> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՐՑՐԵՔ ՄՈՒԲԱՐԱՔԻՆ ԿԱՄ ԲԵՆ ԱԼԻԻՆ

ՀԱՐՑՐԵՔ ՄՈՒԲԱՐԱՔԻՆ ԿԱՄ ԲԵՆ ԱԼԻԻՆ

tunis7-235x176Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու հարցին Սերժ Սարգսյանի անդրադարձը ուրվագծում է պատկերացումների այն տարբերությունը, որ գործընթացի վերաբերյալ ունեն ընդդիմությունն ու իշխանությունը:

Դա արտահայտվում է հարցը գործնականացնելուն ուղղված` կողմերի ձեռնարկած քայլերի տրամաբանությամբ: Ընդդիմությունը նշանակել է պատվիրակություն, հրապարակել կազմը, իսկ իշխանությունը, պատվիրակներ նշանակելով` նրանց դեռեւս չի անվանում պատվիրակություն:

Մյուս կողմից, Ս. Սարգսյանը ընդունում է, որ երկխոսության գործընթացում կա երկու կողմ: Ըստ այդմ` կողմերից մեկը Հայ ազգային կոնգրեսն է, մյուսը` կոալիցիոն իշխանությունը: Սարգսյանը ընդունում է, որ կողմերը պետք է երկխոսեն, բայց չի ընդունում, որ պետք է բանակցեն: Ի՞նչ է ուրեմն թաքնված գործնական եւ տերմինաբանական այս մանյովրների հետեւում:

Ընդդիմության համար երկխոսությունը ներքաղաքական օրակարգի ամենահրատապ հարցերին լուծում տալու միջոց է: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները իրենց ելույթներում հստակ ընդգծել են, որ ներքաղաքական պրոցեսների հետմարտիմեկյան տրամաբանությունը տանում է եգիպտական եւ թունիսական սցենարների: Ընդդիմությունը իշխանությանը երկխոսություն առաջարկելով, ըստ էության նրան կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը, եւ այն խնդիրը, որը, այսպես թե այնպես, ուշադրություն դարձրեք` այսպես թե այնպես լուծվելու է, լուծել ոչ թե թունիսական կամ եգիպտական կամ ղրղըզական տարբերակով, այլ երկխոսության միջոցով համաձայնության գալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետների շուրջ: Իշխանությանը, հասկանալիորեն, նման առաջարկը ոչ ձեռնտու է թվում, իր համար ոչ արժանապատիվ:
Բայց, պարոնայք իշխանավորներ, եթե, օրինակ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կամ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին հարցնեք, համոզված եղեք, նրանք ձեզ խորհուրդ կտան միանշանակորեն կառչել ընդդիմության առաջարկից: Բեն Ալին եւ Մուբարաքը ցավով կարձանագրեն, որ իրենք կամ չեն ունեցել երկխոսությամբ իշխանությունից հեռանալու հնարավորություն, կամ չեն օգտվել դրանից:

Հայաստանի իշխանական որոշ ներկայացուցիչներ կարող են հակադարձել, թե թունիսական եւ եգիպտական տարբերակները անվտանգ չեն նաեւ ընդդիմության համար: Է հա, անվտանգ չեն, բայց եթե նկատել եք, մենք` ընդդիմադիրներս, խորապես արհամարհած ունենք այդ հանգամանքը: Նոր մարտի 1 պիտի անեք եւ նորից կոտորե՞ք մեզ: Նախ` չեք կարող այլեւս, եւ հետո` մեզնից որեւէ մեկի կյանքն ավելի թանկ չէ, քան Տիգրան Խաչատրյանինը, կամ Գոռ Քլոյանինը, կամ Տիգրան Աբգարյանինը, կամ մարտի 1-ի զոհերից որեւէ մեկինը: Պիտի նորից մեզ բանտե՞րը լցնեք: Լոպպազություն չդիտվի, բայց դա նույնպես խորապես արհամարհած ունենք, որովհետեւ մեզ սպանելով, մեզ բանտերը լցնելով` դուք հարց չեք լուծում, ընդամենը ժամանակ եք ձգում, բայց ձեր ժամանակն էլ անվերջ չէ:

Մուբարաքը 30 տարի ձգեց, ու արդեն պլանավորում էր, թե որ թոռանից ծնված որ ծոռան թոռն է լինելու Եգիպտոսի հաջորդի, հաջորդի, հաջորդի, հաջորդի հաջորդ նախագահը: Ու հիմա որտե՞ղ է նա… Ինչ խոսք, 30 տարում բազմաթիվ ընդդիմադիր գործիչների եւ քաղաքացիների գլուխ է կերել, բազմաթիվ այլոց փտացրել է բանտերում, բայց դրանով միայն իրեն ու իր ժառանգներին սպասող հատուցումն է ծանրացրել: Մտածեք այս մասին, կամ մի էլ մտածեք, եթե չեք ուզում: Մենք կմտածենք նաեւ ձեր փոխարեն:

Հ.Գ. Որպեսզի նաեւ ֆորմալ առումով նյութս տրամաբանական ավարտին հասցնեմ, թույլ տվեք ձեւակերպել տվյալ խմբագրականի թեզերը: Ահա, ուրեմն` երկխոսությունը ընդդիմության համար կոնկրետ, տվյալ դեպքում` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը լուծելու միջոց է: Դրա համար էլ ընդդիմությունը նշանակում է կոնկրետ պատվիրակություն, ասում է երկխոսություն, նաեւ բանակցություն, այսինքն` երկխոսություն խիստ կոնկրետ եւ գործնական հարցերի շուրջ: Իշխանության համար երկխոսությունը հարցերը լղոզելու, ցրելու, ձգելու, միջազգային հանրության առաջ թատրոններ խաղալու, կոնկրետ հարցերի կոնկրետ քննարկումներից եւ լուծումներից խուսափելու միջոց է, դրա համար էլ իշխանությունը հստակ պատվիրակություն չի կազմում, ասում է երկխոսություն, բայց չի ասում բանակցություն: Ավելին` անընդունելի է համարում «բանակցություն» եզրույթը: Իշխանությունը նաեւ հույս ունի, որ ձգձգելու, ցրելու այս գործընթացում իր կողմից տարածվող բամբասանքները, թե Կոնգրեսը ԱԺ տեղերի առեւտուր է անում, կկազմալուծեն ընդդիմության շարքերը: Հասկացանք. բայց ցրելով, ձգելով, բանսարկությամբ երկրում առկա պրոբլեմները ոչ միայն չեն լուծվում, այլեւ ավելի են ահագնանում: Իսկ սա նշանակում է, որ եթե նույնիսկ իշխանությունը հասնի իր մուրազին եւ կարողանա թուլացնել Կոնգրեսին (ինչն անհնար է), պրոցեսները Հայաստանում կընթանան մի այնպիսի խելագար սցենարով, որ Թունիսն ու Եգիպտոսը ղալաթ արած կլինեն Հայաստանի առաջ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Гаго
    Հունիս 21st, 2011 at 12:24 | #1

    ay Nikol jan menak asum eq,eluytner eq unenum,bayc ardyunq chka haskaceq vor joxovurdn hiastapvum u paxchuma hayastanic,u hastat es temperov ishxanapoxutyun texi chi unena,ayl texi kunena hayataputyun….

  2. Հունիս 21st, 2011 at 19:01 | #2

    APRES NIKOL JAN, YERBEQ CHEDAVAJANES QO GAXAPHARIN

  3. LEVON
    Հունիս 21st, 2011 at 21:18 | #3

    1+1+1+1+1+1+1+1

  4. MM
    Հունիս 21st, 2011 at 21:43 | #4

    Nikol jan, enqan matcheli uparz camum dnum es beranner@… esqanic heto yete chhaskacan uremn …TUNISILTENQ!(akanj@ kanchi Samson Xachatryani!) Bayc, karcum em, serjikn @ndamen@ jamanak@ dzgum e minchev Kazan. Pridet jena i on skajet svoyo mujskoe slovo!

  1. No trackbacks yet.