> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՆՁ ՍՆԱՅՊԵՐ ՏՎԵՔ

ԻՆՁ ՍՆԱՅՊԵՐ ՏՎԵՔ

Բարեկամներիցս մեկը զարմացած պատմում էր, որ ամիսուկես առաջ պատշգամբ դուրս գալով, սարսափել է, տեսնելով, որ դիմացի շենքի տանիքին, որն իրենց պատշգամբի մակարդակին է, ինչ-որ կամուֆլյաժավոր, հեռադիտակավոր, հրացանավոր մարդիկ են դիրքավորվում: Հետո պարզվել է, որ դրանք դիպուկահարներ են, սնայպերներ, որոնց խնդիրը մոտակա մեկ այլ շենքում գտնվող Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելն է: Նմանօրինակ միջոցառումները սովորական են շատ երկրների առաջին դեմքերի անվտանգության ապահովման իմաստով, բայց Հայաստանի պես փոքր երկրներում նկարագրված պատկերը առանձնակի իմաստ է ստանում: Որքան անպաշտպան է քաղաքացին, այնքան ավելի մեծ ռեսուրսներ են ծախսվում առաջին դեմքերի անվտանգության ապահովման նպատակով: Բազմաթիվ հայաստանցիներ տեսած կլինեն միջմարզային ճանապարհներին` թփերի տակ պպզած ոստիկանների. սա նշանակում է, որ պետության առաջին դեմքերից որեւէ մեկը անցնելու է այդտեղով, եւ ճանապարհի երկայնքով 50 մետրը մեկ մի ոստիկան է կանգնած. ընդ որում` առանց զենքի եւ ռացիայի: Առաջին դեմքի անվտանգության ապահովման իմաստով տագնապային են հատկապես ընդդիմության հանրահավաքի օրերը, եւ երբ Ազատության հրապարակում հանրահավաք կա` Ոստիկանության, ԱԱԾ եւ օպերատիվ ծառայություն իրականացնող մարմինների օրվա անձնակազմը կենտրոնացած է Ազատության հրապարակի շուրջ, 500 մետր շառավղով մոտակա շենքերի բակերում, զբոսայգիներում, շքամուտքերում, տանիքներում: Դա արվում է ավազակապետությունը պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ է կատարվում սրանից այնկողմ:

Ինձ ցնցեց լուրն այն մասին, որ ընդդիմության հանրահավաքի ժամանակ Երեւանի կենտրոնում, Զաքյան եւ Ամիրյան փողոցի հատման կետում սպանություն է տեղի ունեցել: Դա պատահել է հանրահավաքի ամենաթեժ պահին. ժամը 21.00-ի մոտակայքում ինչ-որ մեկը կրակել-սպանել է քաղաքացի Խաչիկ Գալոյանին` ընդ որում, առանց խլացուցիչի ատրճանակով, եւ անարգել հեռացել: Եւ սա Հայաստանի մայրաքաղաքի ուղիղ կենտրոնում, փողոցում, ափաշքյարա: Ինչ-որ մեկը մեր քաղաքի կենտրոնում չորս անգամ կրակում է եւ անարգել հեռանում: Հանրապետության հրապարակից 150-200 մետրի վրա: Պատահակա՞ն է արդյոք, որ մարդասպանն իր գործողության համար ընտրել է ընդդիմության հանրահավաքի ժամանակահատվածը: Չեմ կարծում: Նա հաստատ իմացել է, որ այսօր Հայաստանի ոստիկանության, ԱԱԾ-ի, իրավապահ մարմինների թիվ 1 թիրախը հանցավորությունը չէ, այլ ընդդիմությունը: Հենց ընդդիմությունն է գտնվում իրավապահ համակարգի օպերատիվ հետաքրքրությունների ոլորտում: Եւ ուրեմն, կարելի է դեռ մութը չընկած` մայրաքաղաքի սրտում կրակ-տրաք անել եւ անարգել հեռանալ, որովհետեւ որքան ոստիկան եւ օպերատիվ աշխատող կա, բոլորը վստահաբար գտնվում են Ազատության հրապարակում կամ մոտակա թփերի տակ:

Այլապես ինչպե՞ս էր հնարավոր նման բան: Ես, օրինակ, չեմ կարողանում պատկերացնել: Տեղի ունեցածի համար ոչ մի ոստիկան հաստատ պատասխանատվություն չի կրել, որովհետեւ առնվազն հանրահավաքի օրերին բոլոր ոստիկանների առաջ մեկ խնդիր է դրված` լինել Ազատության հրապարակի մոտակայքում, ֆիքսել հանրահավաքի գնացողներին, ծանոթներ տեսնելու դեպքում նրանց մասին զեկուցագրեր կազմել` հետագայում «բացատրական աշխատանք» տանելու համար: Հայաստանը ճամբար է ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողների եւ դրախտ` հանցագործների համար, որովհետեւ նախ հանցագործները քաղաքական հենարան են ոչ օրինակարգ իշխանությունների համար, եւ հետո` ոստիկանությունը զբաղված է ամեն ինչով` բացի հանցավորության դեմ պայքարից: Եւ ի՞նչ պիտի անի քաղաքացին պաշտպանված լինելու նպատակով. թերեւս պիտի հետեւի Սերժ Սարգսյանի օրինակին, այսինքն` սնայպերների դասակ պահի` սեփական անվտանգությունն ապահովելու համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.