> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԴԻՄԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԴԻՄԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկ տեղի ունեցած ասուլիսում, խոսելով Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների մասին, հայտարարել է. «Ես չեմ ուզում ծայրահեղ միջոցների դիմեմ»: Այս հայտարարությունը եկեք առայժմ տարօրինակ համարենք, որովհետեւ Ալիկ Սարգսյանի ոստիկանները

ա) դաժան ծեծի են ենթարկել ձերբակալված 7 ակտիվիստներին,

բ) նրանց զրկել են պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից,

գ) բերման ենթարկելուց հետո առնվազն 20 ժամ նրանց զրկել են փաստաբան ունենալու եւ իրավական օգնություն ստանալու իրավունքից եւ որպես կասկածյալ ներգրավել են առանց փաստաբանի ներկայության,

դ) բռնություններ են կիրառել փաստաբանների նկատմամբ եւ նրանց ապօրինի զրկել ազատությունից,

ե) ընդդիմության ակտիվիստներին ձերբակալել են,

զ) հայտարարում են, թե կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմելու են դատարան:

Այսպիսով, Ալիկ Սարգսյանի ոստիկանները Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստների նկատմամբ կիրառել են բոլոր հնարավոր միջոցները, նրանց վրա մինչեւ տասը տարվա ազատազրկում նախատեսող հոդված դրել, նույնիսկ մեր օրերի համար աննախադեպ ապօրինություններ թույլ տվել եւ դեռ մի բան էլ սպառնում է, որ չի՞ ուզում դիմել ծայրահեղ միջոցների: Ի՞նչ ծայրահեղ միջոց, պարոն ոստիկանապետ: Պիտի մենախցերում գյուլլե՞ք ընդդիմության ակտիվիստներին: Էդ ի՞նչ ծայրահեղ միջոցների մասին եք խոսում:
Որեւէ նորմալ երկրի որեւէ ոստիկանապետ չէր կարող իրեն նման հայտարարություն թույլ տալ: Եթե այդպես խոսեր հանցավոր խմբավորման ղեկավար, ես կհասկանայի: Բայց ՀՀ ոստիկանության ղեկավա՞րը: Իսկ գուցե Հայաստանի ոստիկանությունը հենց հանցավոր խմբավորման ինքնազգացո՞ւմ ունի: Այս ենթադրությունը, ցավոք, չի կարելի չափազանցություն համարել: Եկեք հիշենք, որ մարտի 1-ի տասը զոհերից երեքին հենց պաշտոնապես սպանել են ոստիկանները` «Չերյոմուխա-7» հատուկ միջոցով: Այդ ոստիկանները ոչ միայն չեն պատժվել, այլեւ հենց հիմա Ալիկ Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունում են աշխատում: Գուցե նրանք հենց ավելի խիստ միջոցներ ձեռնարկողների խմբի անդա՞մ են: Մարտի 1-ի մյուս մարդասպաններն էլ հաստատապես ոստիկաններ են, եւ նրանք նույնպես հիմա ոստիկանությունում են աշխատում: Մենք չգիտենք նրանց անունները, բայց չենք կարող բացառել, որ հենց դրանցից են եղել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների նկատմամբ բռնություններ կիրառողները:
Թամամյան Հովիկին չմոռանանք եւ փորձենք հասկանալ, թե ինչ ծայրահեղ միջոցների մասին է խոսում ՀՀ ոստիկանության պետը: Գուցե Գեւորգ Մհերյանի սպանությու՞նն է ուզում կախել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների վզին: Այսպիսով նա գուցե կարողանա փրկել ՀՀ ոստիկանության պատիվը. ինքն է չէ՞ ասել, որ Մհերյանի սպանության բացահայտումը ՀՀ ոստիկանության պատվի հարցն է: Շուտով կլինի երեք տարի` սպանությունը բացահայտված չէ, այսինքն` ՀՀ ոստիկանությունը անպատիվ է մնացել: Եւ հետո, Ալիկ Սարգսյանը զարմանում է, որ այդ ոստիկանությանը վերաբերվում են մի ձեւի ուրիշ:

Իսկ ինչու պիտի հայոց ոստիկանությունը մի մեծ հանցավոր խմբավորման զգացողություն չունենա: Ինքը` Ալիկ Սարգսյանն էր, չէ՞, թերթերում, ի դեպ` Հայ ազգային կոնգրեսի այս նույն երիտասարդների վրա հարձակվածների լուսանկարները տեսել եւ եզրակացրել, որ դրանք կիսահանցագործ դեմքեր են: Հետո պարզվել է, որ դրանք ոստիկաններ են, որոնք աշխատում են այն նույն բաժնում, որտեղ 2 օր առաջ կրկին դաժան ծեծի ենթարկվեցին Հայ ազգային կոնգրեսի այդ նույն ակտիվիստները: Աշխատում են մինչեւ օրս:
Ինչու, ինչու չպիտի հայոց ոստիկանությունը մի մեծ հանցավոր խմբավորման զգացողություն ունենա: Էդ նույն ոստիկանության Չարենցավանի բաժնո՞ւմ չէին խոշտանգումների ենթարկել ՀՀ քաղաքացի Վահան Խալաֆյանին: Էս նույն ոստիկանապե՞տը չէր, որ փորձում էր թաքցնել հանցագործներին, բայց միայն հանրային ճնշման արդյունքում ստիպված եղավ հանձնել նրանց:
Ո՞նց կարող է հայրենի ոստիկանությունը մի մեծ հանցավոր խմբավորման զգացողություն չունենալ. էդ նույն ոստիկաննե՞րը չէին, որ դատարաններում կեղծ ցուցմունքներ էին տալիս ընդդիմության ներկայացուցիչների դեմ: Իսկ կեղծ ցուցմունք տալը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է:

Էս նույն ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյա՞նը չէր, որ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին ընդդիմության դեմ ծավալվող աղաղակող ապօրինությունների սկիզբ դրեց եւ ոչ միայն պատժի չարժանացավ, այլեւ պաշտոնի բարձրացում ստացավ, որովհետեւ Հայաստանի ոստիկանությունում ապօրինությունը պաշտոնի բարձրացում ստանալու կարեւորագույն պայմաններից է: Ու սրանք դեռ հոխորտում են, թե իրենք չեն ուզում դիմել ծայրահեղ միջոցների: Էդ դո՞ւք չեք ուզում ծայրահեղ միջոցների դիմել: Դուք ձեր բոլոր հնարավոր ծայրահեղ միջոցներին դիմել եք, դիմում եք:
Ալիկ Սարգսյան, ուշադիր լսիր, էդ մենք, մենք չենք ուզում դիմենք ծայրահեղ միջոցների, բայց ոնց իրադարձությունների զարգացումն է ցույց տալիս, մի ինչ-որ պահի կարող է եւ ստիպված լինենք:

Հ.Գ. Այսօր լրանում է օգոստոսի 9-ից անազատության մեջ գտնվող 7 ակտիվիստներից մեկի` Սահակ Մուրադյանի 19-ամյակը: Ծնունդդ շնորհավոր, Սահակ ջան: Գլուխդ բարձր, դուխդ տեղը` պայքարելու ենք մինչեւ վերջ եւ հաղթելու ենք: Չկասկածես:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , ,


  1. Gohar Vezirjan
    Օգոստոս 12th, 2011 at 20:20 | #1

    Մեժ հաճույքով կտորագրեի այս հոդվածի յուրաքանչյուր նախադասության տակ, նախադասության տողատակերի տակ: Էս ոգու եւ լավատեսության համար շնորհակալություն:

  2. Օգոստոս 12th, 2011 at 21:14 | #2

    Ես էլ չեմ կասկածում+++++++

  3. Արամ
    Օգոստոս 14th, 2011 at 14:39 | #3

    Ես էլ

  1. No trackbacks yet.