> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՄԱՌ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՄԱՌ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

www.nikol.am կայքի այցելու Վաղինակը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Ես չեմ նկատում անցյալ տարիների եւ այս տարվա հանրահավաքների մեջ մարդկանց մասնակցության զգալի տարբերություն: Ո՞րն էր պատճառը, որ իշխանությունները գնացին զիջումների»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Վաղինակ. եթե հիշողությունս չի դավաճանում, 2008 թվականի մարտի 1-ից հետո մինչեւ 2011 թվականը միայն մեկ հանրահավաք է եղել, որի ժամանակ փակվել է Կորյուն փողոց-Մաշտոց պողոտա հատվածի երթեւեկությունը: Այս տարի Մատենադարանում տեղի է ունեցել երեք հանրահավաք, որոնցից առաջինի ժամանակ ոստիկանությանը միայն մեծ ջանքերի գնով է հաջողվել բաց պահել երթեւեկությունը նշված հատվածում, իսկ երկուսի դեպքում երթեւեկությունը փակվել է` ի հեճուկս ոստիկանների գործադրած ջանքերի: Սա մի ցուցանիշ է, որի հետ որեւէ իշխանություն չէր կարող հաշվի չնստել:

Բայց նույնիսկ եթե վերջին տարիներին հանրահավաքի մասնակիցների թիվը չի շատացել եւ մնացել է նույնը, իշխանության զիջողականությունը պայմանավորված է հատկապես այդ փաստի հետ: Որովհետեւ, եթե հետմարտիմեկյան եռամյա հետապնդումների, ահաբեկումների, ոստիկանական բեսպրեդելի միջոցով իշխանությունները չկարողացան ասպարեզից հեռացնել Համաժողովրդական շարժումը, այդպիսով կանգնեցին շատ կոնկրետ քաղաքական խնդրի առաջ. ի՞նչ անել նրա հետ: Տրամաբանությունը պարզ է. եթե մարտի 1 էին անում, հետապնդում ու բանտարկում էին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին, նշանակում է` ուզում էին, որ չլինի Կոնգրեսը, ճի՞շտ է: Բայց չկարողացան դա անել:

Եթե ուզում էին, որ Կոնգրեսը չլինի, ուրեմն նրա գոյությունը շատ կոնկրետ պրոբլեմներ է ստեղծում իրենց համար: Չկարողանալով վերացնել Կոնգրեսը, նրանք չկարողացան վերացնել պրոբլեմը, եւ ուրեմն, կանգնեցին Կոնգրեսի հետ հաշվի նստելու անհրաժեշտության առաջ: Իսկ Կոնգրեսի քաղաքական լինելիության, նրա ուժի ցուցադրման քաղաքական եղանակը բազմամարդ հանրահավաքներն են:

Սիրելի Վաղինակ, ստեղծված քաղաքական իրավիճակի մասին անձնական զրույցների ընթացքում հաճախ եմ հիշում ռուս երգիծաբան Միխայիլ Զոշչենկոյի մի պատմվածք, որի վերնագիրը եւ մանրամասները, ցավոք, չեմ հիշում: Այդ պատմվածքի երկու հերոսներից մեկը մարմնեղ, թիկնեղ, կոճղի պես ամուր մի տիպ է, մյուսը` բարակ-մարակ, մտավորական երիտասարդ: Մտավորական այս երիտասարդն, ահա, գաղափարական-սկզբունքային ինչ-որ պատճառով ապտակ է տալիս ջանավարին:

Վերջինիս պատասխանը լինում է կոշտուկոպիտ, եւ երիտասարդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց: Բուժման կուրս անցնել-դուրս գրվելուց հետո երիտասարդն առաջին հերթին փնտրում-գտնում է ջանավարին եւ մի հատ էլ է ապտակում: Ջանավարը նորից ջարդուփշուր է անում երիտասարդին: Սա նորից հիվանդանոց է ընկնում եւ դուրս գրվելուց հետո նորից փնտրում-գտնում է ջանավարին ու նորից չափալախում: Ջանավարը նորից ջարդուփշուր է անում երիտասարդին: Այս ցիկլը նույնությամբ կրկնվում է մի քանի անգամ, եւ ահա, երբ հերթական անգամ երիտասարդ մտավորականը, հիվանդանոցից դուրս գրվելով` փնտրելիս է լինում ջանավարին, բնականաբար` նորից չափալախելու համար, ջանավարը հեռվից նրան տեսնելով` շուռ է գալիս ու փախչում: Էդ փախչելն է, որ փախչում է ու այլեւս չի երեւում գյուղում:

Ահա այսպիսին է Զոշչենկոյի պատմվածքը, եւ եթե մի քիչ հումորով վերաբերվենք ներքաղաքական իրավիճակին, հենց այսպիսին է ձեր հարցի պատասխանը: Իշխանությունը մարտի 1 արեց, բայց Համաժողովրդական շարժումը առաջին իսկ հնարավորության դեպքում իր ապտակը հասցրեց իշխանությանը: Իշխանությունը սրան պատասխանեց ապօրինի դատավարություններով, բայց ամեն դատավարության ժամանակ ապտակ էր ստանում դատվողներից: Այս ապտակներին իշխանությունը պատասխանում էր դրսում գտնվող ակտիվիստներին ձերբակալելով, բայց չձերբակալվածները, միեւնույն է, իրենց բաժին ապտակը հասցնում էին իշխանությանը: Սա կոչվում է համառ հետեւողականություն, եւ չկա մի ուժ, որ կարողանա դիմակայել այսպիսի համառ հետեւողականությանը: Լավագույն մաղթանքներս, սիրելի Վաղինակ: Եւ ձեզ, որպես քաղաքացու, համառ հետեւողականություն եմ մաղթում` հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Marine
    Հուլիս 26th, 2011 at 12:02 | #1

    Նիկոլ ջան

  2. Վաղինակ
    Հուլիս 26th, 2011 at 22:56 | #2

    Շնորհակալություն պատասխանի համար

  1. No trackbacks yet.