> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԵՏՈՒՅՔ ԵՎ ՀՈԳԻ

ՀԵՏՈՒՅՔ ԵՎ ՀՈԳԻ

Մտածում եմ, թե ինչ արձագանք է գտնելու մեր թերթի այսօրվա համարի 3-րդ էջում տպագրված հարցազրույցը: Գիտեմ, որ արձագանքը լինելու է բուռն, գիտեմ, որ անարգանքի տարափ է հորդելու Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից սեռական շահագործման ենթարկված անչափահաս տղայի մոր հասցեին, որը ոչ միայն չի մեղադրում մանկապիղծին, դեռ մի բան էլ փառաբանում է նրան եւ սեփական անչափահաս որդուն մեղադրում` ինքն էլ չգիտի` ինչի մեջ (տես էջ 3 ): Չեմ ուզում, որ ընթերցողի արձագանքը լինի էմոցիոնալ, որովհետեւ այստեղ սթափ մտածելու բան կա: Սա առանձին վերցրած մարդու արձագանք չէ առանձին վերցրած իրադարձությանը, այլ ախտորոշում այն հիվանդությանը, որով տառապում է մեր հանրությունը:

Չեմ վախենալու հարցը քաղաքականացնելու մեղադրանքներից եւ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, եւ մեր մեջ ասած` այս ընթացքում ասել եմ մի քանի անգամ: Մատնանշածս հարցազրույցում ընդամենը արտացոլված է օլիգարխիայի եւ ՀՀ քաղաքացու հարաբերությունների համակարգը: Մի քանի անգամ կարծիք եմ հայտնել, որ օլիգարխիան մի նպատակ ունի. այնքան ունեզրկել եւ նվաստացնել ՀՀ քաղաքացուն, որ ով նրան հինգ հազար դրամ ցույց տա, աստված թվա, փրկիչ ու բարերար: Ամեն ինչ հենց այդպես էլ իրագործված է, եւ երբ կարդում եմ մանկապղծության գործով տուժող անձի պատասխանները մեր թերթի հարցերին, ինքս ինձ ասում եմ. ահա մարդ, քաղաքացի, որ զրկված է արժանապատվությունից եւ փառաբանում է իր արժանապատվությունը իր ձեռքից վերցրածին, իր որդու հետ սեքսով զբաղվածին:

Մեր մեջ ասած, մենք իրավունք չունենք նման վերաբերմունքին առանձնապես էմոցիոնալ վերաբերվել, որովհետեւ օլիգարխիան տարիներ շարունակ նույն բանն է անում Հայաստանի քաղաքացու հետ: Երեւանյան «էլիտար» շրջանակներում վաղուց անուններով խոսում են հայտնի օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ովքեր երկար տարիներ զվարճանում են բացառապես կույս աղջիկների հետ, եւ նույնիսկ մրցություն կա, թե այս ընթացքում ով քանի կույս աղջկա հետ է պառկել:

Նույնիսկ եթե սեռական գործոնը մի կողմ թողնենք, մի՞թե պակաս անարժանապատիվ վիճակում են հայտնվում մարդիկ, ովքեր տուկի թել, կարտոշկայի սերմացու, նոր տարվա լիմոնադ, խաղահրապարակ, առաջին դասարանցիների նվեր, անվճար ավտոբուս ստանալու դիմաց հեռուստաէկրանների առաջ գովերգում են այս կամ այն օլիգարխին: Երբ հայ անատամ տղամարդը վիզը ծռած շնորհակալություն է հայտնում մեկ ուրիշ` ատամնավոր տղամարդուց, որ իր կնգա համար նվեր է առել մարտի 8-ին: Ահա էս տղամարդը ինչո՞վ է տարբերվում միայնակ այն կնոջից, որը Սերոբ Տեր-Պողոսյանին աստված է համարում, իսկ աստվածներին, ինչպես հայտնի է, թույլատրված է ամեն ինչ, նույնիսկ` մանուկներ պղծել:

Էսօր Հայաստանը, մեծ հաշվով, նույն այդ մանուկի վիճակում է, որին ամեն օր շինում են, մեր մեջ ասած: Իսկ հարյուրներով լրագրողներ, մտավորականներ, մարզիկներ, հոգեւորականներ փառաբանում են իրենց հայրենիքը շինողներին եւ բաց ճակատով քայլում Երեւանի փողոցներով: Նկատի ունեմ, եկեք քարեր չնետենք ախթալացի կնոջ ուղղությամբ, այլ հասկանանք, որ էս պիղծ կյանքի ընթացքում ամեն մեկս մի բան զիջել ենք էս բոզի տղերքին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. LEVON
    Օգոստոս 16th, 2011 at 11:19 | #1

    Hargeli Nikol liovin hamazaynem ko hodvaci het, ays datavaryutyun@ texi e ynenym Vanazor kaxakym. naev lyurer kan vor storagrahavaken kazmakerpel vorpesi dataran@ mexm verabervi et bozi txyn. Cavali e, angam sarsapeli vor ayd storagrahavakin aktivoren masnakcym en naev mankavarjner. Hima avlei shat yzymem chshtel ardyok ayd storagrahavak@ chisht e. im xorin hamozmamb mer azgin kogni 1+1+1+1+1+1+1+1………………..ays ko hrashali banazev@.

  2. Ծովինար
    Օգոստոս 16th, 2011 at 11:55 | #2

    Հարգելի Նիկոլ, ընդունում եմ հանդիմանանքդ: Այս հոդվածդ մեխն իր տեղն է խփում: Բազմիցս նեղվել եմ, երբ հոդվածներումդ նկատել եմ հանդիմանանք ժողովրդին հասցեին: Իսկ հիմա ախտորոշումը դիպուկ է: Էլիտան է ժողովրդին դնում այնպիսի պայմանների մեջ, որ բարոյազրկում է նրան, ստեղծում է կոռուպցիոն փակ շղթա, իսկ հետո հայտարարում, թե մեր ժողովուրդը էդ է, պատրաստ չէ ազատությունների, պատրաստ չէ օրինականության: Ընդորում, այո, էլիտան ոչ միայն օլիգարխներն են, այլեւ միտք արտադրելուն կոչված մարդիկ, որովհետեւ «ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում»: Մուբարաքն էլ էր ասում, թե Եգիպտոսի մշակույթը լավ չգիտեք, այ Արեւմուտք: Պարզվեց եգիպտացիները նույնիսկ ավելի ազատասեր են, քան Արեւմուտքը: 1988-ի, 2008-ի հայաստանյան փորձն էլ ապացուցեց, որ ժողովուրդը ազատասեր է ու շատ ավելի ազնիվ, քան կարծում ենք: Պարզապես մեզանից շատերը չկարողացան, ուժ չգտան դուրս գալու արատավոր շրջանից գուցե այն պատճառով, որ մեզանից ոմանց կյանքի պայմաններն ավելի դաժան ու ճնշող էին, քան մյուսներինս: Ստացվել է էնպես, որ էլիտայի «առաջնորդությամբ» մենք նրան ենք զիջել ամեն ինչ, մնացել են շղթաները ու դեռ դրանք ենք փայփայում որպես վերջին ունեցվածք: Այ երբ գիտակցենք, որ շղթաները ունեցվածք չեն, այլ բալաստ, հեղափոխությունը օրերի հարց կլինի:

  1. No trackbacks yet.