բլդոյենց գարաժի հետեւը, Բլդոյենց գարաժի հետեւում` շենքի պադյեզդը, պադյեզդում` տունը, տանը` բալկոնի ուգլը, եւ որդին հոր գլուխը ջարդում է` առանց վիզայի բալկոն մտնելու համար:
Հեղափոխություն է պետք հանուն ընդհանրության: Ընդհանրությունը կա, դրված է, հայտարարված, եւ հեղափոխական երթով պիտի հասնենք, մտնենք, բնակություն հաստատենք այդ ընդհանրության մեջ: Սահմանադրությունն է մեր ընդհանրությունը, Քաղաքացիությունն է մեր ընդհանրությունը: Լավի ու վատի, չարի ու բարու, բարեկամի ու թշնամու մեր ընկալումն էլ հենց այս սահմաններում պետք է տեղավորվի: Լավը, բարին, բարեկամը այն է եւ նրանք են, ովքեր տեղավորվում են Սահմանադրության, օրենսդրության շրջանակներում:

Սահմանադրությունից, օրենքից դուրս ամեն ոք թշնամի է եւ ոսոխ, անկախ նրանից` անունն ինչ է, եւ քանի մեդալ է դոշին հավաքած: Մարդուն Հայաստանում հարաբերությունների կանոն է պետք, հստակ պատկերացում այն մասին, թե ինչ կարելի է, եւ ինչ չի կարելի: Այլապես` յուրաքանչյուրին կարելի է այն, ինչ նա կարող է իրեն թույլ տալ: Որպես հետեւանք` ոմանց կարելի է ամեն ինչ, իսկ ոմանց չի կարելի նույնիսկ այն, ինչ հռչակված է որպես համընդհանուր իրավունք: Այն, ինչ հարկավոր է Հայաստանին, այլ կերպ, քան հեղափոխություն` դժվար է անվանել: Հեղափոխությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,


  1. Օգոստոս 17th, 2011 at 19:22 | #1

    +1+1+1+1+1

  2. Արամ
    Օգոստոս 17th, 2011 at 20:03 | #2

    Ճիշտ ես Նիկոլ ջան

  1. No trackbacks yet.