ԹՐԱՇՎԵՔ ՄԻԱՍԻՆ
Ցանկացած քննադատություն կարելի է քննարկել: Բայց որպեսզի այդ քննարկումը չվերածվի ժամավաճառության` կարեւոր է, որ քննադատությունը փաստարկված լինի: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ իշխանությունների հետ բանակցում է արտահերթ ընտրությունների թեմայով: Հայտարարել է, որ եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների հարցում իշխանությունը չկողմնորոշվի, տեղի է ունենալու ջրբաժան: Իշխանության հետ բանակցությունները տեղի են ունենում հանրության աչքի առաջ: Այսքանից հետո ինչ-որ մարդիկ են հայտնվում, ովքեր համարձակվում են Հայ ազգային կոնգրեսին մեղադրել ժողովրդի թիկունքում գործարքի գնալու մեջ:
Եթե որեւէ ուժ ժողովրդի թիկունքում գործարքի է գնում, դա անում է ժողովրդի թիկունքում եւ ոչ թե աչքի առաջ: Կոնգրեսն իշխանության հետ բանակցում է ժողովրդի աչքի առաջ, չէ՞, էդ ո՞նց եղավ ժողովրդի թիկունքում: Ուզում եք ասել` ժողովրդի աչքի առա՞ջ է գործարքի գնում: Կներեք` ապուշն ու անբարոյականը դուք եք: Ժողովրդի թիկունքում իրենց անելիքն արեցին ԱԽՔ-ն ու Դհոլը, երբ ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո էլի ընդդիմադիր էին, հետո մի օր արթնացանք, պարզվեց` արդեն ընդդիմադիր չեն: Իսկ որեւէ մեկը հիշու՞մ է, որ դրանից առաջ նրանք հայտարարած լինեն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու մասին: Ոչ, իհարկե: Որովհետեւ նրանց հանդիպումները տեղի են ունեցել խնամու տանը, զոքանչի խոհանոցի սեղանի տակ, Գրիշիկենց պադյեզդում: Նրանք հանդիպել են ժողովրդի աչքից հեռու, որովհետեւ թաքցնելու բան են ունեցել ժողովրդից: Նրանց հանդիպումների մասին լուրերն, այնուամենայնիվ, սպրդել են մամուլ` «լավատեղյակ աղբյուրների» ջանքերով: Հետո նրանք հերքել են կամ չեն հերքել, կամ կիսահերքել-կիսահաստատել են, կամ ոչ հերքել են, ոչ հաստատել: Իսկ այս դեպքում հանրությունն ամեն ինչի մասին իմանում է նախապես, իմանում է առաջին աղբյուրից, իմանում է պաշտոնապես: Եւ, ի դեպ, չնայած բանակցությունները հասկանալիորեն տեղի են ունենում փակ դռների հետեւում, դրանց արդյունքում հանրությունը ստանում է ողջ տեղեկատվությունը: Ուշադրություն դարձրեք` «լավատեղյակ աղբյուրները» ոչ մի լրատվամիջոցի ոչ մի հավելյալ բան չհայտնեցին իշխանության պատվիրակության հետ Կոնգրեսի պատվիրակության բանակցությունների մասին: «Լավատեղյակ աղբյուրները» չհայտնեցին, որովհետեւ պատվիրակներն իրենք ամեն ինչ հայտնել էին լրագրողներին:
Մեր մեջ ասած, այս թեման քննարկելը նույնիսկ անիմաստ է, որովհետեւ հասկացողին` մեկ, չհասկացողին` հազար ու մեկ: Բայց պրոբլեմն այն է, որ ոմանք ոչ թե չեն հասկանում, թե ինչ է կատարվում, այլ իրենց չհասկացողի տեղ են դնում: Իսկ տեղի է ունենում հետեւյալը` Հայ ազգային կոնգրեսը իրագործում է Հայաստանում արտահերթ ընտրությունների հասնելու իր անխախտ պլանը, եւ դա անում է միայն այն բանի շնորհիվ, որ կարողացել է ժողովրդական ճնշման ներքո իշխանություններին ստիպել` ստիպել գալ-նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ասում են, որոշ գործիչներ հայտարարություն են արել, թե ժողովուրդը Կոնգրեսին չի լիազորել իր անունից բանակցել իշխանությունների հետ: Անձամբ չեմ լսել այդ հայտարարությունը, դրա համար էլ այդ հեղինակի անունը չեմ հիշատակում, հղում չեմ անում: Բայցեւայնպես նման տեսակետ ունեցողներին հարց եմ տալիս. իսկ ժողովուրդը ձեզ լիազորե՞լ է, որ դուք հայտարարեք, որ
ժողովուրդը Հայ ազգային կոնգրեսին չի լիազորել իր անունից բանակցել:
Իսկ Րաֆֆիի ներկայացուցիչը «կանխատեսում» է, թե Կոնգրեսը հայտնվելու է օգտագործված, դեն շպրտվածի վիճակում: Արա, դուք գնացեք հիդրոէլեկտրոկայան կառուցեք եւ թրաշեք ձեր բեղերը` այ օգտագործված եւ դեռեւս դեն չշպրտվածներ: Դեն շպրտվածի կարգավիճակում դուք եք հայտնվելու եւ մեկ էլ ձեզ վարձած սերժանտական իշխանությունը: Հասկացա՞նք իրար, թե՞ էլի հարցեր կան:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Cavd tanem Nikol
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՄ ՄՏՔԻ ՇԱՐԱԴՐԱՆՔՆ ԷԼ ԷԻՆ