> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻԼՀԱՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՆՇԱՁՈՂԸ

ԻԼՀԱՄԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՆՇԱՁՈՂԸ

ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանը հերթական անգամ գործեց նախկինում փորձարկված սցենարի շրջանակներում: Իսկ այդ սցենարը հետեւյալն է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են կողմերի հետ, ինչ-որ տարբերակ համաձայնեցնում: Աշխատանքը շարունակվում է նաեւ այս համաձայնեցված տարբերակի շուրջ, համանախագահող գերտերությունները կամ նրանցից մեկը սկսում են տարբեր միջոցներով առաջ մղել կարգավորման շրջանակային փաստաթուղթ ստորագրելու գաղափարը: Երկարատեւ ջանքերի արդյունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու շուրջ խիստ նախնական համաձայնություն է ձեռք բերվում, ու երբ գալիս է ստորագրելու պահը` Ադրբեջանը անսպասելիորեն կոշտացնում է դիրքորոշումը, նոր պահանջներ առաջ քաշում եւ տապալում փաստաթղթի ստորագրումը, այսպիսով նաեւ ԼՂ հարցի կարգավորումը: Հենց սա տեղի ունեցավ Կազանում 2011թ. հունիսին: Նույնը տեղի է ունեցել նաեւ Քի Վեսթում` 2001 թվականի ապրիլին, նույնը տեղի է ունեցել Ռամբույեում 2006 թվականի փետրվարին, նույնը տեղի է ունեցել Բուխարեստում` նույն տարվա հունիսին: Սա արդեն ադրբեջանական դիվանագիտության անխափան ձեռագիրն է, որ որդի Ալիեւը ժառանգել է հայր Ալիեւից: Նախկինում այս մասին խոսել ենք բազմիցս, եւ ժամանակի հետ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում Ադրբեջանի այսօրինակ պահվածքի տրամաբանությունը: Բաքուն հաշվարկում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ուժերի հարաբերակցությունը ժամանակի ընթացքում փոխվում է հօգուտ Ադրբեջանի, եւ այդ տարբերությունը ամեն տարվա հետ ավելի է ընդգծվում: Այս պայմաններում Ադրբեջանն ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինի ԼՂ հարցի կարգավորմամբ: Բաքուն ԼՂ հարցի կարգավորման մասին լրջորեն կմտածի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի անկման պրոցեսը դադարի, եւ մեր երկիրը սկսի ոտքի կանգնել թե ռազմաքաղաքական, եւ թե բարոյահոգեբանական իմաստով: Իսկ մինչ այդ` քանի դեռ ՀՀ-ում շարունակվում է անկման գործընթացը, Ալիեւն ավելի ու ավելի է կոշտացնելու դիրքորոշումը, այսպիսով բարձրացնելով իր երկրի նշաձողը` ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Որ դիվանագիտական կուլիսներում հենց այս գործընթացն է տեղի ունենում, դե ֆակտո հաստատեց Ռ. Քոչարյանի ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, հրապարակային խոստովանելով, որ տասը տարի ինքն ու Ռ. Քոչարյանը ցածրացրել են ԼՂ հարցի նշաձողը: Եթե իրենք ցածրացրել են, Ալիեւը բարձրացրել է` բնականաբար: Եւ, ի դեպ, համոզված եմ` Ադրբեջանի քաղաքական էլիտայի գիտակցության մեջ այլեւս չկա ԼՂ հարց: Նրանք այդ հարցը մեծ հաշվով լուծված են համարում այն պահից, երբ Ռ. Քոչարյանը բանակցային ֆորմատից փաստացի դուրս թողեց ԼՂՀ-ն: Հիմա բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը, եւ Ադրբեջանը ՀՀ-ի հետ բանակցություններում ուզում է լուծել ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի հարցը: Ադրբեջանին զբաղեցնում է Հայաստանի հարցը, որովհետեւ Ղարաբաղն ու ազատագրված տարածքները վերադարձնելու միակ ճանապարհը կազմալուծված Հայաստանն է: Եւ այս ֆոնին պատահական չէ, որ Իլհամ Ալիեւը վերջին շրջանում ավելի հաճախ խոսում է ոչ թե Աղդամի ու Ստեփանակերտի, այլ Երեւանի ու Սեւանի «ադրբեջանական լինելու» մասին: Ադրբեջանը ձգում է ժամանակը, Ադրբեջանը ժամանակը ծառայեցնում է Հայաստանի քայքայման գործին, եւ այս հարցում ունի ուժեղ դաշնակից` ի դեմս Հայաստանը զավթած ավազակապետության:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.