> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ

www.nikol.am կայքի այցելու Արտյոմը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, չե՞ս կարծում, որ իշխանությունը երկխոսության գործընթացը օգտագործում է ուժեղանալու համար»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արտյոմ, եթե իշխանությունը ուժեղանալու ռեսուրս ունենար, Կոնգրեսի հետ երկխոսության չէր նստի: Խնդիրն այն է, որ 2008-ից հետո ավազակապետությունը օգտագործել է ուժեղանալու բոլոր ռեսուրսները եւ դրանք սպառված համարելով է համաձայնվել նստել երկխոսության սեղանի շուրջ:

Երեք տարի Սերժ Սարգսյանը փորձում էր սեփական դիրքերն ամրացնել բռնության եւ հետապնդումների պետական մեխանիզմը գործի դնելով: Նա հույս ուներ այդպիսով ոչնչացնել Համաժողովրդական շարժումը, բայց երեք տարի անց տեսավ, որ բռնությունները, հետապնդումները, քաղբանտարկյալների առկայությունը ոչ միայն չեն կոտրել ժողովրդական ընդվզման պոտենցիալը, այլեւ ավելի անկանխատեսելի են դարձրել այն: Ինչի հաշվին պիտի ուժեղանա իշխանությունը. բիզնեսի բոլոր ոլորտները արդեն իսկ գտնվում են իրենց վերահսկողության տակ, բոլոր հնարավոր պաշտոնները` սկսած համատիրությունների ղեկավարներից, ուսանողական խորհուրդներից, բուհերի կառավարման խորհուրդներից, իրենց վերահսկողության տակ են: Այսինքն` 2008-ից հետո իշխանությունը պահելու համար Սերժ Սարգսյանը այնքան է կենտրոնացրել իշխանական եւ բիզնես լծակները, որ հիմա ավելացնելու որեւէ բան չի մնացել, ասել է, թե իշխանությունը չունի ուժեղանալու որեւէ պոտենցիալ: Նրա վիճակը ավելի է ծանրանում հայ-թուրքական գործընթացի տապալման եւ Ղարաբաղի հարցի խճճվածության պատճառով: Արտաքին քաղաքական ասպարեզում էլ իր համար շահավետ որեւէ բան անելու ռեսուրս չունի գործող վարչախումբը:

Երկխոսությունը այս ամենի գիտակցման արդյունքում կատարված զիջում է իշխանության կողմից: Այդ զիջումը, սակայն, չի կարելի կապիտուլյացիա համարել: Ավազակապետությունը թուլացած է, բայց իր դիրքերը պահպանելու համար պայքարելու է մինչեւ վերջ: Ձեր հարցի ենթատեքստում, իհարկե, կա տրամաբանություն: Կոնգրեսին թուլացնելը, թերեւս, իշխանության ուժեղանալու միակ ռեսուրսն է, եւ մտավախություն կար, թե երկխոսությունը կարող է հակաքարոզչական գործիք դառնալ Հայ ազգային կոնգրեսի դեմ: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ ուժեր հենց այդ տրամաբանությամբ էլ գործում են, իշխանությունների հետ բանակցությունները փորձելով ներկայացնել այլ լույսի ներքո:

Օգոստոսի երկուսի հանրահավաքը, սակայն, ցույց տվեց, որ նման սցենարը նույնպես չի գործի, որովհետեւ հանրությունը գնահատեց երկխոսության գործընթացը ամբողջությամբ թափանցիկ եւ հայտարարված սկզբունքների շրջանակներում տանելու` Հայ ազգային կոնգրեսի գործելակերպը, եւ այդ գործելակերպը չի կարող փոխվել, որովհետեւ հիմա Կոնգրեսի համար չկա ավելի կարեւոր բան, քան հանրության վստահությունը եւ ժողովրդի աջակցությունը: Երկխոսության գործընթացի հաջորդ վտանգն այն է, որ իշխանությունը կարող է դա օգտագործել ժամանակ ձգելու համար: Այս տարբերակն էլ, սակայն, բացառվում է, որովհետեւ Հայ ազգային կոնգրեսը հստակ գծանշել է այն սահմանագիծը, որից այնկողմ երկխոսությունը չի կարող շարունակվել առանց կոնկրետ արդյունքների: Եւ եթե ամփոփենք ձեր հարցի պատասխանը, կարող ենք արձանագրել, որ իշխանության ուժեղանալու միակ ռեսուրսը մնացել է Կոնգրեսի թուլացումը: Բայց հավատացեք, եթե ուժային որեւէ կառույց չունեցող Հայ ազգային կոնգրեսը կարողացել է հաղթահարել ռեպրեսիաների եւ բռնությունների փուլը, մտքի, դիվանագիտության եւ գաղափարի ոլորտում հաստատ կդիմանա: Իսկ սա նշանակում է, որ իշխանության ուժեղացման ռեսուրս նույնիսկ տեսականորեն գոյություն չունի: 2008-2011թ.թ. իշխանությունը ուժեղացել է այնքան, որքան հնարավոր էր ուժեղանալ, եւ ուժեղության իր պիկին էլ շարունակում է մնալ թույլիկ, անդեմ եւ անհեռանկար: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արտյոմ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.