> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՍԿ ԴՈՒ ՀԱԳԵ՞Լ ԵՍ ԷԼԻՏԱՐ ՏՐՈՒՍԻԿ

ԻՍԿ ԴՈՒ ՀԱԳԵ՞Լ ԵՍ ԷԼԻՏԱՐ ՏՐՈՒՍԻԿ

Նախօրեին մի քանի ժամով եղա Սեւանում, եւ իմ տեսած Սեւանն ինձ ցնցեց: Սեւանում տպավորություն ես ստանում, թե Հայաստանում մարդիկ երթեւեկում են բացառապես «Պորշ Կայեն»-ներով, յաշիկ «Բրաբուսներով», Ինֆինիտիներով: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում միայն «գոլդ» պետհամարանիշեր կան եւ ուրիշ ոչինչ: Եւ իսկապես, եթե ուրիշ պետհամարանիշերով ավտոներ կան, էս շոգ- կրակին ու՞ր են, եթե ոչ Սեւանում: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում էնքան շատ ոսկի կա, որ բոլոր մարդիկ պարտավորված են ուղղակի` շրջել գելխեղդին արժանի «ցեփերը» վզներից կախած:

Եթե անտեղյակ մեկին բերես Սեւանի մայրուղու եզրին կանգնեցնես այս օրերին, նրան կթվա, թե հայտնվել է աշխարհի ամենազարգացած երկրում: Նույնիսկ ամենահետին, ամենաէժանագին սրճարանների, ռեստորանների դիմաց` ավտոկայանատեղիներում կայանած են բացառապես գոլդ համարներով, գոլդ ավտոմեքենաներ:

Հեռուստատեսային եթերից որքա՜ն ուրախացավ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի բացած հանրային լողափի կապակցությամբ: Սեւան կատարած իմ մի քանի ժամանոց այցելությունից եզրակացությունը մեկն է. Սերժ Սարգսյանի հանրային լողափը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հիմնադրված առաջին գետտոն: Նացիստները, յանկիները քաղաքներում տեղեր էին առանձնացնում, որ համապատասխանաբար` հրեաները կամ աֆրոամերիկացիները (այն ժամանակ նրանց նեգրեր էին անվանում) այդ տեղերում ապրեն, իրենք իրենցով, այսինքն` առանց բարձր ռասայի կողմից սահմանված անհրաժեշտության դուրս չգան քաղաքի էլիտար հատված, չմխտռեն էլիտայի, բարձր ռասայի կյանքը: Հիմա էլ` Սերժ Սարգսյանը հանրային լողափ է կառուցել, որ հանրային արտագոլդ զանգվածը չգնա խառնվի էլիտար խուժանին: Պատկերացնու՞մ եք` էլիտար ավտոներ, էլիտար սերժանտներ` գոլդ տրուսիկներով` մինիմում հինգհարիր դոլլարանոց, ու մեկ էլ մի միջին-նորմալ մարդ հայտնվի սրանց արանքում: Իրականում չի էլ կարող, որովհետեւ եթե մի միջին-նորմալ մարդ հայտնվի սրանց մեջ, նորմալ ավտոյով, նորմալ տրուսիկով, դեմքի նորմալ արտահայտությամբ` անհամատեղելիության էնպիսի շոշափելի զգացումով կհամակվի, որ չի կարող հինգ րոպե մնալ:

Սա մոտավորապես այն վիճակն է, որ պատկերված է Ֆրանսիս Վեբերի հանճարեղ «Խաղալիքը» ֆիլմում` Պիեռ Ռիշարի հանճարեղ դերակատարմամբ, երբ գլխավոր հերոսը գիշերազգեստով հայտնվում է էլիտար ճաշի սենյակում: Էս իմաստով Սերժ Սարգսյանի` հանրային լողափ բացելու քայլը նույնիսկ մարդասիրական կարելի է համարել, որովհետեւ դասական գետտոներում մարդիկ բռնությամբ էին պահվում, իսկ մեզ մոտ, Սեւանի շուրջ, այնպիսի պայմաններ են ստեղծված, որ նորմալ, միջին մարդիկ ավելորդ զգան իրենց. ինքնակամ: Հանրային լողափ էլ, ախր` ո՞նց գնաս: Էդ անտերը մինչեւ ժամը ութն է աշխատում: Հենց երեխադ արդեն հավեսի է ընկել, պիտի ասես` բալա, հավաքվիր, Սերժիկ ձյաձյան փակո՞ւմ է ափը, մինչդեռ կողքը կյանքը նոր է սկսվում, լույսեր են վառվում եւ մանղալներ:

Այսինքն, ընտրությունը մեկն է. շոգ է, ինչ է, ջայնամ. վեր ընկիր տանդ: Փաստորեն, ստացվում է, որ գետտոն ոչ թե Սեւանի հանրային լողափն է, այլ Երեւանը: Հայաստանը: Հանրային լողափը նրա համար է, որ Հայաստանի արտագոլդային հատվածը հասկանա, տեղը բերի իր գետտոյական կարգավիճակը:

Էս, իհարկե, իրենց ուզածն է, իրենց մտածածը, իրենց պլանը: Բայց դե գիտեք, մենք էլ մեր մտածածը, մեր նախագիծը, մեր պլանն ունենք: Էս գոլդ հանրության վրա խաբար էլ չկա, որ իրենից ի վերջո էլիտար տրուսիկն ա մնալու:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Հուլիս 22nd, 2011 at 20:58 | #1

    Այդ «գոլդերը» Պոտյոմկինյան գյուղ կառուցելիս գոնե ստորգետնյա անցում էլ սարքեյին,որ Սևան քաղաքից արտագոլդայինները անվտանգ լողափ հասցնեյին երեխաներին:

  2. AG
    Հուլիս 24th, 2011 at 00:06 | #2

    LOOOOOOOOOOOOL

  1. No trackbacks yet.