> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԷԼԻ ՄԵԿ ԳՐՈՒԹՅՈՒՆ

ԷԼԻ ՄԵԿ ԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին է ուղարկել հետեւյալ գրությունը.

Պարոն Թովմասյան.

Ս/թ հունիսի 15-ին նամակով դիմել էի ձեզ, որպեսզի միջոցներ ձեռնարկեք իմ կողմից «Արթիկ» ՔԿՀ-ին հանձնված եւ ՔԿՀ վարչակազմի կողմից ապօրինի կերպով փոստին չհանձնված իմ 33 նամակները, ինչպես նաեւ ս/թ փետրվարի 24-ին իմ խցում իրականացված խուզարկության արդյունքում ապօրինի առգրավված իմ օրագիրը վերադարձնելու համար:
Այդ կապակցությամբ ստացել եմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռ. Հովհաննիսյանի պատասխանը, որում մասնավորապես ասվում է. (մեջբերում եմ) «… ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում Ձեր կողմից ներկայացված բոլոր նամակները եւ ծրարները սահմանված կարգով ընդունվել, գրանցվել եւ ուղարկվել են հասցեատերերին: Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ 24.02.2011 թվականին այն խուցը որտեղ գտնվել եք Դուք, չի խուզարկվել: Ավելին, Ձեր կողմից մատնանշված իրերը ՀՀ օրենսդրությամբ արգելված իրեր չեն համարվում, հետեւաբար առգրավվել չէին կարող: Նշվածը փաստել եք նաեւ Դուք` 27.05.2011 թվականին պատժի հետագա կրումից ազատվելիս, երբ Ձեր ստորագրությամբ հաստատել եք, որ Ձեզ պատկանող իրերն ու դրամը ամբողջությամբ ստացել եք, եւ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նկատմամբ բողոք չունեք»:

Պարոն Թովմասյան.

Սույն գրությամբ տեղյակ եմ պահում ձեզ, որ Ռ. Հովհաննիսյանի պատասխանը ստահոդ է: «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին ինձ հանձնած նամակներից 33-ը մինչեւ օրս չեն հասել հասցեատերերին: Նամակներից 32-ի հասցեատերը «Հայկական ժամանակ» օրաթերթն է, մեկինը` «Ժամանակ» օրաթերթը: Այդ մասին ժամանակին ահազանգել եմ ամենօրյա ռեժիմով` հրապարակային:

Սույն գրությամբ պնդում եմ, որ ս/թ փետրվարի 24-ին «Արթիկ» ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի անմիջական հրահանգով (Սարգսյանը հրահանգը տվել է իմ ներկայությամբ` «Արթիկ» ՔԿՀ հերթապահ մասի ընդունելությունների սենյակում) իմ խցում կատարվել է խուզարկություն, որին մասնակցել են. 1. ՔԿՀ պետի տեղակալ Խաչատրյանը, 2. ՔԿՀ պետի տեղակալ Պետոյանը, 3. ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետ Ափոյանը 4. ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Երանոսյանը, 5. ՔԿՀ Օպերատիվ մասի պետ Վարագյանը, 6. ՔԿՀ օպերատիվ բաժնի աշխատակից Պապոյանը, 7. ՔԿՀ օրվա Հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Երվանդյանը, եւս մի քանի հսկիչներ:

Պնդում եմ, որ խուզարկության արդյունքում առգրավվել են ինձ մոտ եղած բոլոր գրիչները, բոլոր այն թղթերը, որոնց վրա հնարավոր էր գրել, բոլոր ծրարները, բոլոր նամականիշերը, մի շարք DVD սկավառակներ, իմ բոլոր նամակները, իմ բոլոր գրառումները եւ ամենակարեւորը` իմ օրագիրը` գրված կապույտ գույնի կոշտ կազմով նոթատետրի մեջ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված են «Արթիկ» ՔԿՀ-ում իմ նկատմամբ տեղի ունեցած բազմաթիվ ապօրինություններ, դրանց մանրամասները, դրանց հեղինակների հետ իմ զրույցները` օրով, ժամով, տեղով` բազմաթիվ այլ մանրամասնություններով: Օրագրի ապացուցողական նշանակությունը ՔԿՀ համակարգում տիրող ապօրինությունների եւ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի առումով անգնահատելի է: Պնդում եմ նաեւ, որ ի հեճուկս իմ պահանջների, վերը նշված իրերն առգրավելու մասին արձանագրություն չի կազմվել, այսինքն` առգրավումը կատարվել է ապօրինաբար:

Ինչ վերաբերվում է Հովհաննիսյանի այն պնդմանը, թե ես` Նիկոլ Փաշինյանս, «նշվածը» փաստել եմ նաեւ իմ ստորագրությամբ, սույն գրությամբ պնդում եմ, որ դա նույնպես լկտի սուտ է: ՔԿՀ հիմնարկը լքելիս ես ստացել եմ ինձ պատկանող հեռուստացույցը, գրքեր եւ մի քանի անձնական իրեր, որոնք գտնվել են իմ ձեռքի տակ: Չեմ ստացել, եւ իմ ցանկությամբ նվիրաբերել եմ քրեակատարողական հիմնարկին 1. «LG» մակնիշի սառնարան (1 հատ), գրասեղան (1 հատ), կախովի պահարան (1 հատ), ծալովի բազկաթոռ (1 հատ) եւ այլ իրեր: Իմ անձնական հաշվին եղել է մոտավորապես մեկուկես հազար դրամ, որը նույնպես մարել եմ:
Ելնելով վերը նշվածից` առաջարկում եմ ձեզ իմ նամակներում նշվածի վերաբերյալ իրականացնել պատշաճ քննություն եւ ինձ վերադարձնել (միայն) նամակներս եւ օրագիրս, որոնցում, կրկնում եմ, կան արժեքավոր տեղեկություններ ՔԿՀ-ներում տիրող ապօրինությունների մասին:

Տեղյակ եմ պահում ձեզ, որ կոռուպցիայի ամենավտանգավոր ազդեցությունն այն է, որ այն բարոյազրկում է մարդուն: Չինովնիկը մեկ անգամ ապօրինություն թույլ տալով, անում է հաջորդ ապօրինությունը` առաջին ապօրինությունը կոծկելու, պատասխանատվությունից խուսափելու համար: Եւ այսպես հաջորդը, հաջորդը` այնպես որ, ի վիճակի եւ ընդունակ է լինում ցանկացած քայլի` նույնիսկ ծայրահեղ անբարոյականության:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
նախկին քաղբանտարկյալ
11.07.11թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.