> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԱ՛ ԽԱՂ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԱ՛ ԽԱՂ

www.nikol.am կայքի այցելու Արայիկը Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը. «Նիկոլ, ի՞նչ կասես այն կապակցությամբ, որ ասում են` եթե երկխոսություն պետք է լիներ, թող 2008թ. մարտի 1-ից առաջ լիներ»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի Արայիկ. երկխոսությունը հնարավոր է դարձել միայն այն բանի արդյունքում, որ իշխանությունը գոնե առժամանակ հրաժարվել է ընդդիմության նկատմամբ ուժային գործողություններ ձեռնարկելուց: Եթե որեւէ քաղաքական ուժ, թեկուզ անհատ` ուժային ներգործության ազդեցության տակ գնում է երկխոսության, դա արդեն ոչ թե երկխոսություն է, այլ կապիտուլյացիա:

2007 թվականի հոկտեմբերի 23-ից սկսած իշխանությունը մեզ հետ խոսել է ուժային լեզվով: Մեզ վրա հարձակվել են, մեզ ձերբակալել են, մեզ աշխատանքից ազատել են, հույս ունենալով, որ մենք կհրաժարվենք հետագա պայքարից: Ուժային այս ներգործությունից մենք ոչ թե կծկվել-պախկվել ենք, այլ դրան հակադրվել ենք, հակադրվել ենք քաղաքական եւ քաղաքացիական պայքարի բոլոր հնարավոր մեթոդներով, մենք շարունակել ենք պայքարը: Իշխանությունը, սակայն, իր լկտի ինքնավստահությանն է ապավինել եւ հույս է ունեցել, թե ահա մի քիչ էլ, եւ մենք, այսինքն` ընդդիմությունը, կկոտրվի եւ կհրաժարվի հետագա պայքարից: Տեղի է ունեցել հակառակը` 2008 թվականի նախագահական ընտրությունների բռի կեղծմանը ընդդիմությունը հակադրվել է ավելի սկզբունքորեն: Սկսվել են շուրջօրյա հանրահավաքներ: Իշխանությունը, սակայն, սրանից ոչ թե համապատասխան հետեւություններ է արել, այլ շարունակել է ընդդիմադիր շարժումը «կոտրելու» իր քաղաքականությունը: Շուրջօրյա հանրահավաքի օրերին տասնյակ ակտիվիստներ եւ լիդերներ ձերբակալվել են: 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ձերբակալված են եղել Հարություն Ուռուտյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, Մկրտիչ Սափեյանը, ուրիշներ: Ձերբակալությունների այս շղթան շարունակվել է: Բայց սրանից ընդդիմությունը ոչ թե կոտրվել, այլ ավելի վճռական է դարձել իր պայքարում: Իշխանությունը էլի հետեւություններ չի արել եւ մտածել է, որ մի հատ փըխկ կանի, եւ մարդիկ գլխապատառ կփախչեն պայքարի թատերաբեմից: Չի ստացվել. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի գործողությունից հետո հանրահավաքը շարունակվել է այլ տեղում: Իշխանությունը ստիպված է եղել ավելի մեծ ուժային միջոցներ գործադրել` կրակել մարդկանց վրա, սպանել, արտակարգ դրություն մտցնել, ձերբակալել ընդդիմադիր հարյուրավոր ակտիվիստների եւ լիդերների:

Սրանից, սակայն, Շարժումը չի կոտրվել, նոր թափով է շարունակվել: Քաղբանտարկյալները իրենց պայքարը շարունակել են բանտում, մյուսները` դրսում: Եկել է մի պահ, երբ իշխանությունը հասկացել է, որ չի կարողանում ոչինչ անել քաղաքական եւ քաղաքացիական այս ուժի հետ: Ձերբակալել են, սպանել են, սնանկացրել են, հետապնդել են, դատել են` բայց Հայ ազգային կոնգրեսը կա եւ բազմահազարանոց հանրահավաքներ է անում: Իշխանությունը այս իրավիճակում հայտնվել է կոնկրետ ընտրության առաջ. կամ շարունակել ուժային գործողությունները, կամ նստել բանակցային սեղանի շուրջ: Իշխանությունը մինչեւ վերջերս` ժամանակ առ ժամանակ փորձ է արել ահագնացնել ուժային գործողությունները, բայց համոզվելով, որ այդպիսով չի հասնում իր համար ցանկալի արդյունքի, որոշել է հրաժարվել այդ ճանապարհից:

2008-ին երկխոսությունը հնարավոր չէր, որովհետեւ իշխանությունը չուներ երկխոսության կարիք: Իշխանությանը թվում էր, թե ժողովրդին կծեծի, կքշի, ու հարցը կփակվի: Հարցը չփակվեց, իշխանությունը հասկացավ, որ հարցը ուժային ճանապարհով հնարավոր չի լուծել: Հիմա` իշխանությանը երկխոսության է գալիս ոչ ամենեւին մեր սիրույն: Նրա նպատակները նույնն են` եթե ուժային ճանապարհով հարցը հնարավոր չեղավ փակել, փորձ է անում ձգել, փակել երկխոսության ճանապարհով: Բայց Հայ ազգային կոնգրեսի նպատակն էլ է նույնը, ու եթե մեր խնդիրը, այն է` արտահերթ ընտրությունները, չլուծվի երկխոսության ճանապարհով, մենք կփորձենք դա անել քաղաքացիական եւ քաղաքական պայքարի ուրիշ մեթոդներով: Բայց այս թեմային բազմիցս անդրադարձել եմ, եւ սա, ըստ էության, կապ չունի ձեր հարցի հետ: Իսկ ձեր հարցի պատասխանը մեկն է. 2008-ին երկխոսությունը հնարավոր չէր, որովհետեւ իշխանությունը մտածում էր, թե իր դեմ խաղ չկա: Երեք տարվա ընթացքում համոզվեց, որ լավ էլ խաղ կա, եւ պարտադրված է վարել բանակցություններ, այլապես կտեսնի այն խաղը, որ իր համառության պարագայում կխաղարկվի Երեւանի փողոցներում: Լավագույն մաղթանքներս, սիրելի Արայիկ:

Հ.Գ. Սիրելի Արայիկ, եթե ձեզ համար մութ մնաց այն հարցը, թե ընդդիմությունն ինչո՞ւ տվյալ իրավիճակում գնաց երկխոսության եւ ոչ միանգամից ջրբաժանի ճանապարհով, խնդրում եմ կարդացեք «Realpolitik ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի» հոդվածը` տպագրված «ՀԺ»-ի հունիսի 29-ի համարում: Երեկվա իմ պատասխանը Վաղինակի հարցին, հույս ունեմ, կարդացել եք: Դրանցով հանդերձ այս հարցի պատասխանը ամբողջանում է:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ


  1. MM
    Հուլիս 23rd, 2011 at 08:29 | #1

    Nikol jan, astvac qez aroch u yerkar kyanq ta!!!!!!!!!Du hrashq es!!!!!

  1. No trackbacks yet.