> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՏԱՎԱՐԻՇՇԻ, ՄԻ ՎՍՅԵ ՏԱՎԱՐԻՇՇԻ

ՏԱՎԱՐԻՇՇԻ, ՄԻ ՎՍՅԵ ՏԱՎԱՐԻՇՇԻ

Օգոստոսի 2-ի մեր հանրահավաքի մասին մի քանի սենսացիոն բաներ կարդացի: Մի տեղ գրված էր, օրինակ, որ դա երբեւէ տեղի ունեցած ամենասակավամարդ հանրահավաքն էր: Գրված էր նաեւ, որ հանրահավաքում ոգեւորության պակաս կար ու էլի այս կարգի բաներ: Ամեն անգամ անկեղծորեն ուզում եմ հասկանալ, թե այսօրինակ «տեղեկատվությունը», վերլուծությունները ինչպես են ծնվում: Ուզում եմ հասկանալ անաչառության դիրքերից` ի սկզբանե չբացառելով, որ գուցե ես ինքս իրականության ընկալման պրոբլեմ ունեմ:

Երեկ առավոտվանից հենց այսպես էի փորձում ըմբռնել վերը նշված մեկնաբանությունները: Մտածումներս, ահա, որքան էլ ինքս ընդդիմանում եմ, ինձ տարան դեպի ծերուկ Ֆրեյդ: Եզրակացությունս միանշանակ է. օգոստոսի 2-ի հանրահավաքը սակավամարդ եւ հոգնած ներկայացնելու փորձ անողները իրականում գրում են իրենք իրենց, ավելի ճիշտ` այդ հանրահավաքի կապակցությամբ իրենց ունեցած զգացողությունների մասին: Եթե որեւէ մեկը չի կիսում հանրահավաքում թեւածող ոգեւորությունը եւ այնտեղ իր համար ոգեւորիչ ոչինչ չի գտնում, արձանագրում է, որ ոգեւորության պակաս կա: Ըստ էության, շեղումը իրականությունից մեծ չէ. ոգեւորության պակասը իր մեջ է, բայց ինքը ներկայացնում է, թե այդպես էր ընդդիմության հանրահավաքում: Այսինքն` համարյա ճիշտ է գրում, մանավանդ, եթե հանրահավաքի ժամերին կողքի սրճարանում է եղել կամ անցել է մոտակա փողոցներով:

Այ, եթե Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը տապալվեր, ձախողվեր, չստացվեր, կլիներ ոգեւորություն, որովհետեւ ինքը այդ ամենի մասին կգրեր ոգեւորված: Հիմա գրել է հուսահատված, հուսախաբված, հոգնած, ու գրածի մեջ ոչ մի ոգեւորություն չկա, որովհետեւ երկար ժամանակ կանխատեսել է Համաժողովրդական շարժման մարումը, տապալումը, կործանումը, կրախը, խայտառակությունը, ախքացումը, իսկ սա ոչ միայն չի իրականանում, այլեւ հակառակն է ստացվում: Ասացեք խնդրեմ. մի՞թե սա հուսահատության առիթ չէ: Բայց հո չի խոստովանի, որ հուսահատվածն ինքն է: Ու նման խոստովանությունից խուսափելու համար գրում է. «Կոնգրեսի համակիրները, համաժողովրդական շարժման ակտիվիստները հուսահատվեցին, հիասթափվեցին»: Ով հիասթափվում եւ հուսահատվում է, ի դեպ, այդպիսով ապացուցում է, որ Համաժողովրդական շարժման հետ կապ չունի եւ չի ունեցել երբեւէ, եթե նույնիսկ ձեւ է արել, թե ինքը մի ուրիշ ձեւի առաջամարտիկ է: Որովհետեւ համաժողովրդական շարժման մարտիկը մի սկզբունք ունի` երբեք չոգեւորվել եւ երբեք չհուսահատվել: Եթե սա են նկատի ունեցել ոգեւորության պակասի մասին գրողները, ուրեմն վաբշե տասին են խփել. մենք ոգեւորվելու կարիք չունենք, եւ մեր անելիքը անում ենք առանց ավելորդ ոգեւորության եւ հիստերիկության: Սակավամարդության մասին. մարդը գալիս- կանգնում է հազարավոր վճռական մարդկանց կողքին, ու իրեն սակավ է զգում: Այստեղից է բխում է սակավամարդության մասին եզրակացությունը: Ոստիկանությունը հայտարարել է, թե օգոստոսի 2-ի հանրահավաքին չորս հազար մարդ է մասնակցել: Պետական ծրագիր է, չէ՞. չենք խոսում տնտեսական ճգնաժամի մասին` չի լինում ճգնաժամ, չենք խոսում արտագաղթի մասին, որ բամբասանքը չտարածվի: Նույն սկզբունքի շրջանակներում ոստիկանությունը երեք տարի նվազեցնում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցների թվերը: Իրենց իսկ տեմպով հիմա պիտի հասած լինեին 15-20 հոգու` հարթակն էլ հետը հաշված, բայց չորս հազարից չեն կարողանում իջնել: Եւ այս կապակցությամբ խոսող վիրտուալ հեղափոխականներին ուղղակի հորդորում եմ. արեք երկու հազար հոգանոց, հազար հոգանոց հանրահավաք, եւ ես հրապարակային կխոստովանեմ, որ արժե ձեզ լուրջ վերաբերվել: Կամ արեք որեւէ ուրիշ, ռեալ բան` բացի ֆեյսբուքում մի ուրիշ ձեւի լացացնող ստատուս գրելուց, որ իմանանք, որ դուք վիրտուալ տարածքից բացի ուրիշ որեւէ տեղ գոյություն ունեք:

Էլ չեմ խոսում օգոստոսի 2-ի հանրահավաքում հնչած ելույթների մասին: Ո՜նց են վերլուծում վիրտուալ հեղափոխականները. քանի որ երրորդ պարբերության չորրորդ բառի կողքի բացականչական նշանի ծայրը ծուռ էր, նշանակում է` հիմնավոր են պնդումները, թե Հայ ազգային կոնգրեսը ծառայում է ավազակապետության շահերին: Հայ ազգային կոնգրեսը հակասահմանադրական կառույց է, որովհետեւ հանրահավաքում չհայտարարեց, թե ինչ դիրքորոշում ունի Սահմանադրության 18-րդ հոդվածի չորրորդ բառի կապակցությամբ:

Էս մակարդակի մի քանի մեկնաբանության էլ հանդիպեցի, որոնք նույնպես տեղավորվում են ծերուկ Ֆրեյդի տեսության մեջ: Այ, եթե մեկնաբանության հեղինակն ինքը ելույթ ունենար, կասեր էնպիսի բաներ, որ համայն հայության բերանը բաց կմնար: Բայց ինքը ելույթ չի ունենում, որովհետեւ հանրահավաք չի հրավիրում: Իսկ հանրահավաք չի հրավիրում, որովհետեւ զանգի է սպասում: Զանգն էլ չի գալիս, որովհետեւ հեռախոսն անջատել են` վարձը չմուծելու մոմենտով: Ահա այսպիսի պատմական փակուղու առջեւ է կանգնած հինգհազարամյա հայ ժողովուրդը:

Հ.Գ. Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ հանդիպեցի օգոստոսի 2-ի հանրահավաքին ինտերնետ հեռարձակմամբ հետեւած մի օգտատիրոջ թողած հետեւյալ մեկնաբանությանը. «Չէի սպասում, որ հանրահավաքին օնլայն ձեւով ներկա գտնվելով` էսքան էներգիա կստանամ, էսքան ոգեւորվածություն»: Մեկ այլ մեկնաբանության հեղինակ պնդում է. «Երեկվա հանրահավաքի մարդաշատությունից ու էներգետիկայից արդեն 3 հոգի վառված մարդ գիտեմ` մեկը իրան նախագահ ա համարում, մյուսն, ասում են, հայրենասեր ա, երրորդն էլ, իբր` դեմոկրատ»: Ամեն ինչ ասված է թերեւս:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.