> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՔ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԵՐԵՔ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

«Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանն այսօր դիմել է քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարան` միջնորդելով բեկանել «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, որով սահմանվել էր, որ «Հայկական ժամանակը» պետք է ավելի քան 6 միլիոն դրամի տուգանք վճարի ԱԺ հանրապետական-պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո), Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):

Այս մարդիկ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներն են, նրա թիմի ինտելեկտուալ թեւի հենասյուները: Հանրապետական կուսակցության օրինակելի անդամներ, կարկառուն նժդեհականներ, կոալիցիոն իշխանության օրենսդիր ռահվիրաներ:

Հիմա մտածում, մտածում ու չեմ հասկանում` ինչպե՞ս կարող է որեւէ մեկի մտքով անցնել, թե Սերժ Սարգսյանի շրջապատի այս ներկայացուցիչները կարող են կապված լինել նարկոթրաֆիկի, թրաֆիկինգի, հանցավոր գործունեության այլ տեսակների հետ: Ինչպե՞ս: Հըլը մի հատ ասեք` նարկոթրաֆիկ եւ Ալրաղացի Լյով: Զգո՞ւմ եք, թե ինչ անհամապատասխանություն կա այս երկու արտահայտությունների միջեւ, անհաղթահարելի անդունդ: Այ ուրիշ բան, եթե այս մարդը «Օդնոկլասնիկի» սրճարանում մարդ սպանած լիներ, ավազակային հարձակում կազմակերպած լիներ Արմեն Ավետիսյանի տան վրա` ես կհասկանայի, եթե որեւէ մեկի մտքով որեւէ վատ բան անցներ նրա մասին: Բայց չի արել, չէ՞ մարդը ոչ մի նման բան. եթե արած լիներ` բանտում պիտի լիներ, չէ՞: Բանտում չի` ուրեմն Նժդեհ, Սերժ, օրենսդիր, բռեյնստոռմինգ, գործարար համբավ, պատիվ եւ արժանապատվություն: Երկու միլիոն դրամ:

Նեմեց Ռուբոն. եղել է՞, որ մարդը օրենք խախտի, իր սափրագլուխների օգնությամբ մարդ առեւանգի` տանի պադվալում փակի ու բռնությունների ենթարկի: Եթե արած լիներ` պիտի բանտում լիներ, չէ՞: Բանտում չի, ուրեմն չի արել, չէ՞: Ինչո՞ւ եք արատավորում մարդու պատիվն ու արժանապատվությունը: Անբասիր գործարար համբավը: Երկու միլիոն դրամ:

Լֆիկ Սամոյի անունն, ընդհանրապես, ասոցացվում է մեր ժամանակի ականավոր պետական գործիչների անունների հետ, ինչպիսին է, օրինակ, Միքայել Մինասյանը: Ինչո՞ւ պիտի ուրիշ կերպ լինի. կարողա՞ Սամոն ընտրական տեղամասում ընդդիմության վստահված անձին սպառնացած լինի, որ գլխից կխփի: Եթե արած լիներ` պիտի բանտում լիներ, չէ՞, եթե բանտում չի` չի արել ուրեմն: Երկու միլիոն դրամ:

Բա էս մեր դատավորները. հանճարեղ են ուղղակի իրենց կայացրած վճիռների անհեթեթության մեջ: Տեսեք, թե ինչ են գրել «Օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի» գործով դատավճռի մեջ: Ուշադիր կարդացեք: Մեջբերում եմ.

«Սույն քաղաքացիական գործով հայցվոր Սամվել Ալեքսանյանը (թիվ 007 ընտրատարածքից ընտրված), Լեւոն Սարգսյանը (թիվ 005 ընտրատարածքից ընտրված), Ռուբեն Հայրապետյանը (թիվ 001 ընտրատարածքից ընտրված) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ են եւ որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ` ունեն որոշակի ընկալելի դիրք հասարակությունում, ինչը պարտավորեցնում է ունենալ անբասիր վարքագիծ եւ օրինակելի կեցվածք, այնինչ պատասխանողի կողմից հոդվածում տարածած տեղեկությունները վերը նշված հանցագործությունների հետ այդ անձանց հնարավոր առնչության փաստի վերաբերյալ այլ տեղեկատվություն են հաղորդում ընթերցողին, վտանգելով հայցվորների` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հասարակական վերաբերմունքի օբյեկտիվ դրսեւորումը: Հանրության կողմից հայցվորներին տրվող գնահատականն ունի չափազանց կարեւոր գործնական նշանակություն, քանի որ բացասական գնահատականը նսեմացնում է հայցվորների, որպես անձի եւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների հեղինակությունը, խոչընդոտներ է ստեղծում հասարակական, տնտեսական հարաբերություններին լիարժեք մասնակցելու համար»:

Առաջիկայում մենք խոսելու ենք այս թեմաներով, լրջորեն եւ մանրամասնորեն: Օլիգարխիան պետք է տապալվի: Սրան ուղղակի այլընտրանք չկա: Օլիգարխիան պետք է կանգնի ժողովրդի դատաստանի առջեւ: Եւ այդ դատաստանից նրան չի փրկելու ոչ մի երկու միլիոն դրամ:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Հուլիս 11th, 2011 at 17:52 | #1

    Yerb e galu ayd ore, petq e gorcel

  2. Sasun
    Հուլիս 12th, 2011 at 12:47 | #2

    serjik sarksyan@ aylevs voreve hnaravorutyun chuni pahpaneli ir anicyal pashton@.. ev ays amen inch@ hashvi arnelov im karciqov petqe september amis@ ir hamar darna chakatagrakan amis.

  1. No trackbacks yet.