> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՔԱՆԻ՞ ՊԱՐԿՈՒՃ Է ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵԼ

ՔԱՆԻ՞ ՊԱՐԿՈՒՃ Է ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՎԵԼ

Վահագն Հարությունյան«Գնդակները եւ ոչ միայն դրանք, այլեւ առհասարակ դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները, որոնց թիվը, եթե չեմ սխալվում,1700-ից ավելի էր, համեմատվել է ոստիկանության աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների տրամադրության տակ եղած զենքերի հետ: Զենքերը համադրվել են եւ գնդակների, եւ պարկուճների հետ, սակայն նույնացում որեւէ զենքի հետ չի հայտնաբերվել»:

Եթե որեւէ մեկը ասի` 2007 թվականի մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ՀՀ տասը քաղաքացի է զոհվել, մենք բոլորս կհասկանանք, որ լեզվի սայթաքում է: Մարդը սխալվել է եւ 2008 թվականի փոխարեն ասել է 2007: Բայց վերեւում չակերտների մեջ արտասանած նախադասության առանձնահատկությունն այն է, որ այն չի կարող լեզվի սայթաքում լինել: Հստակ կառուցված, տրամաբանված նախադասություն է, եւ դա արտասանողը չէր կարող իրեն հաշիվ չտալ, թե ինչ է ասում: Ուրիշ բան, որ զգոնությունը թուլացրել եւ ասել է այն, ինչ չպետք է ասեր: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ այդ նախադասության հեղինակը 2008 թվականի մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն է, ասվածն առավել քան կարեւոր է դառնում: Հարությունյանն ասում է, որ 2008 թվականի մարտի 1-ին դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները (եւ դիակների մարմիններից հանված գնդակները) ոստիկանության եւ ներքին զորքերի տրամադրության տակ եղած հրազենի հետ չեն համընկնում:

Նախօրեին տեղի ունեցած ասուլիսում Հարությունյանն, իհարկե, փորձել է հետ կանգնել դեռեւս մայիսի 25-ի իր այդ ասածից: Փորձել է ներկայացնել, թե լրագրողները իրեն սխալ են հասկացել: Բայց դե` իսկականից, վերը նշվածի սխալ հասկանալը ո՞րն է: Ամեն ինչ ասված է պարզ եւ հստակ: Բայց նույնիսկ եթե Հարությունյանը հիմա հրաժարվում է իր ասածից, եկեք պատկերացնենք, թե ինչ կարող էր նշանակել նյութի սկզբում մեջբերված նրա հայտարարությունը: Կարող էր նշանակել միայն մեկ բան. 2008 թ. մարտի 1-ին ցուցարարների դեմ ոստիկանությունում եւ ներքին զորքերում գրանցված զենքեր չեն օգտագործվել: Այդ դեպքում հարց է առաջանում. իսկ ի՞նչ զենքերով են կրակել ցուցարարների վրա: Պատասխանի երկու տարբերակ կա. բանակի զենքերով կամ անհայտ ծագման զենքով: Կամ` երկուսը միասին: Հիմա, երբ հետադարձ հիշում ենք, թե ինչպես էր Դաստակովը պատմում մեքենայի բագաժնիկով Կալաշնիկովի ավտոմատները Երեւան տեղափոխելու մասին, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով անձինք զինվում ոստիկանների ներկայությամբ, դա համադրում ենք Հարությունյանի` մայիսի 25-ի հայտարարության հետ, կարող ենք հասկանալ, թե ինչու չեն բացահայտվում մարտի 1-ի սպանությունները: Ըստ ամենայնի` դրանք նախապես ծրագրված են եղել իշխանության կողմից, ու որպեսզի հետագայում նույնականացմամբ սպանությունները բացահայտելու խնդիր չլինի` դեպքի վայր են բերվել անհայտ ծագմամբ ավտոմատներ, որ հետո հարց ու պատասխան չլինի: Սա տարբերակներից մեկն է, որը Հարությունյանը շտապում է հերքել, չնայած` վարկածն առաջանում է իր իսկ արած հայտարարության հիման վրա: Բայց նույնիսկ իր հերքումից հետո շատ ավելի կարեւոր հարց է ծագում. հայտնաբերված պարկուճներից քանի՞սն են, որ համընկնում են ոստիկանությունում եւ ներքին զորքերում գրանցված զենքերի հետ: Հայտնաբերվել է 1700 պարկուճ: Դրանցից քանիսի՞ մասին կարելի է ասել, որ կրակվել է ներքին զորքերի կամ ոստիկանության կոնկրետ զենքից, այսինքն` քանիսն են, որ նույնականացվել են: Եւ քանիսն են, որոնց ծագումը հայտնի չէ: Հենց այս թվերի համադրությունն է, որ շատ բան կասի մարտի 1-ին տեղի ունեցածի մասին: Հենց այս թվերի համադրությունն է, որ ռեալ բան կասի հայտնի իրադարձություններին օլիգարխների սափրագլուխների մասնակցության չափի եւ ձեւի մասին: Բայց այսպիսի վիճակագրություն ումի՞ց իմանանք եւ ինչպե՞ս: Ճիշտ է, կարելի է Վահագն Հարությունյանին հարցնել` ամսվա վերջին չորեքշաբթի օրը կայանալիք ասուլիսում: Բայց որտե՞ղ է երաշխիքը, որ նա չի ասի մի բան, որից կհրաժարվի հաջորդ ասուլիսում: Իսկ հետագայում` քրեական գործի վերանայման ժամանակ, չի պարզվի բոլորովին ուրիշ մի բան:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.