ՊԻՊԻՉԻ ՈՒ ԶՊՐՏԻՉԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Աննամուսի երեսին թքում են, ասում ա` անձրեւ ա գալիս:
ժողովրդական առած
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը երեկ անդրադարձել է «Ֆորբս» հանդեսի հայտնի հրապարակմանը, որտեղ ասվում է, որ Հայաստանն ունի վատթարագույն տնտեսությունն աշխարհում` Մադագասկարից հետո: Սարգսյանը ոչ ավելի, ոչ պակաս` բռնել ու հայտարարել է, որ ավելի կարեւորում է Հայաստանի վերաբերյալ «Մուդիսի», «Ֆիտչի» եւ «Ստանդարտ ընդ փուրսի» գնահատականները եւ ոչ թե մի ինչ-որ կայքի (նկատի ունի «Ֆորբսը»), որի գնահատականները ինչ-որ քաղաքական գործիչներ վերցնում եւ շահարկում են:
Սարգսյանի այս պատասխանը արդեն ուղղակի ապացույց է, որ գործող կառավարությունը այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքն ընդհանրապես: ՀՀ քաղաքացուն, մեր մեջ ասած, ոչ թե ֆորբսի, չիչի, պիչի, պիպիչի, զպրտիչի, ֆնգստիչի գնահատականն է հուզում, այլ այն ամենը, ինչ քաղաքացին ամեն օր տեսնում է սեփական աչքերով: Իսկ նա սեփական աչքերով տեսնում է, որ տնտեսության վիճակը վատ է, գնաճը շարունակում է իր հաղթարշավը, արտագաղթը մեծանում է անխախտ տեմպերով, մարդիկ ավելի ու ավելի վատ են ապրում, բիզնեսը Հայաստանից տեղափոխվում է Վրաստան, աշխատատեղեր չեն բացվում: «Ֆորբսի» գնահատականը Հայաստանում լայն արձագանք է գտնում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ չարամիտ քաղաքական գործիչներ վերցրել ու սկսել են շահարկել դա, այլ այն պատճառով, որ հանդեսի բարձրաձայնածը համընկնում է ՀՀ քաղաքացու հոռետեսական ընկալումների, մտավախությունների, հուսահատության, ստեղծված վիճակի մասին ունեցած պատկերացումների հետ: Ինտելեկտուալի հորջորջում ստացած Տիգրան Սարգսյանը սա կարո՞ղ է հասկանալ:
Հիմա` երկրի տնտեսության վիճակը վատ է: Սրանում որեւէ կասկած կա՞: Չկա: Սրա հետ համաձայն են նույնիսկ իշխանավորները:
Էս պահին եկեք չքննարկենք, թե ով է վիճակի մեղավորը, ինչու է այն ստեղծվել: Չքննարկենք` նաեւ քաղաքական շահարկումների մասին անհեթեթ մեղադրանքներից խուսափելու համար: Ուրեմն` Տիգրան Սարգսյան, երկրի տնտեսության վիճակը վատ է:
Լավ-վատ` դուք կառավարության ղեկավար եք: Ուրեմն` ոչ թե տեսախցիկների առաջ կանգնեք ու սկսեք ինչ-որ մտահանգումներ անել ինչ-որ ֆորբսի, չիչի, պիչի, պիպիչի, զպրտիչի, ֆնգստիչի մասին, այլ ՀՀ քաղաքացուն պարզ, մարդավարի, հասկանալի բացատրեք` ձեր կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում ստեղծված վիճակը հաղթահարելու համար: Բացատրեք, համոզեք, ապացուցեք, որ գոնե մոտավոր պատկերացում ունեք, թե ինչ է պետք անել` երկրին համակած տնտեսական կրախը հաղթահարելու համար: Եթե անելիքների մասին ունեք պատկերացում, ուրեմն կոնկրետ քայլերով ապացուցեք, որ ի վիճակի եք անել այդ քայլերը:
Ֆորբսը ի՞նչ, ֆորբսի հերն էլ անիծած: ՀՀ ցանկացած քաղաքացի հարեւանի դուռը բացելով, ավելի շատ ինֆորմացիա կստանա Հայաստանի տնտեսության մասին, քան կարելի է իմանալ «Ֆորբսի» կայքից: Ի՞նչ է, մեզ «Ֆո՞րբս» է հարկավոր, որ իմանանք, որ մեր երկրում վիճակը մոտ է աղետայինին, որ ընկալենք, որ Հայաստանում գործում է վատագույն կառավարություններից մեկն աշխարհում, որը բացարձակապես ի վիճակի չէ հաղթահարել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, որն ի վիճակի չէ սեփական քաղաքացիներին հոդաբաշխ բացատրել` ի՞նչ է անում եւ անո՞ւմ է ընդհանրապես ստեղծված վիճակը հաղթահարելու համար:
Սա քաղաքական շահարկո՞ւմ կհամարեք: Շատ լավ, դուք եւ ձեր շեֆը կանգնեք մարդկանց առաջ, խոսեք նրանց հետ եւ համոզեք, որ ի վիճակի եք երկիրը դուրս բերել այս փոսից:
Եթե չէ` Սերժ Սարգսյանի հետ հավաքեք ձեր իրերը եւ խորությամբ ուսումնասիրեք Սիկտիվկարի տնտեսական մոդելը, Դոու ջոնսի վերջին օպերատիվ տվյալների համատեքստում: Թե չէ` ընկել եք` ֆստնգյու՜լ , մուդի՜ս, խուդի՜ս, գլոբուդի՜ս:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














I’m proud of you!
Meeeeeeee tooooooo