> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԻ ՀԱՅՀՈՅԵՔ ՇԱԽՄԱՏԱՍԵՐԻՆ

ՄԻ ՀԱՅՀՈՅԵՔ ՇԱԽՄԱՏԱՍԵՐԻՆ

Չորեքշաբթի օրը Հայ ազգային կոնգրեսի Շենգավիթի շտաբի ներկայացուցիչների եւ ակտիվիստների հետ բակային հանդիպումներ էինք անցկացնում համայնքում: Բակերից մեկում մի տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ. երբ դրոշակակիր երիտասարդների խումբը հասավ շենքի առաջ գտնվող պուրակին, տարիքով մի կին սկսեց գոռգոռալ նրանց վրա: Այդ պահին հեռու էի, չէի լսում, թե ինչ է ասում տիկինը, բայց ակնհայտ էր, որ նա զայրացած է եւ չի ուզում իրենց բակում տեսնել այդ երիտասարդներին: Երբ մոտեցա` արդեն հանդարտվել էր եւ մեղավոր ժպտում էր: Հարցրի` ինչի վրա եք ջղայնացել, մայրիկ ջան: Ասաց, չէ` կներեք, ես գիտեի, թե շախմատի հավաքականի համար եք եկել:

Ցանկացած պատասխանի պատրաստ էի, բացի սրանից: Քանի որ ողջ օրը հեռուստատեսությամբ, ռադիոյով հայտարարվել էր, որ աշխարհի շախմատի չեմպիոն Հայաստանի հավաքականի ժամանման կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվելու, կինը մտածել էր, թե տոնական այդ միջոցառումը նաեւ իրենց բակ է հասել եւ դժգոհ էր դրանից: Ինչո՞ւ: Բացատրությունը պարզ է. շախմատի հավաքականն այս կնոջ համար ասոցացվում է իշխանության հետ, եւ այդ շրջանակի հետ թեկուզ անուղղակի կապ ունեցող մարդկանց հայտնվելը նրա համար առիթ էր իր վիճակի վերաբերյալ բողոք արտահայտելու համար:

Հասկանալի է, որ անտրամաբանական է նման մոտեցումը: Ի՞նչ կապ ունի մեր շախմատի հերոս հավաքականը իր պրոբլեմի հետ, ինչո՞ւ տիկինը պատրաստ չէ ուրախանալ այդ առիթով եւ մի բան էլ` անեծք-նախատինքի է արժանացնում այդ առիթով ուրախացողներին: Անտրամաբանական է, բայց իրողություն է, եւ այդ իրողությունը տեսել եմ սեփական աչքերով: Իսկ այդ իրողության պատճառները պարզ են. ժողովրդից խլված են ոչ միայն Սահմանադրությունն ու իրավունքը, այլեւ ազգային եւ պետական այլ ատրիբուտներ, այդ թվում եւ` հավաքականները: Երբ հայ ծանրամարտիկի` աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ֆեդերացիայի նախագահը ողջ աշխարհում սփռում իրականացնող տեսախցիկի մեջ գոռում է` պարոն Ծառուկյան, էս քո ծնունդին նվեր կամ էս կարգի ինչ-որ բան, նա այդ հաղթանակը վերցնում է ամբողջ ժողովրդից եւ գցում մի մարդու ոտքերի առաջ:

Երբ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մարզադաշտում ֆուտբոլ նայելիս պատվավոր հյուրերի տրիբունայի բորդյուրին լիքը մոխրաման է ունենում դրած եւ կոֆեի խմած բաժակ, տպավորություն է ստեղծվում, թե էդ իրա անձնական բակում իրա անձնական ֆուտբոլիստներն են խաղում, որ ինքը թամաշա անի` կոֆեով-քյաբաբով բանով: Ինքը կարա, անում է: Խնդիր չկա, բայց էդ ֆուտբոլը մեզ հետ ի՞նչ կապ ունի:

Երբ Սերժ Սարգսյանը տրապի տակ գալուստուկը հանած է դիմավորում մեր աշխարհի չեմպիոն հավաքականին, ինքը տվյալ պահին դադարում է լինել անգամ փսեւդոնախագահ: Այդպես մարդիկ դիմավորում են իրենց երեխուն, մորքուրի տղային, նույնիսկ մորքուրի տղայի բաջանաղին. այդպես երկրի նախագահը չի դիմավորում երկրի հավաքականին: Երբ դիմավորողը երկրի նախագահ չի, դիմավորվողն էլ երկրի հավաքական չի, գոնե էդպես է վիզուալ տպավորությունը, բա ո՞վ է էս դիմավորողը, եւ ու՞մն է էդ հավաքականը: Համենայնդեպս` ոչ այն կնոջը, որ մեզ շախմատային ֆանատի տեղ էր դրել ու ինքնամոռաց հայհոյում էր:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.