> ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՉԵՄ ԼԻՆԻ ՔՉԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

ՉԵՄ ԼԻՆԻ ՔՉԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ

www.nikol.am կայքի այցելուն, որ ներկայացել է Sego անունով, Նիկոլ Փաշինյանին է ուղղել հետեւյալ հարցը.

«Նիկոլ ջան, դու ասում ես, որ 700 հազար մարդ հավաքվի Ազատության հրապարակում, որ լինի իշխանափոխություն: Չե՞ս կարծում, որ իշխանափոխության ավելի էֆեկտիվ եւ կարճ ձեւեր կան, որ ենթադրում է մարդկանց շատ ավելի փոքր, բայց ավելի վճռական եւ կոնկրետ մասնակցություն: Հասկացար, չէ՞, ինչի մասին եմ հարցնում»:

Նիկոլի պատասխանը - Սիրելի բարեկամ, անշուշտ, կան իշխանափոխության այնպիսի սցենարներ, որ հնարավոր է իրականացնել նույնիսկ մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ հոգով: Այսօր Հայաստանում կա՛ն մարդիկ, ովքեր համոզված են, թե պետք է գործել հենց այդպիսի սցենարով: Եթե դուք անձամբ ինձ նկատի ունեք կամ քաղաքական մեր թիմին, հակադարձ հարց եմ ձեզ տալիս. իսկ ինչո՞ւ պիտի մենք նման սցենար իրագործենք կամ մտածենք նման սցենար իրագործելու մասին: Որ հասնենք իշխանությա՞ն: Այդ դեպքում մի՞թե ճիշտ չեն լինի նրանք, ովքեր համարձակվում են պնդել, թե մենք իշխանամոլներ եւ իշխանատենչներ ենք, թե մենք ձգտում ենք ամեն գնով հասնել աթոռների:

Հիմա էլ, ահա, դուք ինքներդ կարող եք հակադարձ հարց տալ ինձ. այդ դեպքում, եթե չեք ձգտում իշխանության, ինչո՞ւ է Հայ ազգային կոնգրեսը իշխանափոխությունը հայտարարել որպես քաղաքական նպատակ, ինչու ենք մենք` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներս, հայտարարում, թե վճռական ենք իշխանափոխության համար պայքարում: Պատասխանեմ. մենք համարում ենք, որ առանց գործող իշխանության հեռացման եւ օրինական իշխանության հաստատման Հայաստանն ապագա չունի: Մենք համարում ենք, որ գործող իշխանությունները Հայաստանը տանում են դեպի անդունդ, եւ պատրաստ ենք նրա հեռացման համար պայքարել մինչեւ վերջ: Ահա, ուրեմն, մենք համարում ենք, եւ դա այդպես է, որ իշխանափոխությունը ոչ թե մեզ է անհրաժեշտ, որպես անձերի, ոչ թե Հայ ազգային կոնգրեսին, որպես քաղաքական թիմի, այլ Հայաստանին, նրա ապագային, նրա ժողովրդին: Մենք պատրաստ ենք վճռականորեն գնալ իշխանափոխության` հանուն ժողովրդի:
Հենց այստեղ է, որ ծառանում է ամենակարեւոր հարցը` իսկ ժողովուրդը մեր այդպիսի ծառայության կարիքը ունի՞: Երբ այս հարցը դրական պատասխան ստանա, ինքս, հավատացեք, ոչնչի առաջ չեմ կանգնի: Իսկ որպեսզի համոզված լինեմ հարցի դրական պատասխանի մեջ` 700 հազար մարդ պետք է լինի հրապարակում: Լավ` գուցե ոչ թե 700 հազար, այլ 500 հազար: Սա թվաբանությունն է, թվաբանական մոտեցումը: Եթե քաղաքական իմաստով եք ուզում` ձեւակերպեմ` հրապարակում պետք է լինի ՀՀ քաղաքացիների վճռորոշ մեծամասնությունը: Իմ գնահատմամբ, դա 500 հազարից 700 հազար քաղաքացին է:

Եթե այս մեծամասնությունը մեզ չի լիազորում անել իշխանափոխություն, ու՞մ համար ենք, ուրեմն, անում մենք իշխանափոխություն: Ինքներս մե՞զ համար, հանուն պաշտոնի եւ իշխանությա՞ն: Քավ լիցի: 2010 թվականին բանտից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվեցի «Իմ հաղթանակը` քո հաղթանակն է» կարգախոսով: Սա ՀՀ քաղաքացուն ուղղված ուղերձ էր: Ես խորապես հավատում եմ այդ կարգախոսին: Եթե պարզվի, որ «իմ հաղթանակը» «ինձ» է պետք եւ ոչ թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նույն պահին իսկ կդադարեմ քաղաքականությամբ զբաղվել, որովհետեւ երբեք չեմ նվաստանա հանուն անձնական շահի քաղաքականությամբ զբաղվելու աստիճան:

Հաջորդ հարցը. այս պահին հրապարակում չկա 700 հազար մարդ, ինչո՞ւ եմ ես շարունակում զբաղվել քաղաքականությամբ: Ինձ համար քաղաքականությունը նախեւառաջ համախոհների փնտրտուք է, եւ քաղաքականությամբ զբաղվում եմ 700 հազար մարդու վստահությանը արժանանալու, այսինքն` 700 հազար համախոհ ձեռք բերելու համար: Ինձ համար հեղափոխությունը հենց սա է` 700 հազար համախոհ, 700 հազար ՀՀ քաղաքացի Ազատության հրապարակում:
Զուտ տեսականորեն հնարավոր է, չէ՞, որ երբեք համախոհների այդպիսի բազմություն ձեռք չբերեմ: Հոգ չէ. ինձ համար ավելի կարեւոր է, որ ՀՀ քաղաքացուն ունենամ ասելիք, բարձրաձայնեմ, ասեմ, պարզ ու մատչելի մատուցեմ այդ ասելիքը, պատրաստ լինեմ ինքս ինձ զոհաբերել հանուն այդ ասելիքի եւ անելիքի:

Եթե այդ ասելիքը եւ անելիքը պետք է Հայաստանին, թող Հայաստանը վերցնի այն եւ օգտագործի ի շահ իրեն: Եթե պետք չէ, թող փաթաթի ու դեն նետի աղբանոցը: Իմ անձնական շահը հենց այստեղ է. թե առաջին, եւ թե երկրորդ դեպքում մաքուր կլինեմ իմ քաղաքացիական խղճի առաջ: Կիմանամ, որ հնչեցրել եմ իմ անկեղծ ահազանգը, բարձրաձայնել եմ այն ճշմարտությունը, որին հավատում եմ, ինձնից կախված առավելագույնն արել եմ, որ այդ ասելիքը հասնի հասցեատիրոջը եւ դառնա իրականություն: Լսել եւ արձագանքե՞լ է հասցեատերը, ես նրան կծառայեմ մինչեւ վերջ: Չունի՞ հասցեատերը իմ ծառայության կարիքը` դրանից իմ սերը հասցեատիրոջ նկատմամբ չի նվազում:

Իմ պատասխանի այս կետում դուք կարող եք եւս մեկ հարց տալ. եթե այդքան համոզված եմ, որ այս իշխանությունը երկիրը տանում է կործանման, ինչու չեմ համաձայնվում ամեն գնով եւ ցանկացած միջոցով իշխանափոխության: Պատասխանեմ. Սերժ Սարգսյանի իշխանությունը երկիրը տանում է կործանման ոչ այն պատճառով, որ ի սկզբանե այդպես վարվելու նպատակ եւ խնդիր է դրել իր առաջ, այլ որովհետեւ իշխանության է հասել «մի քանի հարյուր մարդու» եւ ոչ թե «700 հազար քաղաքացու» սցենարով: Մի քանի հարյուր մարդու սցենարը համապատասխան շարունակություն է ենթադրում, անխուսափելի շարունակություն: «700 հազար մարդու» սցենարն էլ համապատասխանաբար իր սցենարական զարգացումն ունի: Իմ պայքարը «մի քանի հարյուր մարդու» սցենարի դեմ է, քչերի իշխանության դեմ, եւ ինքս երբեք, երբեք չեմ լինի քչերի իշխանության անդամ: Լավագույն մաղթանքներս, սիրելի բարեկամ:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. LEVON
    Հուլիս 15th, 2011 at 13:14 | #1

    1+1+1+1+1+1+1+1

  2. Հուլիս 19th, 2011 at 19:06 | #2

    1+1+1+1+1+1+1

  1. No trackbacks yet.