> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Է-2

ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Է-2

«ՀԺ»-ի նախորդ համարում տպագրված «Քելե լաո, քելե էրթանք Դոդլանդիա» նյութը մեծ արձագանք է գտել ընթերցողների շրջանում եւ, բնականաբար, դուր չի եկել հայտնի շրջանակների որոշ ներկայացուցիչների: Վերջիններիցս ոմանք փորձում են ինչ-ինչ մեղադրանքներ ներկայացնել «Հայկական ժամանակին», պնդելով, թե թերթը չպիտի նման խոսակցության մեջ ներքաշեր 84-ամյա Վանուշ Խանամիրյանին:

Այդ նույն Խանամիրյանը չորս տարի առաջ 80 տարեկան էր, եւ ոչինչ չի վկայում այն մասին, թե նրա քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության մակարդակը անցած տարիների ընթացքում փոխվել է: Չորս տարի առաջ այս մարդը ուրիշների հետ կուսակցություն էր հիմնում եւ հայաստանցիներին կոչ էր անում քվեարկել այդ կուսակցության եւ նրա առաջնորդի օգտին: Ասել է, թե իմ, ձեր, բոլորիս երեխաների ապագան կանխորոշելու հավակնություն ունեցող քայլեր էր անում, համոզված քաղաքական դիրքորոշումներ էր արտահայտում, եւ այդ քաղաքական դիրքորոշումը լայնորեն քարոզվում էր հայտնի կուսակցության կողմից` բոլոր հեռուստակայաններով: Մոտավորապես նույնը տեղի է ունենում հիմա, նույնը կարող է տեղի ունենալ վաղը:

Չեմ վիճարկում` Խանամիրյանն իրավունք ունի թե քաղաքական կուսակցության անդամագրվել, թե այդ կուսակցության քարոզարշավին մասնակցել, եւ նույնիսկ պաշտել որեւէ կուսակցության որեւէ առաջնորդի` որքան սիրտը ուզի: Բայց երբ բեմի վրա պարելով ձեռք բերած անունը փորձում է օգտագործել հանրային գիտակցությունը որեւէ կուսակցության կամ անձի օգտին կողմնորոշելու նպատակով, այնպիսի կուսակցության կամ անձի, որը մեծ-մեծ բաներ է բրդում, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալու, թե նա` քաղաքական կողմնորոշումներ տալու հավակնություններ ցուցաբերող այդ արվեստագետը ի՞նչ աշխարհայացքի, ի՞նչ մտածողության, ի՞նչ արժեհամակարգի տեր է բեմից դուրս, ի՞նչն է նրա համար թանկ եւ ի՞նչը` ոչ այնքան:

«Քելե լաո, քելե էրթանք Դոդլանդիա» նյութում արծարծված է մեր ընթացիկ կյանքի ամենամեծ պրոբլեմը. հենց մեծավաստակ արվեստագետների ֆոնի վրա են տեղի ունենում ամենամեծ քաղաքական այլանդակությունները: 2007 թվականին Վանուշ Խանամիրյանը «ջանիդ մեռնեմ» ասելով` ման էր գալիս հայաստանյան եթերով, եւ նրա այդ ջանիդ մեռնեմների ֆոնին խորհրդարանական ընտրություններն էին կեղծում հենց նրանք, ովքեր Խանամիրյանին մեյդան էին բերել` ջանիդ մեռնեմ ասելու:

Հիշենք օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի դեպքը, երբ վերջինս ոչ պաշտոնապես քֆուր էր տալիս Սերժ Սարգսյանին, իսկ արդեն պաշտոնապես հայ ժողովրդին կոչ էր անում քվեարկել նրա օգտին: Այս մարդիկ ազգի մտավորականներ կոչվելու հավակնություններ ունեն, ազգն էլ իրավունք ունի ծանոթանալ նրանց մտքերին: Հայաստանի ժողովուրդը սեփական մտավորականից պաշտպանվելու իրավունք ունի, որովհետեւ ով բեմի վրա երկու անգամ տրնգի է տվել, արդեն համարում է, թե կարող է խելք սովորեցնել ժողովրդին: Խնդիր չկա, սովորեցրեք որքան կուզեք, բայց դրանից առաջ ապացուցեք, որ ունեք դրանից: Թե չէ` ամենքը մի հնչեղ անուն են ձեռք բերել ու դրանով հա բամփում են անհայրենիք դարձող ժողովրդի գլխին: Մեկը հսկային է սիրում, մեկը թզուկին. լավ է անում: Բայց այդ սերը քարոզելուց առաջ հիշեք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ: Անկախ տարիքից, սեռից եւ նույնիսկ մեդալների եւ կոչումների քանակից: Կարո՞ղ եք կրել այդ պատասխանատվությունը: Ձեր պատիվն է: Չեք կարող` ուրեմն մտածեք խոսելուց առաջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. kostya
    Օգոստոս 2nd, 2011 at 13:03 | #1

    Նիկոլ ջան ինչ գրում էս լրիվ համաձայն եմ, մարդու սխալը մարդ պետքա մարդու էրէսին ասի,այ էտ շատ ա պակասում հայաստանում, թե չէ մեկը մեկին տեսնելուց ջան ղուրբանա ասում, հետևից սկսում ա հայհոյել,սրանք ինչ մտավորական, մարդ որ արդեն հասակա առնում սկսում ա ավելի լուրջ բաների մասին մտածել,իսկ սրանց մենակ փողղղ-փողղղ-փողղղ:Մի քանի օր առաջ էլ Ջիվան Գասպարյանն էր իր ուժը ցույց տալից,հերիքա, ամոթա, ընենց ձեզ պահեք, որ ժողովուրդը ձեզ հարգի:

  2. ԻՋԵՎԱՆՑԻ
    Օգոստոս 4th, 2011 at 13:50 | #2

    Նիկոլ ջան, մտաբերեցի, որ քո հայրենի քաղաք Իջեւանում մտավորական ընդհանրապես չի մնացել: Թեկուզ ծուռ խոսող: Բոլորը վախեցած են, իրենց երկու կոպեկ թոշակի կամ քսան հազար դրամ աշխատավարձի համար քիչ է մնում հայրանունները փոխեն: Մարդկանց խավարի մեջ են թողել:

  1. No trackbacks yet.