> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ` ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ` ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մեր մեջ ասած` կրպակները, որ հիմա Երեւանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել` վաղուց պետք է դադարեցրած լինեին իրենց գործունեությունը: Համենայնդեպս` իշխանություններն ամեն ինչ անում էին դրա համար: Նրանց ջանքերով Երեւանում ամեն քայլափոխի սուպերմարկետներ են գործում, որոնք քիչ չի` պատկանում են օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների` այսպիսով ունեն խոշոր եւ երկարաժամկետ ներդրումներ անելու հնարավորություն, քիչ չի` հաճախ ՀԴՄ կտրոններ չեն տալիս` այսպիսով դուրս գտնվելով հարկային դաշտից, դեռ մի բան էլ կրպակներից էժան են վաճառում նույն ապրանքները:
Այս պայմաններում կրպակները վաղուց պետք է փակված լինեին` անմրցունակ լինելու պատճառով: Բայց հայ մարդը այս դեպքում էլ տոկունություն ցուցաբերեց եւ դաժան ու անհավասար մրցակցության պայմաններում շարունակում է հանապազօրյա հացի փող աշխատել, եւ մի բան էլ` հարկ վճարել պետությանը:

Պատկերացնու՞մ եք, ինչպիսի լկտիություն. էս կրպակատերերը ցինիկ կերպով կլիենտ են փախցնում սուպերմարկետներից, փաստացի կողոպտում են օլիգարխներին եւ նրանց շեֆին: Եւ սա դեռ քիչ չէ, քցում են այն քաղաքի տեսքը, որտեղ օլիգարխներն ու սերժանտները դռայվ են անում իրենց ընտանիքների եւ ոչ միայն ընտանիքների հետ: Եւ սա դեռ քիչ չէ, մի բան էլ շարունակում են ապրել Հայաստանում` այսպիսով մեծացնելով հեղափոխության հավանականությունը:

Ահա, ուրեմն` կառավարությունն ամեն ինչ անում է Հայաստանում հեղափոխության հավանականությունը փոքրացնելու համար, եւ ինչպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն էր ուղենշել` փաստացի նպաստում է արտագաղթի խթանմանը: Ինչպես, ուրեմն, ուրիշ ինչպե՞ս բացատրել այն ամենը, ինչ այս օրերին տեղի է ունենում Երեւանում գործող շուրջ 3000 կրպակների շուրջ: Կա՞ արդյոք տեղի ունեցողի մեջ որեւէ ուրիշ տրամաբանություն: Չկա, իհարկե, որովհետեւ այս ողջ ընթացքում մտածում եմ ընդամենը մեկ հարցի շուրջ. այս երեք հազար ընտանիքներին ապրուստի միջոցներից զրկելով, նրանց ի՞նչ այլընտրանք է առաջարկում կառավարությունը:

Լավ, ասենք` մարդը ինքնակամ ենթարկվեց Երեւանի քաղաքապետի որոշմանը, փակեց, քանդեց, հանեց իր կրպակը եւ դեռ դրա տեղն էլ յոնջա ցանեց, որ Երեւանի բոլոր սերժանտները արածելու տեղ ունենան: Հետո, հետո՞ ինչ անի: Աշխատատե՞ղ է առաջարկում մեր պետությունը այդ մարդուն, արժանապատիվ նպա՞ստ է առաջարկում, կամ ինչ-որ ուրիշ բան: Չի առաջարկում ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ երրորդը: Այդ դեպքում նոր հարց է առաջանում. բա էդ մարդը իր ապրուստը, հացը ինչպե՞ս վաստակի: Այս հարցի պատասխանը չի տալիս ոչ ոք, ինչը նշանակում է, որ տեղի ունեցող ապամոնտաժումները միմիայն մի նպատակ ունեն. մի քանի հազար մարդու հանձնել բախտի եւ անորոշության քմահաճույքին: Էլի մի քանի հազար հոգու: Էլի ինչ-որ շրջանառու միջոցներ ուղղել օլիգարխների եւ իշխանավորների գրպանները, որ առաջիկա ընտրություններում սնանկացած ու նվաստացած քաղաքացին նայի իր թաղի խառոշիի ձեռքին, թե նա քանի հազար դրամ կտա` Դոդին, Սերժին կամ այս կարգի որեւէ ուրիշ մեկին ձայն տալու համար: Եթե ոչ` ուրեմն արտագաղթն է այլընտրանքը:

Կա, իհարկե, մեկ այլ տարբերակ նույնպես. 700 հազար մարդ Ազատության հրապարակում եւ 24 ժամ իշխանություններին` ռադ լինելու համար: Ես, իհարկե, որեւէ մեկին որեւէ բան չեմ պարտադրում, չեմ էլ կարող: Ես ուղղակի գծագրում եմ իրավիճակը եւ դրանից ելքի բոլոր հնարավորությունները: Յուրաքանչյուրն ազատ է իր ընտրության մեջ, յուրաքանչյուրը պատասխանատու է իր ընտրության համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.