> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎՍՏԱՀԵՔ ԵՎ ԿՇԱՀԵՔ

ՎՍՏԱՀԵՔ ԵՎ ԿՇԱՀԵՔ

Կան լուրեր, որոնց դժվար է հավատալ: Այսպիսի անհավատալի լուրի մասին էլ ուզում եմ պատմել այսօր, չնայած` համոզված եմ, մեր մատուցած ողջ տեղեկատվությունը կարդալուց հետո բազմաթիվ ընթերցողներ զարմացած ծոր են տալու` դուք ի՞նչ է, Հայաստանի՞ց չեք, ինչի՞ վրա եք զարմացել:

Ընթերցողը կհիշի, թերեւս, թե այս տարվա փետրվարին մամուլում ինչպիսի աղմուկ բարձրացավ հրազդանցի մի երիտասարդի հետ կապված, որը լրագրողներին պատմել էր, որ Լֆիկ Սամոյի եղբորորդին մի խումբ անձանց հետ Արաբկիրի «Երեւան սիթի» խանութի նկուղում բռնությունների էր ենթարկել իրեն, ապա եւ առեւանգել ու մի քանի օր պատանդ պահել: Այս խնդրին անդրադարձան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Հրազդանցի երիտասարդը` Շահեն Հայրապետյան անունով, ինչպես կարգն է, ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում տվեց հանցագործության մասին: Այդ օրերից անցել է շուրջ 5 ամիս, եւ երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ճակատագրի արժանացավ տվյալ գործը, պատժվեցի՞ն արդյոք մեղավորները:

Արդյունքները ցնցող են. Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը մայիսի սկզբին մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել գործով անցնող մեղադրյալին: Էդ էլ վատ չէ, կմտածեք դուք, խոմ Լֆիկ Սամոյի ազգականին չէին նստեցնելու: Մի տարի պայմանական էլ որ տվել են, դա մեծ առաջընթաց է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի համար: Բայց մի շտապեք եզրակացություն անել, սիրելի ընթերցողներ. մեկ տարի ազատազրկման ոչ թե Լֆիկ Սամոյի եղբորորդին է դատապարտվել, այլ այդ նույն հրազդանցի երիտասարդը: Նա մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասով. սուտ մատնություն: Պետք է խոստովանել, սակայն, որ հայրենի դատարանը բավական մարդասիրական է վերաբերվել Հրազդանի քաղաքացու նկատմամբ, որն առաքիչ է աշխատել Ս. Ալեքսանյանին պատկանող ընկերությունում: Մեղադրանքը, որն առաջադրված է եղել Հայրապետյանին, կարող էր մինչեւ հինգ տարվա ազատազրկման հանգեցնել: Բայց քանի որ մեղադրյալը զղջացել եւ մեղավոր է ճանաչել իրեն, դատարանը նրա նկատմամբ մեղմ վերաբերմունք է ցուցաբերել:

Բայց իմ այսօրվա նյութը, իհարկե, այս փոքրիկ դետալի մասին չէ: Կան շատ ավելի կարեւոր հարցեր: Այս հարցերի մասին երկար-բարակ խոսելու փոխարեն ստորեւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության ս/թ ապրիլի 21-ի հայտարարությունը.

Հայտարարություն

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Այդ կապակցությամբ, ի լրումն նախկինում բազմիցս արված հայտարարությունների, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ակնկալելով հասարակության աջակցությունը, կրկին խնդրում է բոլոր նրանց, ով կարող է տեղեկատվություն տրամադրել 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի, հատկապես տասն անձանց մահվան հանգամանքների բացահայտման վերաբերյալ, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երևան, Վ. Սարգսյան 5:

Անհրաժեշտության դեպքում` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երաշխավորում է գաղտնիության ապահովումը` ընդհուպ մինչև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրած անձի նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը:
Կանխավ շնորհակալություն աջակցության համար»:

Ինչպես տեսնում եք, ՀՔԾ-ն բոլոր միջոցները ձեռնարկում է մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու համար: Ո՞վ է, ուրեմն, մեղավոր, որ այդ սպանությունները չեն բացահայտվում: Իհարկե դուք, սիրելի հայրենակիցներ, որ չեք արձագանքում ՀՔԾ-ի կոչերին եւ չեք գնում պատմում, թե ինչ եք տեսել 2008 թվականի մարտի 1-ին: Եթե տեսել եք, որ որեւէ օլիգարխ իր սափրագլուխներին զինում է եւ ուղարկում մարտի 1-ի իրադարձությունների թատերաբեմ, անպայման գնացեք ՀՔԾ եւ հայտարարություն տվեք, թե կոնկրետ ո՞ր օլիգարխին եք տեսել, կամ որ օլիգարխի ո՞ր սափրագլխին: Համոզված եղեք, եթե դուք ձեզ հայտնի ճշմարտությունը պատմեք, ձեզ հետ օրենքով սահմանված կարգով ամեն ինչ կանեն: Հիշեք, ՀՀ իրավապահները պաշտպանում են ճշմարտությունը: Եթե չեք հավատում, հիշեք Լֆիկ Սամոյի եղբոր որդու գործը եւ հպարտացեք, որ ապրում եք այսպիսի արդարադատ երկրում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.