> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԾՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ

ԾՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆԵՐԸ

www.nikol.am կայքի այցելու Համլետը Ն. Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Սիրելի Նիկոլ, ի՞նչ եք կարծում, եթե իշխանությունները նորից փորձեն ժամանակ շահել, այդ ժամանակ ՀԱԿ-ի քայլերը որո՞նք են լինելու: Ասվել է, որ անպայման կլինի ջրբաժան: Ի՞նչ եք կարծում, ջրբաժանի ժամանակ երկրորդ մարտի 1 անելու ռեսուրս ունի՞ այս հանցագործ իշխանությունը, թե՞ ոչ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Համլետ. իմ կարծիքով 2008 թվականի մարտի 1-ը տեղի ունեցավ այն պատճառով, որ գործող վարչախումբը թերագնահատեց ժողովրդին եւ ընդդիմությանը: Ասում են` Ազատության հրապարակի վրա հարձակում նախապատրաստելիս իշխանության տրամադրությունը եղել է հետեւյալը. մի հատ փըխկ անենք` բոլորը փախչելու են: Քոչարյանական վարչախումբը ինքն իրեն այնպես էր ներշնչել միակտղամարդու «կոնցեպցիայի» ճշմարտացիության մեջ, որ խորապես համոզված էր, որ իրենք ղարաբաղցի վոյիններ են, իսկ Երեւանում ապրում են անդեմ թույլիկներ: Ղարաբաղյան կլանին էլ կարելի է հասկանալ. նրանք Երեւանում շրջապատված են եղել անողնաշար ու անդեմ մտավորականներով, կոշիկ լիզող օլիգարխներով, 25 դոլարանոց լրագրողներով, մի փորհացով աշխատող վերլուծագանգերով, մատնիչներով ու դանոսչիկներով: Ու մտածել են, թե դա է Երեւանը, Հայաստանը: Էլ չեն մտածել, որ նմանը նմանին է գտնում պարզապես:

Ռոբերտ Քոչարյանը չի մտածել, որ հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը համբերատար, խոհեմ, բայց եւ խստաբարո ժողովուրդ է, ներողամիտ, բայց երբեք թուլակամ: 2008 թվականի մարտի 1-ին Քոչարյանն առաջին անգամ տեսավ իրական Հայաստանը, իրական Հայաստանի քաղաքացուն: Իսկ քաղաքացին ոչ միայն չփախավ, այլեւ կանգնեց տանկերի առաջ: Առավոտյան ավանտյուրայից հետո, երբ ժողովուրդը կրկին հավաքվեց մայրաքաղաքի կենտրոնում, բոլորին հասկանալի էր, որ եկել է կամ-կամ-ի ժամանակը: Այդ օրը իշխանությունը կամ պետք է հեռանար, կամ էլ իրականացներ սպանդ: Տեղի ունեցավ երկրորդ տարբերակը, եւ ես համոզված եմ` առնվազն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հրահանգով եւ աջակցությամբ: 2008 -ի հետընտրական փուլում փլուզման եզրին էր կանգնել ոչ միայն ավազակապետությունը, այլեւ հօդս էին ցնդում բոլոր այն պայմանավորվածությունները, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ռուսաստանը կապել էին ավազակապետության հետ: Բայց նույնիսկ մարտի 1-ի գնով հնարավոր չեղավ մեծ deal-ը փրկել:

Քոչարյանասերժական կլանը չնայած շարունակում է գոյատեւել, բայց ի վիճակի չէ կատարել այն պայմանները, որոնք գերտերությունները դնում են նրա առաջ: Պատճառը մեկն է` չունի բավարար իշխանություն, որովհետեւ 2008 թվականի մարտի 1-ով նույնիսկ, չկարողացավ կոտրել Համաժողովրդական շարժումը: Դեռ ավելին` Հայաստանում հիմա երկիշխանություն է. կա Բաղրամյան 26-ի իշխանություն, որը ոչ օրինակարգ է եւ թուլացող, եւ կա Ազատության հրապարակի իշխանությունը, որը օրինակարգ է եւ հզորանում է ամեն օրվա հետ:

Գերտերություններն, ի դեպ, ոչ օրինակարգ իշխանությունների հետ սիլիբիլիներում նաեւ զգուշություն են ցուցաբերում, եւ դրա պատճառը տարեսկզբից արաբական աշխարհում ծավալվող իրադարձություններն են: Չափազանց կարեւոր բան տեղի ունեցավ փետրվարին: Թունիսի մայրաքաղաք Թունիսում ժողովուրդը հանրահավաք էր անում, եւ դա փլուզումներ առաջացրեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում.
Ֆրանսիայի ԱԳ նախարար Միշել Ալիո-Մարին հրաժարական տվեց Թունիսի բռնակալական ռեժիմի հետ կապեր ունենալու համար: Այսինքն, աշխարհը այնքան է «փոքրացել», որ արեւմտյան եւ ռուսական չինովնիկները սկսել են մտածել բռնակալական ռեժիմներից տարանջատվելու մասին, որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե համաժողովրդական ընդվզումն, օրինակ` Հայաստանում, ի՞նչ արձագանքներ կգտնի Մոսկվայում, Վաշինգթոնում, Փարիզում: Հիմա այլեւս այն ժամանակները չեն, որ Մոսկվան, Վաշինգթոնը, Փարիզը իրենց որոշմամբ կարողանան իշխանություն փոխել, իշխանություն պահել: Իշխանության հետ կապված հարցերում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին:

Ամփոփեմ ուրեմն, պատասխանս. իմ անձնական կարծիքով, նոր մարտի 1 հնարավոր չէ, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր տեղը չէին բերում հայաստանցուն, երեւանցուն, ՀՀ քաղաքացուն` տեղը բերեցին` 2008 թվականի մարտի 1-ին: Ես մինչեւ վերջին վայրկյանը գտնվել եմ իրադարձությունների կիզակետում եւ տեսել եմ Հայաստանի քաղաքացուն: Ես հավատում եմ ժողովրդի եւ քաղաքացու ուժին եւ համոզված եմ` ժողովուրդը, քաղաքացին ինքն էլ է համտեսել իր ուժը եւ այն օգտագործելու է ի նպաստ սերունդների ապագայի: Համոզված եմ միանշանակ. ցանկացած իշխանություն, որ կփորձի նորից ծեծել եւ քշել Հայաստանի ժողովրդին, կծեծվի եւ կքշվի ժողովրդի կողմից: Մեր ժողովուրդը համբերատար է, բայց ավազակապետությունը վայելում է նրա ծով համբերության վերջին կաթիլները: Գործող վարչախմբին խորհուրդ եմ տալիս արդյունավետ եւ խելամտորեն օգտվել այդ կաթիլներից: Լավագույն մաղթանքներս, սիրելի Համլետ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Օգոստոս 16th, 2011 at 07:50 | #1

    Apres Nikol jan! Inchpes misht, sparich patasxan!

  1. No trackbacks yet.