> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

64557Եթե կազմելու լինենք այն թեմաների top տասնյակը, որոնք քննարկվում են հայաստանյան խնջույքների, քեֆերի, ընկերական զրույցների ժամանակ, Վրաստանը հաստատ տեղ կգրավի առաջին եռյակում: Բանտից դուրս գալուց հետո հասցրել եմ մասնակցել մի շարք ընկերական, բարեկամական հավաքույթների եւ արձանագրել, որ դրանցից ոչ մեկի մասնակիցները (ովքեր, ի դեպ, շարքային քաղաքացիներ են) չեն շրջանցել Վրաստանի թեման: Մի ինչ-որ պահի անցում են կատարում Վրաստանին եւ սկսում պատմել, թե ինչպես է Վրաստանում, թե ինչպես է զարգանում Վրաստանը, թե ինչպես Վրաստանում ոստիկանները կաշառք չեն վերցնում, թե որքան լավ են այնտեղ ընդունում հայ զբոսաշրջիկներին, թե վերջին տարիներին որքան շատ բան է փոխվել Վրաստանում, թե Վրաստանում որքան արագ են մաքսազերծում մեքենաները:

Ծանոթներիցս մեկը համոզված պատմում էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր համար անձնական մեքենա է ներմուծել, նստել դրա ղեկին եւ անձամբ տարել մաքսազերծելու: Դե, հասկանալի է, երկրի նախագահն է, ողջ մաքսատունը խառնվել է իրար եւ կայծակնային արագությամբ մաքսազերծել մեքենան: Սահակաշվիլին ժամ է պահել ու արձանագրել, որ իր մեքենայի մաքսազերծումը տեւել է վեց րոպե: Հրաման է ստորագրել, որ եթե որեւէ քաղաքացու մեքենայի մաքսազերծում տեւի ավելի, քան վեց րոպեն` տվյալ ծառայության աշխատակիցները կենթարկվեն խստագույն պատիժների: Մեկ ուրիշ բարեկամ հաստատում է` Վրաստանում գնած իր մեքենայի փաստաթղթերի ձեւակերպումը տեւել է առավելագույնը տասը րոպե:

Ծանոթս սեղանի շուրջ պատմում էր, թե ինչպես է ալկոհոլ օգտագործած` մեքենա վարել Ուռեկիում: Պարեկը նրան կանգնեցրել է: Տեսնելով, որ խմած է, ոստիկաններն իրեն խնդրել են տեղավորվել կողքի նստատեղին, ոստիկաններից մեկը նստել է ղեկին եւ ծանոթիս իր մեքենայով տարել այն տուն, որտեղ նա բնակվելիս է եղել արձակուրդի ընթացքում. «Ոստիկաններն ասացին, թե հասկանում են, որ Ուռեկի եմ եկել քեֆ անել, ուրախանալու: Ասացին` քանի որ առաջին անգամ եմ բռնվում խմած ավտո քշելիս, ինձ չեն տուգանի: Բայց եթե մեկ էլ բռնեն, այնպիսի տուգանք կդնեն վրաս, որ շատ ծանր կլինի ինձ համար: Ասացին` տուգանքը նրա համար չի լինի, որ ուզում են վատություն անել, այլ որովհետեւ` խմած մեքենա քշելով` վտանգում եմ ինքս իմ եւ ուրիշների կյանքն ու առողջությունը: Խնդրեցին այլեւս խմած մեքենա չվարել, ներողություն խնդրեցին ու հեռացան»,- սեղանի շուրջ պատմում էր ծանոթս եւ զարմացած սեղանակիցների հարցերին ի պատասխան` ասում, որ եթե փորձեր ոստիկաններին կաշառք տալ, տեղում կկալանավորվեր:

Շրջանառվող պատմություններում թերեւս տեղ ունի նաեւ լեգենդը, հասկանում եմ, որ Վրաստանի քաղաքացիների համար պատկերն այնքան իդիլիական չէ, որքան թվում է Հայաստանի քաղաքացիներին: Բայց փաստ է, որ Վրաստան անունը ավելի ու ավելի բարձր է հնչում աշխարհում, նաեւ` հայության շրջանում, որ վրացիների հասցեին գովերգներ շռայլելու շահագրգռություն չեն կարող ունենալ: Հայաստանում ամենուր խոսում են, որ Վրաստանը արագընթաց զարգանում է, վերելք է ապրում, տասնյակ տարիներով առաջ է անցնում հարեւաններից: Ասվածի մեջ գուցե չափազանցություն կա, բայց Աստվածաշնչում է ասված. ի սկզբանե խոսքն էր: Սեղանից սեղան անցնող խոսքը խթանում է զարգացումը, Վրաստանն ավելի ու ավելի գրավիչ է դառնում հայաստանցիների համար, ավելի ցանկալի, ավելի հրապուրիչ: Մարդիկ զզվանքով են խոսում Սեւանի, Ջերմուկի, Ծաղկաձորի գների ու մթնոլորտի մասին եւ շտապում հանգստանալ, ուրախանալ, գումար ծախսել Վրաստանում, համոզված լինելով, որ այնտեղի ռեստորաններում որեւէ մեկը ստահակի հայացք չի գցի իրենց կնոջը, դստերը, հենց իրենց, մի բան, որ գրեթե երաշխավորված տեղի կունենա օլիգարխագողականապղծված Հայաստանում:

Տարիքով ծանոթս, որ աշխատանքի բերումով անընդհատ շրջագայելիս է եղել Խորհրդային Միության տարածքով, համոզված պնդում է. Վրաստանը եղել է Սովետի ամենակոռումպացված եւ ամենակրիմինալ հանրապետությունը: Ապա եւ հարց է տալիս. բա ու՞ր մնաց վրացիների մենթալիտետը, ինչպե՞ս են հնարավոր դարձել այդպիսի փոփոխություններ: Սեղանի տարբեր մասերից պատասխանը հորդում է հեղեղի նման. «Վարդերի հեղափոխություն», «Վարդերի հեղափոխություն», «Վարդերի հեղափոխություն»: Աղմուկ-աղաղակ է բարձրանում, եւ պարզորոշ լսվում է միայն մեկ բառ` հեղափոխություն, հեղափոխություն, հեղափոխություն:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.