> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՈՂՋ Է ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՌՈՂՋ

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՈՂՋ Է ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՌՈՂՋ

Բա իմացա՞ք ինչ է եղել: Ուրեմն ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին սուր հարց է տվել, եւ Ս. Սարգսյանի թիկնազորը ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկել: Զարուհի Փոստանջյանը ողջ է, եւ որոշ, դեռեւս չճշտված տեղեկությունների համաձայն, նույնիսկ առողջ: Ահա այսպիսի զարգացած եւ ժողովրդավարական երկիր է Հայաստանի Հանրապետությունը:

Եթե քարոզչականից սովորական, մարդկային լեզվով թարգմանենք այն, ինչ երեկ հնչում էր Հայաստանի հեռուստաեթերից ԵԽԽՎ-ում Փոստանջյան-Սարգսյան հարցուպատասխանի կապակցությամբ, կստացվի հենց վերը նշվածը: Այսինքն, հայրենի հեռուստատեսությունները մոտավորապես այնպիսի տոնախմբություն էին կազմակերպել, կարծես մարդակեր լինելու մեջ կասկածվող ինչ-որ մեկի առաջ մարդու մսից խաշլամա են դրել, ու նա հրաժարվել է դա ուտել: Եզրակացություն են արել, թե ուրեմն մարդակեր չէ, ցիվիլ, կրթված, պուպուշ տղայա: Իսկ գուցե պարզապես սովա՞ծ չի, իսկ գուցե վքնա՞ծ է եւ կերածը դեռ չի՞ հասցրել մարսել, մտավախություն ունի, որ չի էլ կարողանալո՞ւ մարսել, դրա համար խաշլամայի նորանոր կտորներ կլլելուց հրաժարվում է առայժմ: Առայժմ: Համ էլ` տեղը տեղ չի:

Նկատի ունեմ, եթե Փոստանջյան-Սարգսյան հարցուպատասխանը նշանակեր այն, ինչ իշխանական քարոզչամիջոցները փորձում են ներկայացնել, այդ հարցի վրա այդպես կենտրոնանալու կարիք չէր լինի ընդհանրապես: Դուք պատկերացնու՞մ եք այդպիսի հաղորդագրություն, այդպիսի շեշտադրում որեւէ իրապես ժողովրդավարական երկրում: Չգնանք շատ արեւմուտք, եւ վերցնենք թեկուզ մեր նախկին բախտակից մերձբալթյան երկրները. «Նախագահ Վիտաուսկասը առանց ատելության ակնհայտ դրսեւորումների պատասխանել է պատգամավոր Լակոնիսի հարցին: Զոհեր եւ տուժածներ չկան»: Նորմալ երկրներում այսօրինակ հարցերի նկատմամբ այդօրինակ ուշադրությունը նույնիսկ հումորային ժանրում բացառված է: Իսկ մեզ մոտ այս թեմային նվիրվում են տեւական ռեպորտաժներ, վերլուծագանգերը հատուկ հաղորդումներ են պատրաստում այս մասին, եւ այսպես ահա, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, մի քանի ռեպորտաժների միջոցով Հայաստանը դառնում է մի այնպիսի երկիր, որի մասին այսքան քրտնաջանորեն երազում է Քոչարյանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Առեւերույթ, ընդամենը առերեւույթ հանդուրժող, առերեւույթ ժողովրդավարական, առերեւույթ քաղաքակիրթ Հայաստանն է Օսկանյանի երազած Հայաստանը, եւ դրա մասին նա հայտարարեց հրապարակային: Սերժ Սարգսյանից երեք օր պահանջվեց այդ երազանքը կյանքի կոչելու, իրականություն դարձնելու համար:

Եկեք հրաժարվենք այս լյալյա-լյուլյայից եւ լուրջ խոսենք ժողովրդավարության մասին. ժամանակակից տեսաբանները միաբերան պնդում են, ժողովրդավարությունը առաջին հերթին, իր հիմնական իմաստով` առանց բռնության իշխանության փոփոխության հնարավորությունն է: Ու եթե Սերժ Սարգսյանը կատեգորիկ տոնով հայտարարում է, որ ինքը չի պատրաստվում, չի դիտարկում, չի քննարկում իր եւ իր շքախմբի հեռանալու տարբերակը, նշանակում է` նա բացառում է խաղաղ իշխանափոխության հնարավորությունը: Նշանակում է, Հայաստանում չկա ժողովրդավարություն, այսինքն` առանց բռնության իշխանություն փոխելու հնարավորություն: Հիշու՞մ եք 2007 թվականին Հայաստանում ստեղծված վիճակը. հանրային հուսահատության ֆոնին վարչախումբը անց էր կացրել խայտառակ խորհրդարանական ընտրություններ, որը եվրոյոնջաների բարձր գնահատանքին արժանացավ, որովհետեւ հանրությունը դիմադրելու ուժ չուներ: Տոն էր, տոն էր մկստան: ՀՀԿ-ն սալյուտ էր խփում «իր տարած հաղթանակի կապակցությամբ», արդեն գծել վերջացրել էին նախագահական ընտրությունների սցենարը, հանդուրժողականության եւ կայուն զարգացման մասին էին խոսում, ասում էին, թե վերջ` Հայաստանը հասել է իր մուրազին: Հետո առերեւույթը պայթեց գլխներին ու մինչեւ հիմա մնացել է կոկորդները: Փոխանակ էս մասին մտածեն, տոն են սարքել եթերում եւ ամենուր. «Սերժ Սարգսյանը պատասխանել է Զարուհի Փոստանջյանի հարցին. զոհեր եւ վիրավորներ չկան»:

Հ.Գ. Ստրասբուրգյան ելույթում Սերժ Սարգսյանը խոսքի ազատության նվաճում համարեց զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը: Առաջընթացը ո՞րն է. ա՞յն, որ Քրեական օրենսգրքի «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հոդվածները լրատվամիջոց փակելու շանս չէին տալիս իշխանությանը, իսկ քաղաքացիական օրենսգրքի նույն հոդվածները այդ շանսը տալի՞ս են: Թե՞ որ քյաշ փողի ճգնաժամի այս տարիներին թալանչիները շանս են ստանում լրատվամիջոցների կոպեկ-կոպեկ աշխատած գումարները նույնպես գրպանել: Սիրեմ առաջընթացդ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.