> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՕՐԻՆԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ. ԱՀԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ

ՕՐԻՆԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ. ԱՀԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ

www.nikol.am կայքի այցելու Հայկը Նիկոլ Փաշինյանին հետեւյալ հարցն է տվել. «Սիրելի Նիկոլ, մոտ երկու տարի առաջ (միգուցե սխալվեմ ժամկետի հարցում) դուք «ՀԺ»-ի հերթական համարներից մեկում հոդված էիք գրել, որի էությունն այն էր, թե խնդիրը իշխանավորի մարդկային հատկանիշների մեջ չէ, այլ ժողովրդից համակարգի կտրվածության մեջ: Ինձ համար դրա վառ օրինակ է հանդիսանում ներկայիս արդարադատության նախարարի «էվոլյուցիան»: Նման դեպքերում, ո՞րն է, ըստ Ձեզ, այն ապահովության միջոցը, որ իշխանափոխությունից հետո մենք չենք կանգնի նույն կտրվածության խնդրի առաջ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Հայկ, խնդիրը բոլոր դեպքերում իշխանության, պաշտոնյաների լեգիտիմության` օրինակարգության մեջ է եւ քաղաքացիական ակտիվության:

Հայերենում «պաշտոն» գիտե՞ք ինչ է նշանակում. ծառայություն: Ցանկացած երկրում ցանկացած պաշտոնյա ծառայող է, բոլոր դեպքերում նա ծառայություն է իրականացնում: Նույնիսկ Հայաստանում է այդպես. վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն, օրինակ, ծառայություն է իրականացնում, ծառայում է, ծառա է: Բայց երբ հարց ենք առաջադրում, թե ու՞մ է ծառայում Տիգրան Սարգսյանը, սկսում են ի հայտ գալ մեր ժամանակի պրոբլեմները:

Ո՞ւմ է, ուրեմն, ծառայում որեւէ ծառայող: Նրան, ով իրեն կարգել է ծառայության: Հարց` ո՞վ է ծառայության կարգել Տիգրան Սարգսյանին: Սերժ Սարգսյանը եւ խորհրդարանական մեծամասնությունը: Իսկ ո՞վ է ծառայության կարգել Սերժ Սարգսյանին եւ խորհրդարանական գործող մեծամասնությանը: Այս հարցին ի պատասխան տասնյակ վարկածներ կարող ենք առաջ քաշել, տարբերակներ առաջադրել: Բայց մեր խնդիրը չբարդացնելու համար եկեք արձանագրենք այն, ինչ գիտենք: Իսկ մենք գիտենք, որ ոչ Սերժ Սարգսյանին, ոչ խորհրդարանական մեծամասնությանը ծառայության չի կարգել ժողովուրդը:

Ահա եւ պատասխանի առաջին մասը. Սերժ Սարգսյանը եւ գործող խորհրդարանական մեծամասնությունը իրենց կարգած վարչապետով ու կառավարությամբ կարող են ծառայել ցանկացած սուբյեկտի, բացի ժողովրդից, որովհետեւ պաշտոնյան, ծառան ծառայում է նրան, ով իրեն ծառայության է կարգել: Իսկ մենք արդեն գիտենք, որ ժողովուրդը սրանց չի կարգել ծառայության:
Երբ ասում ենք, որ պաշտոնյան կաբինետում փակվելով` կտրվում է իրականությունից, նկատի ունենք, որ կտրվում է ժողովրդից, որովհետեւ իրականությունն այն կյանքն է, որով ապրում է ժողովուրդը` քաղաքացիների ամբողջությունը: Իսկ ժողովրդի կողմից ծառայության չկարգվածը ինչո՞ւ պիտի չկտրվի ժողովրդից, նա ի՞նչ է, պարտավորությու՞ն ունի ժողովրդի առաջ, ակնկալի՞ք ունի նրանից, պայմա՞ն է կապել նրա հետ: Իհարկե ոչ, որովհետեւ ժողովրդի հետ պայման կապած իշխանությունը ժողովրդից չի կարող կտրվել, որովհետեւ չի կարող գործել ընդդեմ սեփական ինքնապահպանման բնազդի եւ ուրեմն` եթե կտրվի իրեն ծառայության վերցրած ժողովրդից, այդ ժողովուրդը նրան կազատի ծառայությունից, որովհետեւ ծառայել որեւէ մեկին` նշանակում է հոգալ այդ մեկի կարիքները:

Նույն ձեր ասած Հրայր Թովմասյանը արտառոց ոչինչ չի անում, այլ ընդամենը ծառայում է նրան, ով իրեն վերցրել է ծառայության: Իսկ ժողովուրդը Թովմասյանին ծառայության չի վերցրել, որովհետեւ ծառայության չի կարգել նրան ծառայության կարգողին: Հրայր Թովմասյանին ծառայության է կարգել ավազակապետությունը, եւ Հրայր Թովմասյանը պիտի ծառայի ավազակապետությանը, հոգա ավազակապետության կարիքները, հաճոյանա նրան: Նա այլընտրանք չուներ ի սկզբանե, որովհետեւ նա, ով համաձայնվում է ծառայության կարգվել ավազակապետության կողմից, համաձայնվում է ծառայել ավազակապետությանը: Նա, ով համաձայնվում է ծառայության կարգվել ժողովրդի կողմից, համաձայնվում է ծառայել ժողովրդին: Ամեն ինչ պարզ է եւ հասկանալի:

Սիրելի Հայկ, արձանագրենք, ուրեմն, որ ձեր ակնկալած ապահովության միջոցը, որի շնորհիվ պաշտոնյան չի կտրվի ժողովրդից, օրինակարգությունն է: Դուք կարող եք հարցնել, թե ինչո՞ւ պիտի օրինակարգ իշխանությունը ծառայի ժողովրդին: Որովհետեւ ՀՀ Սահմանադրությամբ որեւէ անհատի, կուսակցության, քաղաքական թիմի պաշտոնի կարգելու օրինական լիազորություն միայն ժողովուրդը ունի, ՀՀ քաղաքացիների ամբողջությունը: Երբեմն նա իր այդ լիազորությունը պիտի իրականացնի անմիջականորեն` ինչպես երկրի նախագահ, քաղաքապետ, գյուղապետ, պատգամավոր ընտրելիս, երբեմն` միջնորդավորված` ինչպես նախարար, կամ դատավոր նշանակելիս: Սրանից, սակայն, էությունը չի փոխվում: Պետությունը ժողովրդի տունն է, ժողովուրդը պետության տանտերն է, իշխանությունը` տան ծառաների ամբողջությունը: Երբ որեւէ մեկը ծառայության է վերցվում ժողովրդի կողմից, ինքնըստինքյան ժողովրդին ծառայելու պարտավորություն է ստանձնում: Եթե այդ պարտավորությունը չի կատարում, ժողովուրդը նրան ազատում է ծառայությունից, պիտի ազատի, պարտավոր է ազատել: Եւ ուրեմն, ծառայությունից չզրկվելու համար պաշտոնյան պետք է լավ ծառայի ժողովրդին, չկտրվի նրանից, նրա կարիքներից: Սրանում է օրինակարգության` լեգիտիմության նրբությունը:

Ձեր հիշատակած հրապարակման մեջ նկարագրված իրավիճակի խորքային պատճառը իշխանության ոչ օրինակարգությունն է, մի խնդիր, որ ծանրացած է այսօրվա Հայաստանի վրա եւ հրատապ լուծման կարիք ունի: Պատկերացրեք` ի՞նչ վիճակ կստեղծվի ձեր տանը, եթե վերադառնաք տուն եւ տեսնեք, որ ինչ-որ մեկը ճաշ է եփում ձեր խոհանոցում, դրանից առաջ փոխել է հեռուստացույցի տեղն ու դիրքը, դրանից առաջ էլ ձեր անունից պարտք է վերցրել հարեւանից եւ վաճառել ձեր ողջ ոսկեղենը: Դուք ի՞նչ կանեք. բնականաբար, ինքնակոչին, որին չեք վարձել ձեր տանը նման գործառույթ իրականացնելու համար, կվռնդեք, եւ կփորձեք նրան բանտարկել ձեր ունեցվածքը ապօրինի տնօրինելու համար:

Հայաստանը այսօր նման վիճակում է. ինչ-որ մարդկանց խումբ եկել եւ ՀՀ քաղաքացու տանը ինչ-որ գործողություններ է անում, տնօրինում է նրա գույքը եւ սահմանափակում նրա ազատությունները: Տանտերը, ուրեմն, ի դեմս ժողովրդի` նախ պետք է դուրս վռնդի ինքնակոչներին եւ նոր ծառաներ վարձելու մրցույթ պիտի հայտարարի: Քաղաքական լեզվով ասած` հասնի գործող իշխանության հեռացմանը եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը, որպեսզի իրեն ծառայելու հավակնություն ունեցող ուժերը մասնակցեն այդ մրցույթին, ինքն էլ որոշի, թե նրանցից ում է ընտրում իրեն ծառայելու: Այ, երբ սա տեղի կունենա, ձեր նշած երաշխիքները կգոյանան ինքնըստինքյան, որովհետեւ, ինչպես համոզվեցինք, պաշտոնյան ծառայում է նրան, ով իրեն վարձել է ծառայելու: Չի կտրվում նրանից, ով սնուցում է իր ծառայությունը, ով վերահսկում է իր ծառայությունը, ով աղբյուր է հանդիսանում իր ծառայության համար: Պաշտոնյան, ահա, մշտապես պատրաստ է զգաստ կանգնած հաշվետու լինել իր գործատուի առաջ: Մեր պայքարի նպատակն, ահա, ժողովրդին իշխանության իրական գործատու դարձնելն է: Լավագույն մաղթանքներս, սիրելի Հայկ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.