> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԹՈՂ ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՂ ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

www.nikol.am կայքի այցելու Դավիթը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ ջան, ես ՀԱԿ-ի ակտիվիստ եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ ու մի հարց եմ քեզ ուզում ուղղել. ասենք` գնացինք երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների: Ի՞նչ երաշխիք ունենանք, որ նույն կարգի խայտառակ ընտրություններ տեղի չեն ունենա, ինչ տեղի ունեցավ 2008-ին` չեն կեղծի նորից ընտրությունները»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Դավիթ, նախ եկեք հասկանանք, թե ինչու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցը հայտնվել ներքաղաքական օրակարգի առաջին հորիզոնականում: Որովհետեւ 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծումները բերեցին այնպիսի ցնցումների, որ Հայաստանը մինչեւ օրս չի կարողանում հաղթահարել: Նախկինում, ի դեպ, ընտրությունների արդյունքները կեղծելը նմանօրինակ ցնցումների չէր բերել, բայց 2008 թվականին հանրային ընդվզումը կրիտիկական աստիճանի հասավ, որովհետեւ ՀՀ քաղաքացու համբերության բաժակը լցվել էր:

Ժողովրդի համբերության բաժակը լցված է, դրա համար է, որ իշխանությունը չի կարողանում մարսել ընտրական կեղծիքը, չնայած երեք տարի Համաժողովրդական շարժման դեմ ինչ ստորություն եւ նենգություն ասես` չի կիրառել: Արդեն 2008 թվականին ժողովուրդը ցուցադրեց, որ չի ուզում հանդուրժել այլեւս բեսպրեդելը եւ ունի չհանդուրժելու վճռականություն:

Անդրադառնանք հիմա ձեր հարցին. ի՞նչ է նշանակում կեղծել ընտրությունները: Սա նշանակում է գողանալ ժողովրդի ձայնը, սա նշանակում է տեղամասերում ծեծել վստահված անձանց, դիտորդներին, լրագրողներին, ահաբեկել, ծեծել եւ քշել ընտրողներին: 2008 թվականից հետո բազմիցս հայտարարել եմ, հիմա էլ ասում եմ. այն իշխանությունը, որ կփորձի նորից ծեծել եւ քշել ժողովրդին, կծեծվի եւ կքշվի ժողովրդի կողմից: 2008-ի ամենակարեւոր դասը սա է, 2008-ին ժողովուրդը հստակ ցուցադրեց, որ չի պատրաստվում կրկնել նախկինում իր իսկ ցուցաբերած հարմարվողականությունը եւ կեղծիք թույլ տված իշխանության հետ վարվելու է կոշտ եւ ըստ արժանվույն: Հիմա դուք կասեք` դե չստացվեց 2008-ին արժանին մատուցել կեղծարար իշխանությանը: 2003-ին էլ չստացվեց, բայց մենք չդադարեցրինք պայքարը, եւ 2008-ին ողջ աշխարհը լսեց մեր ձայնը, եւ մենք կարողացանք այնպես անել, որ կեղծարար իշխանությունը չի կարողանում կուլ տալ մեզ, կորցրել է քունն ու հանգիստը: 2003-ից հետո էլ շատերը տրտնջում էին, թե ժողովուրդը կոտրված է, հուսահատված է, էլ երբեք ոտքի չի կանգնի: Բայց 2008-ին կանգնեց ոտքի, փառահեղ ձեւով կանգնեց, եւ հիմա էլ կանգնած է: Վայ այն իշխանությանը, որ սա ապացուցելու հավելյալ առիթ կտա ժողովրդին, ասում եմ` վայ այդ իշխանությանը:

Մեծ հաշվով ոչ մի երաշխիք չկա, որ ավազակապետության սուրհանդակները նորից չեն փորձի կեղծել ընտրությունները: Բայց կարող եմ երաշխավորել, որ ինքս լինելու եմ ընտրակեղծարարների դեմ ՀԱՄԱՐԺԵՔ պայքարի առաջին գծում: Ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ, եթե անհրաժեշտ լինի` ընտրություններից հետո: Եթե իշխանությունը փորձի ծեծել եւ քշել ժողովրդին, իշխանությանը ծեծելու եւ քշելու գործընթացի առաջին շարքում եմ լինելու: Եւ ուրեմն` արդար ընտրությունների երաշխավորը ես եմ, անկախ ընտրությունների երաշխավորը դու ես, անկախ ընտրությունների երաշխավորը … 1+1+1+1+1+1… բանաձեւն է: Եթե իշխանությունը վերջնականապես համոզվի, որ 2008 թվականի ոգին կենդանի է քաղաքացու գիտակցության մեջ, կարծում եմ` չի համարձակվի գնալ նույն ճանապարհով: Աչքը տեսածից է վախենում. հարցն այն է, թե ո՞վ է վախեցել 2008 թվականին. ավազակապետությու՞նը, թե՞ ժողովուրդը: Ավազակապետությունը, սիրելի Դավիթ, ավազակապետությունը: Սա ձեզ ասում եմ, որպես ժողովրդի մի մասնիկ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` որպես արդար ընտրությունների երաշխավոր: Լավագույն մաղթանքներս եւ պայքար, պայքար մինչեւ վերջ:


  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.