> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

ԿԿՈՒՆ ԿԿԱՆՉԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Չնայած այս մեկ շաբաթվա ընթացքում բազմիցս հնչած պարզաբանումներին, ինքս անձամբ մի քանի այսպիսի հռետորական հարցեր եմ ստացել. «Փաստորեն, մինչեւ սեպտեմբեր իշխանությանը ժամանակ տվեցիք` երկխոսության պատվիրակություն կազմելու համար»: Հարցը տալիս են ծանոթ եւ անծանոթ մարդիկ, նկատի ունենալով Կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքը: Դժվար է հասկանալ, թե ինչպես են ձեւավորվում եւ տարածվում այսպիսի լուրերը, որովհետեւ որքան վերլուծել եմ հունիսի 30-ի հանրահավաքում հնչած ելույթները, չեմ հանդիպել մի կտոր, որ կարող էր այդօրինակ թյուրըմբռնման տեղ տալ. ամեն ինչ ասվել է ծայրահեղորեն պարզ եւ հստակ:

Հստակ է նաեւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետեւյալ հատվածը, որ պիտի մեջբերեմ արդեն երրորդ անգամ` մեկ շաբաթվա ընթացքում: Հունիսի 30-ին, խոսելով երկխոսության ժամկետների մասին, Տեր-Պետրոսյանը ասաց հետեւյալը. «Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»։

Թվում է, թե ամեն ինչ ծայրաստիճան պարզ է, բայց էլեկտրոնային փոստիս ստացված նամակները, ինչպես նաեւ կենդանի շփումների ընթացքում ինձ ուղղված հարցերը ստիպում են պարզաբանել: Սեպտեմբերը Կոնգրեսի համար ոչ թե մի ժամկետ է, երբ իշխանությունը պետք է պատվիրակություն կազմի, այլ այդ ժամկետներում պատվիրակությունը վաղուց պետք է կազմված լինի, երկխոսությունը` կամ արդյունք տված, կամ տապալված:

Այսինքն` սեպտեմբերին բոլորիս պետք է պարզ լինի` իշխանությունը համաձայնվու՞մ է արտահերթ ընտրությունների տարբերակին, թե՞ ոչ: Եթե այո` ուրեմն պետք է հայտնի լինեն արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները: Իսկ եթե ոչ, եթե արտահերթ ընտրությունների հարցը սկզբունքորեն լուծված չլինի, Կոնգրեսը գնալու է ջրբաժանի ճանապարհով: Այսինքն` եթե ապրիլը պիտի դառնար երկխոսության կամ ջրբաժանի ամիս, սեպտեմբերն էլ` ըստ այդմ, պետք է դառնա արտահերթ ընտրությունների ժամկետները հայտարարելու կամ ջրբաժանի ամիս: Հայ ազգային կոնգրեսը տվյալ պահին դեռեւս սպառված չի համարում երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը: Ոմանք այսօր էլ պնդում են, թե հնարավոր չէ նման բան, որ երկխոսությունը հանգեցնի արտահերթ ընտրությունների: Ընդամենը մեկուկես ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի հասնել քաղբանտարկյալների ազատ արձակմանը: Քավ լիցի, չեմ ասում, թե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը երաշխավորված է: Ասում եմ` այդ հնարավորությունը դեռեւս սպառված չէ, նման բան, թեկուզ տեսականորեն, դեռեւս հնարավոր է: Բայց եթե դա տեղի չունենա, «Հայ ազգային կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հետագա ծավալման հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը»:

Եւս մեկ կարեւոր շեշտադրում. արտահերթ ընտրությունները Հայ ազգային կոնգրեսը համարում է ներքաղաքական հետագա ցնցումներից խուսափելու միակ հնարավորություն: Բայց եթե դա տեղի չունենա` ներքաղաքական ցնցումներից խուսափելու հնարավորությունը լինելու է ջրբաժանը, շուտափույթ եւ անվերապահ իշխանափոխությանը: Եթե այս նախադասությունը ձեզ տարօրինակ է թվում, պարզաբանեմ. մի՞թե դուք չեք նկատել, որ այս իշխանության գործունեության ամեն օրը նոր ցնցում է Հայաստանի համար: Ընդ որում, ոչ միայն ներքաղաքական, այլեւ բարոյահոգեբանական, տնտեսական եւ, ի վերջո, համակարգային: Եթե նույնիսկ ջրբաժանը ցնցում համարվի, այն ընդունելի է, քանի որ երկրին հնարավորություն կտա խուսափել շատ ավելի մեծ ցնցումներից: Կործանման ցնցումներից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.