> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԷՎՈՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ

ԷՎՈՌԵՎՈԼՅՈՒՑԻԱ

Հայաստանի Ընտրական օրենսգիրքը քանի՞ անգամ է փոխվել: Քրեական դատավարությա՞ն օրենսգիրքը: Թիվ ու համար չկա: Այդ փոփոխությունները բարձր են գնահատվել վենետիկյանների կողմից: Բայց ինչո՞ւ չեն հանգեցնում ընտրակեղծիքների, աղաղակող անարդարությունների վերացման: Շատ պարզ մի պատճառով. ընտրակեղծիքների եւ ցանկացած ուրիշ բացասական երեւույթների լինելը կամ չլինելը օրենքը չի կանխորոշում: Որեւէ օրենք չի նախատեսում ընտրակեղծարարություն, եւ ուրեմն, որեւէ օրենքով չես վերացնի ընտրակեղծարարությունը:

Ընտրակեղծարարության լինել-չլինելը պայմանավորված է նրանով, թե տվյալ երկրում քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է չհանդուրժել այդ երեւույթը, եւ քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է հանդուրժել: Նրանք, ովքեր պատրաստ են չհանդուրժել, ի՞նչ աստիճանի չհանդուրժողականությամբ են օժտված այդ երեւույթի նկատմամբ, նրանք, ովքեր պատրաստ են հանդուրժել, որքա՞ն կարող են հանդուրժել:

Որեւէ իշխանավոր չի կարող ընտրություն կեղծել: Եթե նա կեղծելու մտադրություն ունի, նախ կեղծարարների բանակ է բուծում, սնում, բտում, չաղացնում, լկտիացնում ու բաց թողնում ընտրական ցուցակների, ընտրողների, տեղամասերի վրա: Նման մարդիկ հազարներով են հաշվվում, բայց նրանք Բուրկինա Ֆասոյից չեն ներմուծվել: Դրանք Հայաստանի քաղաքացի են, հեր ունեն, մեր ունեն, քույր, եղբայր, ընկեր, ծանոթ, հորքուր, մորքուր, հարեւան: Եւ կեղծարարությունից չեն խուսափում, որովհետեւ գիտեն` իրենց հայրը, մայրը, քույրը, եղբայրը, ընկերը, ծանոթը, հորքուրը, մորքուրը, հարեւանը եթե չքաջալերեն, գոնե կհանդուրժեն իր այդ պահվածքը, գործելակերպը: Համենայնդեպս, չեն թքի երեսին: Ինչ պատճառով` էական չէ:

Եթե որեւէ իշխանություն իմանա, որ երկրի քաղաքացին չի հանդուրժելու ընտրակեղծարարությունն ու անարդարությունը, երբեւէ կեղծարարություն կամ անարդարություն թույլ կտա՞: Խոմ ինքնասպան չի՞: Բայց երբ համոզված է` կնվնվան, կփնթփնթան, քթի տակ կհայհոյեն, բայց միեւնույն է` կհանդուրժեն, կկեղծի էլ, դեռ մի բան էլ ավելի: Ուրեմն` հենց այս իրավիճակի մեջ է խնդիրը, լուծման գաղափարաբանությունն էլ այստեղ է թաքնված: Այս հարցի լուծման երկու տարբերակ կա` էվոլյուցիոն եւ ռեւոլյուցիոն:
Էվոլյուցիոն տարբերակն այն է, որ ընտրակեղծիքների եւ ապօրինության մթնոլորտի դեմ սկզբունքային պայքար տանողները քայլ առ քայլ փորձում են ողջ հանրության գիտակցության մեջ ընտրակեղծարարության, անարդարության, ապօրինությունների դեմ այնպիսի անհանդուրժողականություն սերմանել, որ դա դառնա ռեալ քաղաքական, հանրային գործոն եւ գիտակցական-ենթագիտակցական մակարդակում բացառի այդ երեւույթների կրկնությունն ու հետագա զարգացումը: Այսինքն, հանրության գիտակից զանգվածը քայլ առ քայլ համոզում է ոչ գիտակից զանգվածին, դարձի է բերում նրան:

Բայց այս ճանապարհը ունի վտանգ. հնարավոր է` անգիտակից զանգվածն ինքը համոզի գիտակից զանգվածին, այսինքն` ընտրակեղծարարները ոչ թե դարձի գան, այլ «դարձի» բերեն կեղծիքների դեմ պայքարողներին, փողով, սպառնալիքով, համոզելով` նրանց ստիպեն հրաժարվել պայքարից:

Ռեւոլյուցիոն տարբերակն այն է, որ ընտրակեղծարարության դեմ պայքարողները տեղում, հենց փողոցներում սամասուդի են ենթարկում կեղծարարներին կամ նրանց շուրջ ստեղծում ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտ: Բայց այս պայքարն էլ իր վտանգներն ունի, որովհետեւ ո՞վ է ասել, որ կեղծարարության դեմ պայքարողները կկարողանան իրականացնել սամասուդը, եւ հակառակը տեղի չի ունենա:

Սրանք դիլեմաներ են, որ մաթեմատիկական լուծում չունեն: Տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները: Լավագույն մոտեցումն այն է, որ թե ռեւոլյուցիոն, թե էվոլյուցիոն տարբերակներից վերցնենք դրական կողմերը, վատ կողմերը հնարավորինս մի կողմ դնելով: Հայ ազգային կոնգրեսը հենց սա է փորձում անել, ու դա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա իրականացնել իսկական հեղափոխություն, բառիս լավագույն իմաստով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,