ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋ
Երեկ 2011 թվականի հունիսի 22-ն էր, ու երեկ էլ Հայաստանում իշխանափոխություն-հեղափոխություն տեղի չունեցավ: Սա` ի հեճուկս այն բանի, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է իշխանափոխություն-հեղափոխություն: Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը ցանկանում է իշխանափոխություն-հեղափոխություն, բայց տարիներ շարունակ ամեն օր իշխանափոխություն-հեղափոխությունը տեղի չի ունենում: Երեկ այդպիսի օրերից մեկն էր: Մինչդեռ ընդդիմությունը տարիներ շարունակ խոստանում է իշխանափոխություն-հեղափոխություն: Երեկ էլ իշխանափոխություն-հեղափոխություն տեղի չունեցավ, ուրեմն ընդդիմությունը ասում է, բայց չի անում: Էլի չեղավ իշխանափոխություն-հեղափոխություն: Չի լինում…
Քաղաքական իրավիճակի վերը շարադրված ընկալումը բավականաչափ տարածված է Հայաստանում, եւ կան մարդիկ, ովքեր հեղափոխությունն ընկալում են որպես առանձին վերցրած օրվա առանձին վերցրած ժամին տեղի ունեցող առանձին իրադարձություն: Նման ընկալման պատճառներն ու աղբյուրները հասկանալի են: Հիմնականում Սովետական Միությունից սերած Հայաստանի քաղաքացու գիտակցության մեջ ամրագրվել է, որ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը տեղի է ունեցել 1917 թվականի հոկտեմբերի 25-ին, Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը տեղի է ունեցել 1789 թվականի հուլիսի 14-ին: Այս տրամաբանությամբ, շատերի գիտակցության մեջ հեղափոխությունը դարձել է առանձին վերցրած մի օր:
Ըստ այդմ` Հայաստանում քաղաքացիների մի բազմություն կա, ովքեր ամեն օր օրացույցի հերթական թերթիկը պոկելիս սպասում են, թե կոնկրետ այդ օրը տեղի կունենա՞ իշխանափոխություն-հեղափոխություն, թե՞ ոչ: Այս սպասումը հասկանալի է եւ տրամաբանական: Բայց եթե վերադառնանք պատմական զուգահեռներին, որոնք տվյալ դեպքում, իհարկե, սիմվոլիկ են, պետք է ասենք, որ 1917 թվականի հոկտեմբերի 25-ին Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը ոչ թե տեղի է ունեցել, այլ սկսվել է, 1789 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը ոչ թե տեղի է ունեցել, այլ սկսվել է, ավարտվել է 1894 թվականին: Այս թվերը իրականում սիմվոլիկ են, որովհետեւ հեղափոխությունները կոնկրետ սկիզբ եւ կոնկրետ ավարտ, որպես այդպիսին, չեն ունենում: Անգլիական բուրժուական հեղափոխությունն, օրինակ, ոչ սկզբի, ոչ ավարտի ամսաթիվ չունի:
Պատմագիտության մեջ շատ հազվադեպ են նման թվագրումներ օգտագործվում` կոնկրետ Անգլիական հեղափոխության կապակցությամբ: Բայց նման հեղափոխություն տեղի ունեցել է, եւ սա ավելի քան պատմական փաստ է: Այս ամենը ասում եմ` կրկնելու համար նախկինում արտահայտած մի միտք, այն մասին, որ հեղափոխությունը իրադարձություն չէ, հեղափոխությունը գործընթաց է: Հետագայում, իհարկե, հեղափոխությունները հիշում են այդ երկարատեւ գործընթացում տեղի ունեցած այս կամ այն հիշարժան իրադարձությամբ` Ձմեռային պալատի գրավում, Բաստիլի գրավում եւ այլն: Բայց հասկանալի է, որ Ձմեռային պալատի կամ Բաստիլի գրավմամբ հեղափոխությունները ոչ սկսվում են, ոչ ավարտվում: Կամ, ավելի ճիշտ, սկսվում են շատ ավելի վաղ եւ ավարտվում են շատ ավելի ուշ: Սա ուղղակի գիտական ճշմարտություն է: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությանն, օրինակ, նախորդել են քաղաքական բազմապիսի իրադարձություններ, որոնք տեւել են տարիներ: Եղել են ձերբակալություններ, աքսոր, բանտարկություններ, ընդհատակյա գործունեություն, նոր ձերբակալություններ, նոր աքսորներ` եւ այլն, եւ այսպես շարունակ: Եւ` հայտնի կարգախոսը. վերեւները չեն կարող, ներքեւները չեն ուզում:
Այս երկարատեւ էքսկուրսը անում եմ` ցույց տալու համար, որ Հայաստանում հեղափոխություն-իշխանափոխության գործընթացը վաղուց սկսված է, իսկ թե կոնկրետ երբ կավարտվի, անձամբ ինձ համար էական չէ, որովհետեւ խոստացել եմ, ուխտել եմ, որ այդ նպատակի համար պիտի պայքարեմ մինչեւ վերջ: Մինչեւ վերջ` չի նշանակում մինչեւ հունիսի կամ օգոստոսի վերջ, մինչեւ վերջ` նշանակում է այնքան, որքան հարկավոր է խնդիրը լուծելու համար:
Հաջորդ տարածված հարցը. հունիսի 30-ի հանրահավաքին մի բան կլինի՞: Նկատի ունեն` իշխանափոխություն կլինի՞: Պատասխանում եմ ուղիղ. եթե այդ օրը հանրահավաքի գա 700 հազար եւ ավելի մարդ, այո, այդ օրը Հայաստանում կլինի իշխանափոխություն-հեղափոխություն: Եթե 400-ից 500 հազար մարդ գա, մեկ ամսվա ընթացքում կլինի իշխանափոխություն: Եթե 250 հազար մարդ գա, երեք ամսվա ընթացքում կլինի իշխանափոխություն-հեղափոխություն: Եթե պակաս մարդ գա, ոչ թե հեղափոխություն-իշխանափոխություն կլինի, այլ կլինի նոր հանրահավաքի անհրաժեշտություն: Ու մենք այդ նոր հանրահավաքները անելու ենք այնքան ժամանակ, մինչեւ հավաքվի մեկ միլիոն մարդ եւ բարձրաձայնի իշխանափոխության իր պահանջը, քաղաքական, քաղաքացիական պահանջը: Շատերը համաձայն չեն այս մարտավարության հետ: Համաձայն չեն` թող մնան-ապրեն սերժանտական Հայաստանում: Մենք համաձայն չենք սերժանտական Հայաստանի խեղճ-հնազանդ քաղաքացու կարգավիճակի հետ, մենք համաձայն չենք Հայաստանի սերժանտական կարգավիճակի հետ: Մենք Հայաստանն ազատելու ենք սերժանտական երկրի կարգավիճակից ու հանուն սրա պայքարելու ենք մինչեւ վերջ: Այսինքն` ինչքան պետք է:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














2008i petrvarin azatutyan hraparakum mot kes milion mard kar inch ardyunq tvec da?
Գագո ջան էտ քո ասած ժամանակ կես միլիոն մարդ չկար,էտ կես միլիոնը պետքա հավաքվի ու կանգին,ու ոչ թե գա լսի ու գնա տուն, այ էտ ժամանակ արդյունք կլինի,ամեն օր ժանը 6-ին հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ,որ գաք արդյունքը ավելի շուտ կլինի.