> ՀՈԴՎԱԾՆԵՐ > REALPOLITIK ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

REALPOLITIK ԸՍՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Լեւոն Տեր-ՊետրոսյանԻնչպե՞ս պատահեց, որ քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին, ինչպե՞ս պատահեց, որ իշխանությունները բացեցին Ազատության հրապարակը, ինչպե՞ս պատահեց, որ Մարտի 1-ի էջը փակված լինելու մասին բազմաթիվ հայտարարություններ արած վարչախումբը պաշտոնապես ընդունեց, որ մարտի 1-ի էջը փակված չէ: Այս եւ այսօրինակ հարցեր հաճախ են հնչում, ու քանի որ շարունակում են հնչել, նշանակում է` պատասխանի կարիք ունեն:

Մինչ պատասխանս ձեւակերպելը պիտի նկատեմ, որ շատերը դա համարում են բարդագույն խնդիր եւ որպես լուծում առաջարկում դժվարամարս հանգույցներ: Պատասխանն, իրականում, հանրամատչելի է եւ գտնվում է յուրաքանչյուրիս աչքի առաջ: Մյուս կողմից, սակայն, տվյալ հարցը փակված չես համարի մեկ պատասխանով: Սա էլ չի նշանակում, թե խնդիրը չունի կոնկրետ եւ ճշգրիտ պատասխան:

Ոչ ամենեւին: Պարզապես կա հիմնական պատասխան եւ կան հավելյալ կամ երկրորդական պատասխաններ: Մեր խնդիրն, ահա, հիմնական պատասխանը գտնելն է:

երեք հանրահավաք
Իշխանությունները լուրջ ռեսուրսներ ծախսեցին 2011 թվականի հունվարի 20-ին ԱԼՄ-ի փակման կապակցությամբ մեծ հանրահավաք կազմակերպելու ուղղությամբ: Այդ խնդիրը ինչ-որ չափով լուծվեց, հանրահավաքը բազմամարդ էր, եւ նրա ավարտից հետո սկսվեց Հայ ազգային կոնգրեսի դեմ հարձակման հրետանային նախապատրաստությունը: Վերլուծագանգերը միաբերան պնդում էին, թե Հայ ազգային կոնգրեսի դարաշրջանն ավարտվեց, որ ահա, եկել է նոր ընդդիմությունն ի դեմս փակված ԱԼՄ-ի, որը եթե ոչ հիմա, ժամանակի ընթացքում ընդդիմադիր դաշտից դուրս կմղի Կոնգրեսին: Իշխանական եւ մերձիշխանական դաշտում էյֆորիկ տրամադրությունները ծավալվում էին, որովհետեւ թվում էր, թե նրանք գտել են Հայ ազգային կոնգրեսին դաշտից հեռացնելու պարզ լուծում:

Իշխանական ճամբարում տիրող ցնծությունը, սակայն, տեւեց ընդամենը 18 օր, երբ փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Այն իր չափերով կրկնակի գերազանցեց ԱԼՄ-ի հանրահավաքին, որը մարդաշատ դարձնելու համար իշխանությունները լուրջ ջանքեր էին գործադրել: Իսկ Կոնգրեսի հանրահավաքը տեղի ունեցավ իշխանության տոտալ հակազդեցության պայմաններում:

Կոնգրեսի հաջորդ` մարտի 1-ի հանրահավաքը ավելի մարդաշատ էր, քան նախորդը եւ դարձավ ամենամարդաշատ հանրահավաքը 2008 թվականից ի վեր: Հայ ազգային կոնգրեսի հաջորդ` մարտի 17-ի հանրահավաքը ավելի մարդաշատ էր, քան նախորդը, բայց սրա տակ ական էր հայտնվել` ի դեմս հրապարակային ծոմապահության: Հունվարի 20-ի սցենարը մինչ այդ բացահայտել էր իր սնանկությունը, եւ ծոմապահության տեսքով փորձ էր արվում իրագործել նոր սցենար` Կոնգրեսի քաղաքական սնանկացման նպատակով: Ժամանակ էր պետք հասկանալու համար, թե արդյոք այդ սցենարը արդյունավե՞տ է: Հաջորդ` ապրիլի 8-ի հանրահավաքը, սակայն, հօդս ցնդեցրեց Կոնգրեսի գործոնը չեզոքացնելու` իշխանական ծրագրերը, եւ իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ այս իմաստով իրավիճակը դուրս է եկել իր վերահսկողությունից:

Այստեղ էր, ահա, որ Հայ ազգային կոնգրեսը, ի դեմս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, պահի նրբությունը զգալով, իր ձեռքը վերցրեց հետագա զարգացումների նախաձեռնությունը: Նա իշխանության առաջ երեք պայման դրեց` մինչեւ ապրիլի 28-ը ազատ արձակել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակը բացել ընդդիմության համար, հանդես գալ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացմամբ: Ապրիլի 8-ի իր ելույթում Տեր-Պետրոսյանը հստակ ընդգծեց, որ եթե մինչեւ ապրիլի 28-ը իշխանությունները ընդդիմության այս երեք նվազագույն պահանջները չկատարեն, Հայ ազգային կոնգրեսը գնալու է ջրբաժանի:
Ապրիլի 8-ի հանրահավաքի մասնակիցների թիվը որեւէ կասկած չէր թողնում, որ Կոնգրեսը ջրբաժանի գնալու անառարկելի ռեսուրս ունի, եւ իշխանությունը այդ օրվանից կանգնեց կոնկրետ ընտրության առջեւ: Սերժ Սարգսյանը ինքն իրեն պետք է պատասխաներ. պատրա՞ստ է ներքաղաքական սրացումների, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը չուշացավ նույնիսկ հանրության համար. ապրիլի 28-ի նախաշեմին Սերժ Սարգսյանն արդեն հանդես էր եկել մարտի 1-ի սպանությունների քննությունն ակտիվացնելու պաշտոնական հավաստիացմամբ, Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն էր ընդունել ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին Կոնգրեսի իրազեկումը, Սերժ Սարգսյանը, ըստ էության, հավաստիացրել էր, որ մայիս ամսվա ընթացքում ազատ կարձակի քաղբանտարկյալներին:

ինչու՞ նահանջեց Սերժը

Առաջ անցնելով կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը հիմնավորապես կատարեց ընդդիմության բոլոր պահանջները: Հարցը, սակայն, այսօր էլ շարունակում է հնչել. ինչո՞ւ: Սա, ի դեպ, ոչ միայն բազմաթիվ հայաստանցիների է հետաքրքրում, այլեւ ռուս, ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետների:

Հայաստանում գործող եւ Հայաստանով զբաղվող ամերիկացի դիվանագետները կիսախուճապահար փորձում են ապացույցներ գտնել, որ այս ամենում խառն է Ռուսաստանի մատը: Ամերիկացիներն անհանգստացած են այն մտքից, որ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում, որից իրենք բավարար չափով տեղյակ չեն: Եւ իրենց անտեղյակության պատճառն այն է, որ գործընթացն առաջ է տանում Ռուսաստանը:

Նույն կերպ եւ Հայաստանում գործող եւ Հայաստանով զբաղվող ռուս դիվանագետները կիսախուճապահար փորձում են ապացույցներ գտնել, որ այս ամենում խառն է ԱՄՆ-ի մատը: Ռուսներն էլ անհանգստացած են այն մտքից, որ Հայաստանում ինչ-որ բան է կատարվում, որից իրենք բավարար չափով տեղյակ չեն: Ռուսների կարծիքով էլ` իրենց անտեղյակությունն ապացույցն է այն բանի, որ գործընթացը ղեկավարում են ամերիկացիները:

Նույնը վերաբերվում է նաեւ եվրոպացի դիվանագետներին: Նրանցից մեկի հարցազրույցի տեսաձայնագրությանն եմ ականատես եղել, որտեղ նրան հարցնում էին Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող պրոցեսների մասին, եւ նա այս հարցին ի պատասխան չի կարողանում թաքցնել շփոթմունքը, չի կարողանում թաքցնել, որ բացարձակապես գաղափար չունի, թե ինչ է կատարվում: Ինչո՞ւ իրենց` եվրոպացիների բազմամյա ջանքերը այս հարցերում ցանկալի արդյունքներ չտվեցին, եւ այդ ի՞նչն է հիմա, որ տալիս է ցանկալի արդյունքներ:

Պատասխանը միանշանակ է, եւ այդ պատասխանի անունն է realpolitik: Սերժ Սարգսյանը հաշվարկեց, որ Հայ ազգային կոնգրեսը կարո՛ղ է գնալ ջրբաժանի, դրա համար ունի բավարար ռեսուրս եւ մի բան էլ ավելի, իսկ ինքը, այսինքն` իշխանությունը, չունի այդ ջրբաժանին դիմակայելու բավարար հնարավորություն: Սերժ Սարգսյանը հաշվարկեց, որ ջրբաժանը մեծ ռիսկեր է պարունակում իր եւ իր իշխանության համար, եւ հարկավոր էր Կոնգրեսին դրանից հետ պահելուն ուղղված կոնկրետ գործողություններ անել` բավարարել նրա պահանջները: Եւ նա արեց դա: Ահա սա է Սերժ Սարգսյանի քայլերի բացատրությունը: Բացառապես սա, միմիայն սա: Եթե որեւէ մեկը որեւէ այլ բան է մտածում, ուրեմն պետք է փոխի իրադարձությունները գնահատելու եւ հասկանալու իր մեթոդաբանությունը: Սա իմ անկեղծ խորհուրդն է: Կօգտվեն` կօգտվեն: Չեն օգտվի` դրանից չեմ նեղանա:

ինչու չգրոհեց Կոնգրեսը

Եթե հիշում եք, 2011թ. ապրիլի 28-ին քաղբանտարկյալներն ազատ չէին արձակված, չնայած Սերժ Սարգսյանն արդեն ակնարկել էր, թե մայիսին հնարավոր է ազատ արձակվեն: Շատ կարեւոր է տալ նաեւ հետեւյալ հարցի պատասխանը. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 28-ը ազատ չարձակեց քաղբանտարկյալներին: Այս հարցի պատասխանն էլ պրիմիտիվ է. նա մտավախություն ուներ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կխաբի իրեն եւ քաղբանտարկյալներին ազատելուն պես կփորձի իրականացնել իր վարչախմբի կազմաքանդումը. գրոհով, միանգամից: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկացավ Սերժ Սարգսյանի այս մտավախությունը եւ արդեն ապրիլի 28-ի հանրահավաքում հստակ ցույց տվեց, որ իրենից կախված առավելագույնն անելու է ներքաղաքական խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու համար:

Այս նուրբ, Կոնգրեսի համակիրների որոշակի դժգոհությունը առաջացրած քայլն է, որ բացեց քաղբանտարկյալների ազատ արձակման ճանապարհը: Հիմա` շատ ավելի կարեւոր է պատասխանել հետեւյալ հարցին. ինչու՞, այնուամենայնիվ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ապրիլին չգնաց ջրբաժանի` հստակ ունենալով դրա համար անհրաժեշտ ռեսուրս եւ ֆորմալ պատճառ (ապրիլի 28-ին քաղբանտարկյալները ազատ արձակված չէին): Սրա պատասխանն էլ չափազանց պարզ է, նույնիսկ պրիմիտիվ: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը տեսավ, որ վերջին երեք տարիներին առաջին անգամ ստեղծվել է իրական շանս` հանրահավաքի բազմամարդությունը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու համար, մի այնպիսի արդյունքի, որն օգտակար է ոչ միայն ընդդիմության, այլեւ Հայաստանի Հանրապետության համար` ընդհանրապես: Էլի գործ ունենք realpolitik-ի հետ:

Կարո՞ղ էր Տեր-Պետրոսյանը այդ իրավիճակում գնալ ջրբաժանի: Իհարկե, կարող էր: Բայց ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ ապրիլին մեկնարկած ջրբաժանը կտա կոնկրետ արդյունքներ: Որքան էլ վախվորած լիներ վարչախումբը, ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ Ղարաբաղի հարցում ընթացող ակտիվ դիվանագիտության այս շրջանում միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող գերտերությունների, ատամներով չէր պահի Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ եռամյա չարչարանքի արդյունքում ձեռք բերված հանրահավաքային բազմամարդությունը կունենար աճի եւ ոչ թե նվազման միտում: Ըստ այդմ, տվյալ պահին ունեցածը պետք էր վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի, եւ Տեր-Պետրոսյանը վերջին երեք տարիներին աննախադեպ հանրահավաքային բազմամարդությունը վերածեց կոնկրետ քաղաքական արդյունքի` ընդդիմության երեք պահանջների` մեծ հաշվով բոլորի համար անսպասելի բավարարման տեսքով:
Սա պայքարի «Համաժողովրդական շարժում» մոդելի իրացման փայլուն նմուշ է: Քաղաքացին գալիս է հանրահավաքի` դա քաղաքացու անելիքն է: Իսկ նրա ներկայությունը հանրահավաքին կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելն արդեն քաղաքական լիդերի, քաղաքական առաջնորդ հանդիսացող ուժի անելիքն է: Եթե նա կարողանում է դա անել, շարունակում է գոյատեւել որպես քաղաքական լիդեր, որպես քաղաքական ուժ: Եթե չի կարողանում անել, նա վերածվում է անցյալի:

ինչո՞ւ երկխոսություն

Եւս մեկ կարեւոր շեշտադրում: Հայ ազգային կոնգրեսի, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործողությունների` այս հոդվածում արվող մեկնաբանությունները ոչ թե հակադրվում են առաջին նախագահի, Կոնգրեսի մյուս առաջնորդների ելույթներում առկա գնահատականներին եւ մեկնաբանություններին, այլ ընդամենը լրացնում են դրանց: Այս հոդվածի նպատակը վերհանելն է տեղի ունեցող գործընթացների` մինչեւ այժմ չընկալված շերտերը: Հարց կարող է առաջանալ, թե ինչու այդ շերտերի մասին չի խոսվել հանրահավաքներում, մինչեւ օրս հնչած ելույթներում:
Գիտե՞ք. կան բաներ, որոնց մասին սովորաբար չի խոսվում, դրանց մասին խոսելու կարիքը պիտի չլինի, որովհետեւ դրանք հասկանալի պիտի լինեն ինքնին, որովհետեւ դրանք քաղաքական պրոցեսի ֆոնն են, հենքը, բազան: Բայց այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ նման բաներից խոսելու անհրաժեշտություն պարբերաբար առաջանում է, որովհետեւ մեր երկրում քչերը զբաղվում են լուրջ քաղաքականությամբ, շատերը զբաղվում են այդ քաղաքականության բովանդակությունը նենգափոխելով: Մի մասը հասկանալով, մի մասը չհասկանալով:

Հայտնի շրջանակներում, ցավոք, տախտակը դառնում է մտածողության հիմնական մոդել, եւ տախտակամտությունը հանրային մտածողություն դարձնելու վրա աստղաբաշխական միջոցներ են ծախսվում: Սա` իմիջիայլոց:
Հիմա այն մասին, թե ինչու է ընդդիմությունը քաղաքական ներկա շրջափուլում փորձում իր քաղաքական օրակարգը սպասարկել երկխոսության ճանապարհով: Պատասխանը նորից թաքնված է երեք հանրահավաքների բազմամարդության մեջ: Հայ ազգային կոնգրեսը ավարտված չի համարվում երեք հանրահավաքների բազմամարդությունը կոնկրետ քաղաքական արդյունքի վերածելու գործընթացը, այդ հանրահավաքներում ձեռք բերված կապիտալը ծախսված չէ դեռեւս, եւ երեք հանրահավաքների «մնացորդը» ամառվա` շատերի կարծիքով ոչ քաղաքական սեզոնի ընթացքում կոնկրետ քաղաքական արդյունքների վերածելու շանս դեռեւս կա` ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վայրիվերումների ֆոնին: Եթե առաջիկա քաղաքական շրջափուլը ցույց տա, որ գարնանը եւ ամռան առաջին ամսվա ընթացքում կուտակված հանրահավաքային կապիտալը բավարար չէ արտահերթ ընտրությունների հարցը լուծելու համար, ուրեմն Կոնգրեսը պետք է կապիտալի կուտակման նոր գործընթաց սկսի Ազատության հրապարակում եւ «գրոհով» իրականացնի իշխանափոխություն: Նրբությունները տվյալ պահին էական չեն:

եթե, ապա

Այսօր շատերն են փորձում համոզել, որ եթե Հայ ազգային կոնգրեսը շուրջօրյա հանրահավաք սկսի, դրա մասնակիցների թիվը երկրաչափական պրոգրեսիայով կաճի: Այս տեսակետը հետաքրքիր է, բայց չկա դրա հավաստիությունը ստուգելու ոչ մի հնարավորություն: Չի բացառվում, որ դա ճշմարիտ տեսակետ է: Բայց պատասխանատու քաղաքական ուժը իրավունք չունի առաջնորդվել լավատեսության կանխավարկածով: Իսկ եթե շուրջօրյա հանրահավաքներ սկսվեն եւ դրանց մասնակիցների թիվը երկրաչափական պրոգրեսիայով չաճի՞: Վերլուծագանգերը հո ներողություն չե՞ն խնդրելու իրենց սխալ վերլուծության համար, նրանք նույն փութաջանությամբ հարձակվելու են Կոնգրեսի վրա, որ վերջինս հիմնվել է ոչ ճիշտ հաշվարկների վրա: Վերլուծագանգերը մոռանալու են, որ այդ հաշվարկների հեղինակներն իրենք են: Այսօր արդեն նման միտում զգացվում է:

Ոմանք, արձագանքելով իմ հոդվածին, թե 700 հազար մարդը Ազատության հրապարակում հնարավորություն կտա իշխանափոխություն իրականացնել 24 ժամվա ընթացքում, 500 հազար մարդը` մեկ ամսվա ընթացքում, ինչ-որ ջղայնացել են: Ծոր են տալիս, թե Հայաստանում 700 հազար մարդ չկա, այդքան որտեղի՞ց գան հանրահավաքի: Մի հատ փորձե՞նք` հայտարարենք, թե Ազատության հրապարակում կիլոուկես բրինձ ենք բաժանում, կես կիլո էլ կանֆետ: Կաժդըմու: Կպարզվի` 700 հազար էլ կա, մեկ միլիոն էլ, միլիոնուկես էլ: Բայց մենք, բարեբախտաբար, բրինձ բաժանող չենք, այլ յուրաքանչյուրին առաջարկում ենք պայքարել սեփական երեխայի արժանապատիվ ապագայի համար: Ինքներս պայքարում ենք, պայքարում ենք հետեւողականորեն, ու պայքարելու ենք մինչեւ վերջ: Իսկ ով չի ուզում պայքարել, կամ ուզում է իրեն հարմար ժամերին պայքարել, կամ էլ ամսվա վերջ Սաշիկին տալիք ունի, եւ այդ տալիքից խուսափելու միակ ձեւը իշխանափոխությունն է համարում, եւ իշխանափոխություն միայն սրա համար է ուզում ու միայն մինչեւ ամսվա վերջ` ընդդիմությանը դատափետելու առիթ միշտ էլ կգտնի. իսկ ինչու նրանք սպանեցին արքայազն Համլետին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. LEVON
    Հունիս 29th, 2011 at 23:31 | #1

    axper jan………………es es barzrazayn em kardaly Vanazorym…….

  1. No trackbacks yet.