> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՆՎԵՐԱՊԱՀ ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ Է

ԱՆՎԵՐԱՊԱՀ ԳԻՏԵ՞Ս ԻՆՉ Է

Երբեմն զարմանալ կարելի է, թե քաղաքական-վերլուծական շրջանակներում ինչպիսի համառությամբ չեն կարողանում արձանագրել պարզ, նույնիսկ պարզագույն իրողություններ: Իսկ չարձանագրված իրողությունները կամ դրանց անճանաչելի արտացոլումը վերլուծություններում բնական արձագանք է առաջացնում. եթե վերլուծաբանները նույնիսկ այդպիսի պարզագույն իրողություններ չեն կարողանում արձանագրել` նշանակում է կամ վերլուծագանգ են, կամ էլ Միշիկի պրոյեկտ: Ուրիշ տարբերակ չկա:
Թեմային անդրադառնալու առիթը Հայ ազգային կոնգրեսի հունիսի 30-ի հանրահավաքն է: Այդ հանրահավաքի հետ կապված որոշ շրջանակներ ոչ միայն զլանում են ակնհայտ իրողություններ արձանագրել, այլեւ հակառակ պատկեր են ցույց տալիս: Անհրաժեշտ է, ըստ այդմ, արձանագրել մի քանի առանցքային իրողություններ:

ա) Հունիսի 30-ին տեղի ունեցածը ամենաբազմամարդ հանրահավաքն էր Երրորդ հանրապետության գոյության ընթացքում տեղի ունեցած ամառային հանրահավաքների մեջ: Սա նշանակում է, որ Հայաստանում արդեն երկարամյա ավանդույթ դարձած քաղաքական սեզոնայնությունը, այսինքն` այն ընկալումը, թե ամառվա ընթացքում քաղաքական արձակուրդն անխուսափելի է, հաղթահարվում է: Մեծ հաշվով, ավանդույթի հաղթահարումը արդեն իսկ իրողություն է, որովհետեւ քաղաքական իմաստով Հայաստանը երբեք ավելի թեժ ամառ չի ունեցել: Հիմա իշխանությունը պետք է կողմնորոշվի ընդդիմության հետ երկխոսության համար պատվիրակություն կազմել-չկազմելու հարցում: Այսինքն` քաղաքական ամառային օրակարգի վրա ամառվա ընթացքում լուծվելու ենթակա կոնկրետ հարց կա, գլոբալ հարց, որով կանխորոշվելու է զարգացումների հետագա ընթացքը: Առաջիկա սեպտեմբերին քաղաքական կյանքը վերակենդանանալու կարիք չունի. այն չի մեռել-սատկել եւ նման վիճակում չի էլ հայտնվելու: Վկայությունը` հենց Ազատության հրապարակում կայացված որոշումը` օգոստոսի 1-ին հանրահավաք անցկացնելու մասին: Ի դեպ, հաջորդ հանրահավաքի անցկացման ժամկետները հենց հրապարակում որոշելու հանգամանքը չնկատելու տվեցին հատկապես այն մարդիկ, ովքեր արդեն երկար ժամանակ խոսում են, թե Կոնգրեսում որոշումները կայացվում են միանձնյա, ներքին ժողովրդավարության բացակայության պայմաններում: Այս առիթով արժե ընդգծել, թե ինչու հաջորդ հանրահավաքի հարցը որոշվեց Ազատության հրապարակում: Կոնգրեսի մարմինները` քաղաքական խորհուրդը, կենտրոնական գրասենյակը չէին կարողացել համաձայնեցված որոշում կայացնել հաջորդ հանրահավաքի անցկացման ժամկետների կապակցությամբ:

Միասնական որոշման բացակայությունը նշանակում է, որ եղել են տարբեր տեսակետներ, քննարկումներ, տեսակետների բախում: Այս պատճառով, ահա, հարցը բերվեց Ազատության հրապարակ եւ որոշվեց բաց, ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ: Եթե որեւէ մեկը քվեարկողների նկատմամբ ճնշումների, ընտրակաշառքի, հարկադրանքի այլ միջոցների գործադրում է նկատել, թող բարձրաձայնի: Հասկանալի է, չէ՞, որ բարձրաձայնող չի լինելու այդօրինակ որեւէ երեւույթի բացակայության պատճառով: Ի դեպ, հունիսի 30-ի հանրահավաքը հիմք է տալիս մտածելու, որ օգոստոսի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքին քաղաքացիների մասնակցության նոր ռեկորդ է սահմանվելու:

բ) Ինձ համար զարմանալի էր արձանագրել, որ ինչ-որ շրջանակներ չեն ընկալել, թե արդյոք Հայ ազգային կոնգրեսը հստակ պատկերացում ունի իր անելիքների մասին, եթե մինչեւ սեպտեմբեր երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների հարցում հստակություն չլինի: Վերը նշված շրջանակների չընկալումը տարօրինակ է այն պարզ պատճառով, որ հունիսի 30-ի հանրահավաքն ամբողջությամբ հենց այդ թեմային է վերաբերվել, եւ շեշտադրումը եղել է հստակ. եթե երկխոսության ճանապարհով արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը չիրացվի, դրան հաջորդելու է ջրբաժանը: Սա, ըստ էության, հանրահավաքում հնչած ելույթների մեծամասնության առանցքն է եղել, այս միտքը շեշտվել է մի քանի անգամ` ընդհուպ առաջին նախագահի ելույթում: Ոմանք, ի դեպ, տարօրինակ եզրակացության են հանգել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի եզրափակիչ մասը վերլուծելիս: Առաջին նախագահն ընդգծել էր, որ եթե իշխանությունը մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների անցկացման հարցում կողմնորոշված չլինի, Հայ ազգային կոնգրեսը պահանջելու է Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը: «Ուրեմն ի՞նչ, հիմա Կոնգրեսը Սերժ Սարգսյանի հրաժարական չի՞ պահանջում»,- հարցնում են ոմանք: Նման տրամաբանության վրա կարելի զարմանալ, որովհետեւ առաջին նախագահի վերը նշված մտքի մեջ առանցքայինը ոչ թե «հրաժարական», այլ «անվերապահ» բառն է: Հրաժարականները, հեռացումը իշխանությունից` տարբեր են լինում: Կան դեպքեր, երբ հեռացողը որոշակիորեն վերահսկում է իր հեռացման գործընթացը, պրոցեսի, դրա նրբությունների վրա ազդելու հնարավորություն ունի: Կան դեպքեր, երբ ընդամենը տաշեղ է հեղեղի մեջ: Առաջինն, ըստ այդմ, ուղղակի հրաժարական է, երկրորդը` անվերապահ հրաժարական: Այսինքն` եթե վարչախումբը ինքը չընտրի ուղղակի հրաժարականի ճանապարհը, ոտք կդնի անվերապահ հրաժարականի ճանապարհ: Այս է խնդիրը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.