> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՐՈՀՈՎ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

ԳՐՈՀՈՎ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

www.nikol.am կայքի այցելուն, որ ներկայացել է Վաղինակ անունով (այս անունով արդեն երրորդ հարցն է ստացվում վերջին երկու շաբաթվա ընթացքում), Նիկոլին է ուղղել հետեւյալ հարցը. «Եթե իշխանությունները չգնան արտահերթ ընտրությունների, արդյոք պետք է մեկ գրոհո՞վ հեռացնել իշխանություններին, թե՞ ամենօրյա հանրահավաքներով եւ գործադուլներով»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վաղինակ, եթե իշխանությունների հետ երկխոսությունը արդյունք չտա, հարցը պետք է լուծել գրոհով, այնպես, ինչպես գրոհով լուծվեց Ազատության հրապարակի հարցը: Վերջին մեկ տարվա ընթացքում Ազատության հրապարակի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ամբողջությունը Հայ ազգային կոնգրեսի քաղաքական մարտավարության ճշգրիտ մոդելն է: Իշխանությունները Ազատության հրապարակը փակել էին Կոնգրեսի առաջ: Վերջինս նախ սկսեց Երեւանի քաղաքապետարանին իրազեկումներ ներկայացնել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու մասին: Երեւանի քաղաքապետարանը շինծու պատճառաբանություններով եւ ապօրինի կերպով մերժում էր իրազեկումները:
Կոնգրեսը, սակայն, շարունակում էր իրազեկումներ ներկայացնել, զուգահեռաբար հայտարարում, որ եթե իշխանությունները շարունակեն իրենց գործելակերպը` ժողովուրդը, միեւնույն է, նվաճելու է Ազատության հրապարակը: Շատերը հեգնանքով էին վերաբերվում այս հայտարարություններին, որովհետեւ Ազատության հրապարակի վերանվաճման մասին Կոնգրեսը խոսում էր 2010 թվականի հունիսին, բայց հունիսին ոչ թե վերանվաճում էր այն, այլ իրազեկում էր ներկայացնում Երեւանի քաղաքապետարան, որը մերժվում էր: Նույն վիճակն էր 2010 թվականի հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, 2011 թվականի հունվարին, փետրվարին: Այս ընթացքում կոնգրեսը 98 իրազեկում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան եւ 98 անգամ մերժվել: Մի այդքան էլ խոսել, զգուշացրել է, որ միեւնույն է, վերանվաճելու է Ազատության հրապարակը:

Եղել են մարդիկ, ովքեր հեգնել են նման գործելակերպը: Եւ ի՞նչ. 2011 թվականի մարտի 17-ին Կոնգրեսը գրոհել է Ազատության հրապարակը: Եւ վերցրել է այն: Կարելի՞ էր արդյոք նույն բանն անել 2010-ի հունիսին, հուլիսին, նոյեմբերին, դեկտեմբերին: Եւ այո, եւ ոչ: Այո` որովհետեւ գրոհել միշտ էլ կարելի է, ոչ` որովհետեւ գրոհի հաջողությունը կախված է պահի ճիշտ ընտրությունից եւ նրանից, թե ինչպիսի իրավիճակ ես ստեղծել դրանից առաջ:

Երկար ամիսներ հետեւողականորեն իրազեկումներ ներկայացնելով` Կոնգրեսը ստիպում էր, որ իշխանությունը սխալներ գործի: Բանը հասավ այնտեղ, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակը վերածեց մարջան-ապարանջանի առեւտրի շուկայի, ինչը վերջնականապես վարկաբեկեց հրապարակն անառիկ պահելու նրա գործելակերպը: Այս կապակցությամբ ԶԼՄ-ներին պարզաբանումներ տվող չինովնիկները ավտոմատ հայտնվում էին ծաղրածուի կարգավիճակում: Միջազգային կազմակերպությունները սկսեցին ինտենսիվորեն արձանագրել, որ իշխանությունն արհեստական խոչընդոտներ է հարուցում հանրահավաքների տեղի ընտրության հարցում: Բոլորի համար ակնհայտ էր այլեւս, որ Ազատության հրապարակի փակումն ապօրինի է, եւ ապօրինությունը վերացնելու այլ ելք չկա, քան գրոհը: Իսկ գրոհը տեղի ունեցավ այն պահին, երբ ժողովրդի ակտիվության պիկ էր արձանագրվել, եւ Հայ ազգային կոնգրեսն ուներ մի հաստ թղթապանակ, որն ապացուցում էր, որ ինքը համբերատար փորձել է օրենքով նախատեսված կարգով հանրահավաքներ անցկացնել Երեւանի Ազատության հրապարակում եւ չի կարողացել` ի հեճուկս օրենքի: Այսպիսով, գրոհը դարձավ գործելու սահմանադրական եղանակ, որովհետեւ երբ պահանջդ օրինական է, դրան խոչընդոտելը դառնում է ապօրինություն, ապօրինությունը վերացնելուն ուղղված քայլերն ավտոմատ դառնում են օրինական:

Իշխանությունն Ազատության հրապարակի հարցում գործադրած ստի եւ կեղծիքի բեռի տակ ճկռել էր, բարոյալքված էր` որեւէ դիմադրություն ցույց տալու համար: Կոնգրեսի գրոհն, ահա, ավարտվեց հանգիստ-խաղաղ նվաճմամբ, եւ Երեւանի քաղաքապետարանն այսօր խելոք ի գիտություն է ընդունում բոլոր իրազեկումները:
Սա Կոնգրեսի գործելակերպն է նաեւ իշխանափոխության հարցում. մենք անհոգնել ամեն ինչ անում ենք, որ իշխանությունը ի գիտություն ընդունի իր հեռանալու մասին մեր իրազեկումը: Նա մերժում է, էլի է մերժում, էլի է մերժում: Բայց մարտի 17-ը, միեւնույն է, գալու է: Մարտի 17-ի նրբությունը, սակայն, ոչ թե գրոհն է, այլ այն, որ իշխանությունը չունենա դիմադրելու ռեսուրս: Գրոհել մենք միշտ կարող ենք, խնդիրն, ըստ այդմ, ոչ թե գրոհելն է, այլ իշխանությանը զրկելը դիմադրության հնարավորությունից: Եթե հարց է ծագում` հնարավո՞ր է նման բան, թե ոչ` հիշեք մարտի 17-ի մասին: Այն ժամանակ էլ ժողովուրդը եկավ-հասավ Ազատության հրապարակի պռնկին, Լեւոն Զուրաբյանը բանակցեց Սաշիկ Աֆյանի հետ, Սաշիկ Աֆյանը բանակցությունների արդյունքում հեռացավ մեր ճանապարհից, որովհետեւ` բա ուրիշ ի՞նչ պետք է աներ: Հիմա հասել ենք իշխանափոխության պռնկին, Լեւոն Զուրաբյանը բանակցում է. կհեռանա՞ իշխանությունը ինքնակամ: Դա կախված է նրանից, թե գրոհի պատրաստ որքան մարդ է կանգնած Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության թիկունքին:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,