> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է…

ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է…

1944 թվականին Չինաստանի կոմունիստական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունին հարց են տալիս, թե նա ի՞նչ կարծիքի է Ֆրանսիական Մեծ Հեղափոխության մասին: Մաոն ցնցող պատասխան է տալիս. «Այդ մասին վաղ է հետեւություն անել»,- ասում է նա: Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը տեղի է ունեցել 1794 թվականին, իսկ Մաոն մոտ 150 տարի անց դեռեւս վաղ էր համարում հետեւություն անել:

Սա, թերեւս, ուսանելի պատմություն է բոլոր նրանց համար, ովքեր շտապում են ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը ներկայացնել որպես երկնքից թափվող մանանա: Իրենց կիրքը պետք է զսպեն նաեւ նրանք, ովքեր երկխոսությունը փորձում են ներկայացնել որպես Հայաստանի գլխին պայթած աղետ: Շտապում են նաեւ նրանք, ովքեր խոսում են քաղաքական նոր մշակույթի ձեւավորման մասին:

Մաոյի օրինակին հետեւելով` ինքս էլ չեմ շտապում աշխարհացունց հետեւություններ անել, որովհետեւ գիտակցում եմ, որ երկխոսության վերջնական գնահատականը կախված է այն արդյունքներից, որ նա կբերի: Եւ փառք Աստծո, տվյալ պարագայում` հետեւություններ անելու համար անհրաժեշտ չի լինի 150 տարի եւ ավելի սպասել:

Եթե սեպտեմբերին մենք կունենանք քաղաքական պայմանավորվածություն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին` լավ, եթե չենք ունենա նման պայմանավորվածություն, ուրեմն երկխոսությունը կհամարենք փակված, Հայ ազգային կոնգրեսը արտահերթ ընտրությունների կհասնի այլ ճանապարհով, եւ քաղաքական նոր մշակույթի մասին խոսակցությունները կդառնան անիմաստ:
Տվյալ իրավիճակում առավել կարեւոր է այն, որ Հայ ազգային կոնգրեսը ժամանակն արդյունավետ է օգտագործում արտահերթ ընտրությունների հարցում հստակության հասնելու իմաստով: Մենք ապրում ենք քաղաքական իմաստով ամենաթեժ ամառը` 1996 թվականից ի վեր: 1996-ի ամառային թեժությունն էլ մի տեսակ պարտադրված էր, որովհետեւ տեղի էին ունենում նախագահական ընտրությունների նախապատրաստություններ, առաջադրվում էին թեկնածություններ, ընթանում էր Սահմանադրությամբ նախատեսված քաղաքական գործընթաց: Իսկ ընթացիկ ամառը նշանավոր է նրանով, որ գնալով ավելի ու ավելի է թեժանում բացառապես ընդդիմության եւ այն էլ` արտախորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ: Վերջապես մենք ունեցանք քաղաքական թեժ ամառ, ինչը անխուսափելի է դարձնում քաղաքական թեժ աշնան լինելիությունը: Մնացածը արդեն կախված է ամռան եւ աշնան արդյունքներից: Իշխանությունը պետք է իրեն հաշիվ տա, որ թեժության այս կրակը հնարավոր չի լինելու մարել, քանի դեռ չի վերացվել այն բորբոքող ակունքը, որպիսին հանդիսանում են նախագահական կեղծված ընտրությունները: Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ նախագահ, Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ խորհրդարան: Քանի դեռ այս հարցը չի լուծվել, առաջիկա բոլոր սեզոնները լինելու են թեժ:

Իսկ երեկվա հանդիպումը անհրաժեշտ է համարել Հայ ազգային կոնգրեսի մարտավարական խոշոր հաջողություն, որովհետեւ ի վերջո արձանագրվեց այն, ինչ Կոնգրեսի ընդդիմախոսները արդեն երեք տարի փորձում են ժխտել. ներքաղաքական կյանքում երկու հիմնական եւ խոշոր դերակատար կա` Հայ ազգային կոնգրեսն ու իշխանական կոալիցիան, եւ հենց այս ուժերի հարաբերություններն են կանխորոշելու հետագա իրադարձությունների ընթացքը: Իշխանությունն, անշուշտ, տեղի ունեցող բանակցային գործընթացները փորձելու է օգտագործել սեփական քարոզչության, ավելի ճիշտ` Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար: Նման գործելակերպը, սակայն, որեւէ արդյունք չի տալու, որովհետեւ եթե 2007 թվականից ծայր առած տոտալ հակաքարոզչությամբ իշխանությունը չի կարողացել լուծել իր խնդիրը, հիմա առավելեւս` չի կարողանալու: Ակնհայտ է, որ Հայ ազգային կոնգրեսի` անշտապ վճռականության մարտավարությունը տվել է շատ կոնկրետ քաղաքական արդյունքներ, այսինքն` երաշխավորել է իր հեղինակների հետագա գործունեության հաջողությունը: Եթե իշխանությունը հույս է դրել հանրահավաքային ժողովրդի շրջանում հիասթափություն, հուսահատություն հարուցելու տարբերակի վրա, հիասթափություն ապրելու է հենց ինքը: Եթե իշխանությունը չընդունի պատշաճ երկխոսության եւ քաղաքական ճգնաժամի հաղթահարման` Հայ ազգային կոնգրեսի առաջարկը, աշնանը մենք ունենալու ենք քաղաքացիական ընդվզման ավելի մեծ ալիք, քան ունեցել ենք 2008 թվականին: Ինքս սրանում չեմ կասկածում: Լկտիություն չհամարեք` նույնիսկ կասկածող եմ ման գալիս:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.